Ինչո՞ւ է աղմկում Հովիկ Աբրահամյանը․ քրեական գործ նախկին վարչապետի դեմ
 
Հովիկ Աբրահամյանն այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իրեն ներկայացնելով քաղաքական հալածյալի կարգավիճակում։ «․․․Խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում և նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղաթայական խեղաթյուրման թիրախը ես էի: Թերևս դա է պատճառը, որ առ այսօր հրապարակված չեն փորձաքննության արդյունքները: 2018թ. սեպտեմբերի 4-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում քննադատեցի ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա` հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում ստացա՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին: ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրին՝ երկրից չհեռանալու մասին: Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն․․․
 
Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու», – գրել է Հովիկ Աբրահամյանը:
 
Ավելորդ է ասել, որ նախկին վարչապետը գլխիվայր շուռ է տվել փաստերը՝ տպավորություն ստեղծելով, թե քրեական հետապնդման է ենթարկվում tert.am-ին տված հարցազրույցի համար։ Իրականությունն այն է, որ, այսպես կոչված, «Ավազահատիկի» գործն արդեն ընթացքի մեջ էր, երբ նախկին վարչապետը հանդես եկավ հրապարակային խոսքով, ընդ որում՝ այդ հարցազրույցն ավելի շատ հրապարակախոսական խոհափիլիսոփայական մենախոսություն էր, քան՝ ընդդիմադիր հայացք։ Համենայն դեպս, Աբրահամյանի հիշատակած հարցազրույցում չկային ընդդիմադիր հստակ շեշտադրումներ կամ գլոբալ քննադատություն իշխանությունների հասցեին։
 
Այդ հարցազրույցով Աբրահամյանն ավելի շուտ ուղերձ էր հասցեագրում իշխանություններին, որ ինքը, մեծ հաշվով, «անշառ» կերպար է, որը գեղարվեստական ձևակերպումները գերադասում է քաղաքական խոսքին։
 
Քաղաքական հայտարարություն Աբրահամյանն արել է այսօր, երբ արդեն նրան պաշտոնական մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և 310-րդ հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը հատկանիշներով։ Այլ խոսքով՝ Աբրահամյանն օգտագործել է իր պաշտոնական դիրքը՝ ընդդիմադիր գործարարից բիզնեսը խլելու նպատակով։
 
Կարծում ենք՝ Հայաստանում որևէ մեկը չի կասկածում, որ քրեաօլիգարխիայի «կուռատոր» համարվող նախկին վարչապետը կարող էր նման արարք գործել՝ հատկապես, որ նախկին համակարգի իշխանության քսան տարիները լեցուն են այդօրինակ բազմաթիվ օրինակներով։ Հովիկ Աբրահամյանն ու նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչները կարող են հետապնդվել ապօրինի հարստացման բազմաթիվ դրվագներով, որոնք ուղեկցվել են ուրիշի բիզնեսը խլելու, այլոց ունեզրկելու տասնյակ, հարյուրավոր փաստերով։
 
Որևէ մեկը չի կասկածում նաև, որ Հովիկ Աբրահամյանը, մեղմ ասած, ստում է, ու նրան են պատկանում նաև Մխչյանի մեխանիկական գործարանն ու այնտեղ հայտնաբերված մեծաքանակ զենք-զինամթերքը։ Եթե նախկին վարչապետի «սուխոյ ատկազ»-ի հետևանքով ազատազրկվեց նրա եղբայրը, չի նշանակում, թե հասարակությունը պետք է տուրք տա Հովիկ Աբրահամյանի, այսպես կոչված, քրեական մտածողությանը։
 
