Վլադիմիր Պուտինը զարմացել է, որ Հայաստանում գազը թանկ է. Փաշինյան
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ Ռուսաստանի գազն էժան սակագնով ստանում է «Գազպրոմ» ընկերությունը, ոչ թե Հայաստանի քաղաքացին։ Այս մասին վարչապետն ասաց այսօր՝ սեպտեմբերի 9-ին Իջեւանում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
 
«Վլադիմիր Պուտինի համար դա նորություն էր: ՌԴ նախագահը զարմացավ՝ նշելով, որ անձամբ է հանձնարարել մատչելի դարձնել գազի սակագինը հայաստանցիների համար։ Պուտինն այդ հանձնարարությունը տվել է Գյումրի կատարած այցի ընթացքում՝ ցանկանալով նպաստել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը»,- ասաց Փաշինյանը։
 
Վարչապետը հայտնեց, որ ինքը Պուտինի հետ պայմանավորվել է համատեղ ուսումնասիրել ներկրվող գազի գնագոյացման քաղաքականությունը, ստուգել պայմանագրային բազան և համապատասխան որոշումներ կայացնել։
 
Նշենք, որ նախօրեին Փաշինյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ հայտարարել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են եւ զարգանում են բոլոր ուղղություններով։