ՀՀ-ում կանանց շրջանում ամեն օր ծխելու հանգամանքը պայմանավորված է նաև նրանց ամուսնական կարգավիճակով. հետազոտություն
 
Ծխախոտի օգտագործումը Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջության հիմնախնդիրներից մեկն է: Մի շարք առավել տարածված Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ:
 
Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%, ընդ որում՝ մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները (ՈՎՀ) զբաղեցնում են առաջին տեղը` 48%, որոնց հաջորդում են չարորակ նորագոյացությունները` 20.6%, ՇԴ-ը` 4.8%, վնասվածքները, թունավորումները և արտաքին պատճառները` 4.7%, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները (բրոնխիտ, ասթմա, քրոնիկական այլ թոքային և բրոնխոէկտատիկ հիվանդություններ)` 3.6%:
 
2005 թվականին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվել է «Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի տարածվածության» համահանրապետական հետազոտություն: Հետազոտության արդյունքների համաձայն՝ ծխախոտ օգտագործում էին հարցման ենթարկված և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29.0 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց` 60.5 և կանանց 2.2 տոկոսը:
 
«Առողջապահության համակարգի գործունեության գնահատման» (ԱՀԳԳ) 2007, 2009, 2012 և 2015 թվականների հետազոտությունների ընթացքում գնահատվել են ՈՎՀ-ի զարգացման ռիսկի մի շարք գործոններ, այդ թվում` ծխախոտի օգտագործումը, որոնք ազդեցություն ունեն առողջության վիճակի վրա: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մեծահասակ (սկսած 16 տարեկանից) բնակչության 25%-ից ավելին կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը գերազանցում է 50%-ը:
 
2007-2012 թվականներին 20 և բարձր տարիք ունեցող ամեն օր ծխող տղամարդկանց քանակը նշանակալի չի փոխվել: Ըստ տարիքի ծխախոտի օգտագործումը տղամարդկանց մոտ հասնում է առավելագույնի` 30-39 տարեկանների շրջանում և աստիճանաբար սկսում է նվազել: Այն փաստը, որ 70-ից բարձր տարիքային խմբում ամեն օր ծխողների քանակը ընդամենը 26% է, հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ ծխախոտի օգտագործումը կարճացնում է կյանքի տևողությունը և այդ տարիքային խմբում կենսունակ են չծխող անձիք:
 
Իրականացված հետազոտության արդյունքներում ծխախոտի տարածվածության ընդհանուր ցուցանիշը մնացել էր գրեթե անփոփոխ` 29 տոկոս, սակայն փոփոխություն էր արձանագրվել տղամարդկանց և կանանց շրջանում ծխախոտի տարածվածության ցուցանիշներում, մասնավորապես, տղամարդկանց ցուցանիշը նվազել էր, իսկ կանանց ցուցանիշը` աճել:
 
Համաձայն իրականացված հետազոտությունների` ծխախոտի օգտագործումն ըստ սոցիալ-ժողովրդագրական խմբերի ակնհայտորեն վկայում է, որ ծխախոտի օգտագործումը տղամարդկանց շրջանում թռիչքաձև աճում է 15-19 տարիքային խմբից 20-29 տարիքային խումբ անցնելիս: Ըստ տարիքի ծխախոտի օգտագործումը տղամարդկանց մոտ հասնում է իր առավելագույնին 30-39 տարեկանների շրջանում և աստիճանաբար սկսում է նվազել: 70 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում ամեն օր ծխողների թիվը կազմում է 26% է:
 
Ծխախոտի օգտագործման տարածվածությունը տարբերվում է նաև ըստ բարեկեցության քվինտիլների: Ամեն օր ծխող տղամարդկանց տոկոսն ավելի բարձր է ցածր բարեկեցության առաջին, երկրորդ և երրորդ քվինտիլներում:
 
Ըստ կրթական մակարդակի` ամեն օր ծխող տղամարդկանց ամենացածր թիվը գրանցվել է թերի բարձրագույն կրթությամբ տղամարդկանց շրջանում, ովքեր հիմնականում ուսանողներ են: Տղամարդկանց կողմից ծխախոտի օգտագործումը հավասարաչափ է տարածված թե’ Երևանում, թե’ մարզերի քաղաքային վայրերում, թե’ գյուղական համայնքներում:
 
2016 թվականին` 2012 թվականի համեմատությամբ Հայաստանի Հանրապետությունում ավելացել է ամեն օր ծխող անձանց մասնաբաժինը, ընդ որում, և՛ տղամարդկանց և՛ կանանց շրջանում: Եթե 2012թ.-ին Հայաստանում ամեն օր ծխախոտ էր օգտագործում 15 և բարձր տարիքային խմբի բնակչության 23%-ը, ապա 2016թ.-ին՝ 26.2%-ը: Ընդ որում` ամեն օր ծխող տղամարդկանց թիվն ավելացել է 48.7%-ից մինչև 53.4%, իսկ կանանց թիվը՝ 1.3%-ից մինչև 2.3%: Աճել է նաև ոչ ամեն օր ծխողների թիվը:
 
2016 թվականին ծխող տղամարդկանց թիվը 15-19 տարիքային խմբում 15.1% է, ցուցանիշը կտրուկ աճում է 20-34 և 35-49 տարիքային խմբերում, համապատասխանաբար՝ 64.4% և 62.1%: Այն շատ բարձր է մնում 50-64 տարիքային խմբում՝ 56.6% և կտրուկ նվազում է 65 և բարձր տարեկանների խմբում՝ 30.3%: Կանանց շրջանում ամեն օր ծխողների թիվը 15-19 տարեկանների խմբում կազմել է 0.4%, և տարիքին զուգահեռ այն սկսում է աճել։ 20-34 տարեկանների մոտ ցուցանիշն աճում է մինչև 1.9%, 35-49 տարեկանների մոտ` մինչև 3.0%, իսկ 50-64 տարեկանների մոտ հասնում է 3.8%-ի։ Կանանց մոտ ծխելու պարբերականությունը պայմանավորված է նաև նրանց ամուսնական կարգավիճակով: Եթե քաղաքացիական կացության գրանցման գործակալության և կամ եկեղեցու հաստատմամբ ամուսնացած կանանց 1.2%-ն է ամեն օր ծխում, ապա առանց գրանցման ամուսնացածների` 2.9%-ը, չամուսնացածների` 4.1%-ը, իսկ ամուսնալուծվածների` 10.2%-ը:
 
2016 թվականին Հայաստանի Հանրապետության ընտանիքների 53.1%-ը նշել են, որ տան պայմաններում նրանք գտնվում են ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ, իսկ 2.8%-ը պասիվ ծխողներ` շաբաթական մի քանի անգամ: 37.9%-ը նշել են, որ իրենց տանը բացարձակապես չեն ծխում:
Հայաստանի Հանրապետությունում փակ աշխատանքային տարածքում պասիվ ծխողներ են աշխատող անձանց 39.7%-ը, իսկ և բաց, և  փակ տարածքում աշխատողների շրջանում պասիվ ծխողներ են 73.9%-ը: