Քոչարյանը ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցության հիմնադիրն է, եթե ինչ-որ մեկը դրան դեմ է՝ ուղիղ ասեք. Կոլերով
 
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է REGNUM գործակալության գլխավոր խմբագիր, ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը։
 
 
-Պարոն Կոլերով, սեպտեմբերի 8-ին Մոսկվայում սպասվում է Փաշինյան-Պուտին հանդիպում։ Կրեմլից հնչող հայտարարությունների ֆոնին ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպման փաստը, և ի՞նչ զարգացումներ կարող ենք ակնկալել։
 
–Դա շատ սկզբունքային հանդիպում է լինելու, շատ ավելի կարևոր, քան դրան նախորդողները։ Այդ հանդիպումից կախված է լինելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը։ Հասկանալի է, որ երկկողմ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի հետ կապ չունեն, և առաջին պլանում, իհարկե, Հայաստանի և Ռուսաստանի ռազմական ու տնտեսական համագործակցության վերաբերյալ սկզբունքային հարցերն են։
 
-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի ներքին խնդիրներից կախվա՞ծ է արդյոք թե՛ ռազմական և թե՛ տնտեսական համագործակցության հեռանկարը։
 
-Ես կարծում եմ, որ համագործակցությունը կախված է Փաշինյանի կառավարության գործողություններից՝ Ռուսաստանի և նրա հետաքրքրությունների հետ կապված։ Կարծում եմ, որ Հայաստանի ներքին հարցերը Ռուսաստանին չեն վերաբերում, իսկ այնտեղ, որտեղ գործը վերաբերում է նաև Ռուսաստանին՝ իհարկե իր ազդեցությունը թողնում է։ Ձևացնել, թե գիշերային խուզարկումը Հարավկովկասյան երկաթուղիներում՝ Հայաստանի ներքին խնդիրն է, չի կարելի։ Դա Հայաստանի ներքին խնդիրը չէ։
 
-Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ է Մոսկվային այդքան հետաքրքրում, և ինչո՞ւ է նրան պարբերաբար անդրադառնում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
 
–Քոչարյանի մասով ամեն ինչ ասված է։ Քոչարյանը փաստացի Ռուսաստանի և Հայաստանի ռազմական համագործակցության հիմնադիրն է։ Ռուսաստանը հստակ հայտարարել է իր դիրքորոշումը՝ համարելով, որ Քոչարյանին նման մեղադրանք առաջադրելը աբսուրդ է։ Նման մեղադրանքը ուղղակիորեն հարվածում է ռազմաքաղաքական համագործակցության հիմքերին։
 
-Ինչո՞ւ է աբսուրդ, եթե 10 տարի առաջ նա է եղել երկրի ղեկավարը մարտիմեկյան ողբերգական իրադարձությունների ժամանակ, երբ…
 
–Աբսուրդ է, որովհետև հակասում է Սահմանադրության նորմերին։ Սահմանադրության համաձայն՝ այն մեղադրանքը, որ առաջադրված է Քոչարյանին, չի հանդիսանում պետական հեղաշրջման ակտ։ Կարդացեք ՀՀ Սահմանադրությունը։
 
–Մոսկվայում ի՞նչ ակնկալիք կա Փաշինյան-Պուտին հանդիպումից։
 
-Այդ հանդիպման նախաձեռնողը Մոսկվան չէր, այդ հանդիպման նախաձեռնողը Նիկոլ Փաշինյանն էր։ Այդ պատճառով նրան է պետք հարցնել, թե ինչ է նա սպասում։ Այստեղ ներսից երևում է երկկողմ հարաբերությունների հիմնական խնդիրը։ Կարող եմ նկարագրել այսպես․նոր իշխանության մի շարք գործողություններ հակասում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ու Մոսկվայում այդ թեմայի շուրջ հարցեր ունեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը կփոխի այդ պատկերը, ապա լավ։ Թե չէ ստացվում է, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին պետք է՝ ըստ Փաշինյանի, իսկ հետո նրան հերքում է արտաքին գործերի նախարար Մնացականյանը և դրա համար ոչ ոք պատժված չէ, Նիկոլ Փաշինյանը դրա հետ համաձայնվում է։ Մոսկվայում առաջանում է կոնկրետ հարց՝ ով է ավելի կարևոր, ով է ավելի առաջնային, ո՞ւմ հայտարարությունները պետք է ընդունենք ի գիտություն՝ Փաշինյանի՞, թե՞ Մնացականյանի։ Եվ մի շարք այլ հարցեր ունի Մոսկվան։
 
-Այդ թվում՝ Քոչարյանի՞ հետ կապված։
 
-Քոչարյանը ռազմաքաղաքական համագործակցության հիմնադիրն է, ուստի դա միայն Հայաստանի ներքին խնդիր չէ։ Երկրորդ՝ ակնհայտ է, որ նրան առաջադրված մեղադրանքը աբսուրդ է։ Հետևաբար` մենք կարծում ենք, որ նրան հետապնդում են ոչ թե այդ մեղադրանքով, այլ կա քաղաքական ենթատեքստ։ Իսկ եթե ռազմաքաղաքական հարաբերությունների հիմնադիրը քաղաքական հետապնդման է ենթարկվում, ապա ինչ-որ մեկը դեմ է այդ համագործակցությանը։ Իսկ եթե դեմ եք, ուղիղ ասեք, մենք էլ հետևություններ կանենք։
 
-Մոսկվան չի ուզում արտահանձնել նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որն ամենևին էլ անձեռնմխելի չէ, ինչո՞ւ։
 
–Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական դասի մինիմում կեսը ունեն երկքաղաքացիություն, եթե ոչ ռուսական, ապա ֆրանսիական կամ ամերիկյան։ Դուք հիշում եք, որ երկրորդ քաղաքացիության հարցը դրված էր նաև ՀՀ ներկայիս նախագահի հետ կապված և այդ հարցը այդպես էլ հրապարակային լուծում չստացավ, ուստի երկքաղաքացիության հարցը պետք է սկսել ՀՀ նախագահից։
Հեղինակ՝ Մարիամ Գրիգորյան