Այլ խնդիր է, թե ինչքանով հայտնաբերված զենքը կապ ունի Մարտի 1-ի հետ։ Փորձաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն այս դեպքում ևս կարծում ենք՝ շահարկումների տեղիք է տվել ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի անհարկի ցուցադրականությունը, այսպես կոչված՝ «մասկի շոուն»։ Ապօրինի զենք-զինամթերքի առկայությունն արդեն քրեորեն հետապնդելի արարք էր ու բավարար հիմք, որպեսզի քրեական գործ հարցուցվեր այն պահողի կամ պահողների դեմ ու ամենևին պետք չէր՝ մինչև փորձաքննությունը, հայտարարել հայտնաբերված զենքի մարտիմեկյան հնարավոր հետքի մասին։ Եթե այդ վարկածը չհաստատվի, ակամայից լեգիտիմություն է ստանում Աբրահամյանի պնդումը, թե ինքը թիրախավորվում է քաղաքական նպատակներով, եթե նույնիսկ նա միանգամայն օրկնական հիմքերով մեղադրվում է մի շարք քրեական գործերով։
 
Ի դեպ, մարտի 1-ի գործով երեկ Հովիկ Աբրահմյանին աջակցել է նրա խնամի Գագիկ Ծառուկյանը։ Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ես ինչպես ասացի, թող Ծառուկյանին գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Աբրահամյանն էլ պատրաստ է, որ իրեն հրապարակում գնդակահարեն․ երեկ լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի իր արձագանքը, եթե պարզվի, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կապ ունի Մարտի 1-ի հետ: «Մարդկանց շանտաժի ենթարկել չի կարելի: ՀՔԾ-ն ասել է՝ զենքերը ստուգում են, հիմա երբ կստուգեն, պատասխանը կստանաք, այն ժամանակ էլ ասեք: Այդ հարցերը քննչական մարմիններին տվեք»,-ասել է Ծառուկյանը:
 
Իհարկե, միամիտ կլինի, եթե Ծառուկյանի աջակցությունը վերագրենք միայն նրա ու Հովիկ Աբրահամյանի խնամիական հարաբերություններին։ Ի վերջո, այդ գործոնը Աբրահամյանին չխանգարեց, որ նա 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանին հրապարակավ հավաստիացնի, որ պատրաստ է «բամփել» Ծառուկյանի գլխին։ Այստեղ ավելի շատ գործ ունենք, այսպես կոչված, կորպորատիվ համերաշխության հետ․ թե Ծառուկյանի, և թե Աբրահամյանի անունները նշված են Փաստահավաք խմբի զեկույցում տեղ գտած ինը օլիգարխների ցանկում, որոնց բանդաները մասնակցել են Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններին։ Ծառուկյանը կտրականապես հերքում է իր մասնակցությունը Մարտի 1-ի իրադարձություններին՝ ասելով, թե այդ հանցագործության հետ կապ ունեցողներին պետք է գնդակահարել հրապարակում։ Հիմա նա հերքում է հնչեցնում նաև Հովիկ Աբրահամյանի մասով՝ թերևս գիտակցելով, որ ինը օլիգարխներից ցանկացածի մասով գործի ակտիվացումը շղթայական ռեակցիայով կարող է տարածվել մյուսների, նաև՝ իր վրա։
 
Այս պարագայում՝ Գագիկ Ծառուկյանն ավելի շատ պաշտպանում է իրեն, քան՝ Հովիկ Աբրահամյանին, սակայն այնպես չէ, որ Մարտի 1-ի հարցում Ծառուկյանի խոսքը բացարձակ ճշմարտություն է ու կարծում ենք՝ առաջիկայում նախաքննության մարմինը դեռ հանգամանլից կանդրադռնա արյունոտ իրադարձությունների ու օլիգարխների բանդաների առնչությանը՝ տալով բոլոր հարցերի պատասխանները։
 
Մյուս կողմից՝ Գագիկ Ծառուկյանը Մարտի 1-ից իրեն սահմանազատում է՝ հստակ տարանջատվելով Ռոբերտ Քոչարյանից, պատարա՞ստ է երկրորդ նախագահի մասով նման հստակ գնահատական հայտնել Հովիկ Աբրահամյանը, թե՞ նա դեռ երկար է խորհելու՝ որ ճամբարում կազմակերպել իր պաշտպանությունը։
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի