Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը, պատասխանելով Վլադիմիր Պուտինի խոսքերին, առտաջին հերթին շնորհավորեց Մոսկվայի օրվա առթիվ ու նշեց, որ զգում է այն տոնական տրամադրությունը, որ տիրում է Ռուսաստանի մայրաքաղաքում։ Փաշինյանը գոհունակություն հայտնեց, որ սա արդեն երրորդ իրենց հանդիպումն է 4 ամսվա ընթացքում։
 
«Կարծում եմ, որ այսպիսի պարբերականությունը ընդգծում է հարաբերությունների հատուկ բնույթը՝ մեր երկու երկրների, և թույլ տվեք ասել՝ նաև հատուկ բնույթը մեր [անձերի] միջև, անձնական հարաբերությունների բնույթը։ Եվ ուզում եմ ընդգծել, որ ի հեճուկս հայկական և ռուսական մամուլում և սոցցանցերում առկա հոռետեսությանը՝ կարծում եմ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ ու շատ բնական», – նշեց Փաշինյանը։
 
Հայաստանի վարչապետը նշեց, որ այս պայմաններում միակ հարցը հարաբերությունների ամբողջ պոտենցիալը բացահայտելն է։
 
«Դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր։ Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում ոչ մի հարց չկա, քանի որ դա կնշանակեր, որ ընդհանրապես հարաբերություններ չկան։ Կարծում եմ, վստահությամբ կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում չկան անլուծելի հարցեր», – նշեց Փաշինյանը։
 
Հայաստանի վարչապետը նշեց, որ այսօր քննարկվելու են բազմաթիվ հարցեր, և ինքը վստահ է, որ այդ հարցերը լուծվելու են, և կողմերը հենվելու են միմյանց շահերը, երկրների ինքնուրույնության շահերը հարգելու և մեկը մյուսի ներքին հարցերի չխառնվելու սկզբունքների վրա։
 
Փաշինյանը ուրախություն հայտնեց, որ երբ ռուսաստանցիները խոսում են հարաբերությունների մասին, խոսում են նաև առկա խնդիրների մասին, և ինքը համարում է, որ հիմնական հարցը պոտենցիալը բացահայտելն է։
 
Վարչապետը մանրամասնել է, որ մեծ պոտենցիալ կա և քաղաքական, և տնտեսական, և հումանիտար ոլորտներում համագործակցության։ Փաշինյանի խոսքով՝ պոտենցիալը ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև ՀԱՊԿ և ԵԱՏՄ ուղղություններում։
 
 
 
Աղբյուրը՝ shantnews.am