«Լոռվա Միամտությունը, Երբեմն, Ինձ Շատ Է Խանգարում». Անահիտ Կիրակոսյանը Անկեղծանում Է
Հայտնի մարդկանց մասին Tert.am Life– ի բացահայտումները շարունակվում են: Այս անգամ «Հայտնիների անհայտ կողմերը»  խորագրում ներկայացնում ենք դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին:
 
Անահիտն իրեն շատ բարի մարդ է համարում և անկեղծանում՝ փոքր-ինչ միամիտ է, ինչը իրեն կյանքում, երբեմն, շատ է խանգարում: Հասկացել է՝ մարդկանց հեշտությամբ վստահել պետք չէ, կյանքի փորձն ու հիասթափութուններն են այդ եզրահանգմանը բերել:
 
-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
 
-Ինձ շատ բարի մարդ եմ համարում:
 
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ  թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։
 
-Կարծում եմ՝ վստահությունը: Միշտ պետք չէ վստահել: Լոռեցի եմ և Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում:
 
-Կա՞ մի բան, ինչից վախենում  եք, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։
 
-Բացի մահվանից, որևէ բանից ինձ թվում է՝ չեմ վախենում, այսինքն հարազատ մարդկանց կորստից: Դա իմ միակ վախն է:
 
-Ի՞նչ հատկությամբ  կուզեիք  օժտված լինել։
 
-Կցանկանայի այնպիսի ուժ ունենալ, որ բոլոր վատառողջ մարդկանց կարողանայի բուժել:
 

 
 
-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։
 
-Ինձ թվում է չկա մի մարդ, ով չի երազել թռնել: Կցանկանայի ճախրել, երբ դրա կարիքը լիներ:
 
-Ի՞նչն է Ձեզ  ամենից շատ բարկացնում  հասարակության, մարդկանց մեջ։
 
-Կեղծ լինելը: Մարդիկ շատ դժվար են կարողանում անկեղծ և ազնիվ լինել թե՛ զգացածի, թե՛ արտահայատածի մեջ, իսկ ես գնահատում եմ անկեղծությունը, որքան էլ դա ցավոտ լինի: Պետք է լինես ազնիվ ինքդ քո հետ և նաև դիմացինի հետ: Ցավոք, ըստ մասնագիտությանս կարողանում եմ միանագամից տարբերել, երբ է մարդը կեղծում, քանի որ խաղը միանգամից եմ զգում, բայց չեմ հերքում նաև, որ ավելի լավ դերասաններ կան կյանքում քան բեմում:
 

 
 
 
-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ  ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։
 
-Վերջերս շատ եմ երազում մենակ մնալ, քանի որ դա ինձ մոտ գրեթե չի ստացվում, բայց երբ մնում եմ, շատ եմ սիրում ինքս իմ մտքերի հետ խորհել և կիթառը վերցնել այդ պահին ու կսիվել կիթառի հետ: Մտքերս ավելի  շատ ապրած հույզերի և ներկայի հետ են կապված:-Ի՞նչը կարող  է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

 
 
 
-Անարդարությունը: Ընդհանրապես չեմ սիրում դա: Կապ չունի դա կլինի ամենափոքրիկ տարբերությունը աշխատանքի, ծնողական ժողովի թե փողոցում պատահած որևէ դեպքի ժամանակ, միևնույն է երբ զգում եմ, որ ինչ-որ մի բան անարադար է, ճիշտ չէ, դա ինձ կարող է հունից հանել, նյարդայնացնել: Ընդհանրապես, հեշտությամբ եմ հունից դուրս գալիս: Շատ էմոցիոնալ մարդ եմ, շատ արագ բռնկվող եմ բայց նաև շատ արագ հանդարտվում եմ: Երևի թե, դա կրկին գալիս է իմ հուզական աշխարհից: Ես որևէ բան չեմ կարող թաքցնել, եթե այդ պահին նյարդայնանում եմ, պետք է  բոլոր հույզերս դուրս հանեմ: Միանագմից կերևա, որ տրամադրություն չունեմ:
 
-Ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:
 
Հակասթրեսը երեխաներս են, հատկապես, այս պահին՝ փոքրս: Երեք ամսական է Մհերս և երբ նրան տեսնում եմ, արդեն ոչինչ ինձ չի կարող նյարդայնացնել: Այնքան խաղաղ է, որ ամբողջ էներգետիկայով ինձ հանդարտեցնում է:
 
-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է: 
 
-Ոչ, այդպիսի հատուկ իր չկա, ուղղակի «Նարեկ»-ն եմ շատ սիրում, բայց ամեն պահ և ամեն պարագայում այն չի կարող ինձ հետ լինել: Այդ գիրքը ինձ համար շատ մեծ նշանակություն ունի, համենայնդեպս, փորձում եմ թե՛ մեքենայի մեջ, թե դրսում  ինձ հետ լինի: Այն լիակարտար բուժիչ հատկություն ունի: Ես հավատով մարդ եմ և «Նարեկ»-ը աղոթքի նման օգնում է ինձ:
 
 

 
 
 
Հեղինակ՝ Անահիտ Հակոբյան