Ահա, թե ինչն է թանկացել և ինչն է թանկանալու առաջիկայում
 
Armlur.am-ը գրում է. Հայաստանում թանկացումների նոր ալիք է սկսվել: Այս մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Ընդ որում, թանկացել է ոչ միայն միրգը, բանջարեղենը, այլեւ կարագը, ալյուրը, մսամթերքը, ձուն եւ այլն: 
 
 Օրինակ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.7 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրա վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մսի` 2.4, մրգի` 3.3 եւ բանջարեղենի` 6.5 տոկոս թանկացումը: Նկատենք, որ օգոստոս ամսին միայն մրգի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 3.3 տոկոս: Թանկացել է նաեւ դեղձը, որի մեկ կիլոգրամը 450-500 դրամ է, նեկտարինի մեկ կգ-ն արժե 600-700 դրամ, իսկ ահա թզի մեկ կգ` 1800-2000 դրամ:
 
 Ի դեպ, հանրապետության բոլոր քաղաքներում օգոստոսին, հուլիսի համեմատ, մրգի գներն աճել են 0.6-4.4 տոկոսով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Կապանում: Երեւանում մրգի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.3 տոկոսով:
 
 Բացի մրգից այս շրջանում սովորականից բարձր գնով վաճառվում է նաեւ բանջարեղենը: Ըստ վիճակագրական կոմիտեի` բանջարեղենի շուկայում օգոստոսին, հուլիսի համեմատ, արձանագրված գնաճը կազմել է 6.5 տոկոս:  
 
Նյութի աղբյուրը՝ primenews.am