Օր առաջ պետք է համաներում հայտարարել. փաստաբան
 
Քրեակատարողական հիմնարկներում հերթական անգամ լուրեր են տարածվել սպասվելիք համաներման մասին: Թավշյա հեղափոխությունից հետո դատապարտյալները և նրանց հարազատները համաներման պահանջ են ներկայացնում` նամակների և տարբեր ակցիաների միջոցով: Համաներման անհրաժեշտության մասին են խոսել նաև իրավապաշտպան կառույցները:
 
 Թեմայի շուրջ Primenews.am-ի թղթակիցը զրուցեց փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ:
 
 «Համաներումը ինձ համար երկու մասի է բաժանվում` հանրային անհրաժեշտություն և անձնական անհրաժեշտություն: Ես հանրային պաշտպան եմ և ցանկանում եմ սկսել երկրորդից` եթե համաներում չհայտարարվի, ապա չափազանց խառնիճաղանջ իրավիճակ է ստեղծվում, որովհետև ունենք բազմաթիվ գործեր, որոնք օր առաջ սպասում են համաներման: Այն գործերը, որոնց վրա կարող է համաներում տարածվել մեր հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքի առյուծի բաժինն է և եթե լինի, ապա մեր բեռն էլ կթոթափվի Համաներման բացակայության պայմաններում մենք գրեթե ամեն օր դատապարտյալների բողոքների քննության ենք մասնակցում: Շատերը դիմում են վաղաժամկետ ազատման համար և անընդհատ դիմումներ են գալիս հանրային պաշտպանի գրասենյակ:
 
 Հանրային տեսանկյունից պետք է փաստեմ, որ իշխանափոխությունը կայացել է և համաներում դարձել է հանրային պահանջ, որի որոշումը պետք է օր առաջ կայացվի, որովհետև արդարադատության կարևորագույն սկզբունքներից մեկը` մարդասիրությունն է: Բազմաթիվ դատապարտյալներ կան, ովքեր քրեակատարողական հիմնարկներում հաստատ չեն ուղղվել, քանի որ մեր ՔԿՀ-ները անմխիթար վիճակում են: Այդ մարդիկ ինչքան վաղ դուրս գան ՔԿՀ-ներից, այնքան հեշտ կվերինտեգրվեն հասարակությանը և մարդասիրական սկզբունքից դրդված ավելի շուտ կուղղվեն:Իրավաբաններս օր առաջ ակնկալում են համանեման հայտարարում: Մեծ հույս ունենք, որ ՀՀ վարչապետը Անկախության տոնի առիթով համաներում կհայտարարի»,-մանրամասնեց փաստաբանը:
 
 Նշենք, որ շրջանառվում են խոսակցություններ, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկայում կարող է դիմել խորհրդարան համաներում հայտարարելու առաջարկությամբ: Համաներումը կարող է նվիրված լինել Հայաստանի անկախության տոնին:
 
 Հայաստանում վերջին անգամ համաներում է հայտարարվել 2013թ., և չնայած ազատազրկման մեջ գտնվողների ու նրանց հարազատների բոլոր սպասումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարեր նաև 2015թ. Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, համաներում այդպես էլ չեղավ»: 
 
 
 Հեղինակը՝ Լուսին Ղազարյան