22 տարի հետո ինձ վերադարձրեք տուն. Ցմահ դատապարտյալի հուզիչ նամակը
 
Թավշյա հեղափոխությունից հետո ցմահ դատապարտյալների մոտ ևս հույս արթնացավ, որ կգործի ամրագրված օրենքը, կամ ՀՀ նորընտիր վարչապետը որոշ դատապարտյալների մասով ներման որոշում կկայացնի:
 
 22 տարիպատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը չնայած մերժվել է  բոլոր ատյանների կողմից, բայց չի կորցրել հույսը: Նա ներման խնդրագիր է հղել ՀՀ վարչապետին և արդեն երեք ամիս է սպասում է պատասխանի:
 
 Primenews.am-ին ուղղված նամակում Գրիգորյանը կրկին անգամ անդրադարձել է իր ճակատագրական սխալին և ընդգծել, որ զղջացել ու պատժվել է հանցանքի համար և կյանք վերադառնալով չի կարող հանրության համար վտանգ ներկայացնել: 
 
 Ստեփան Գրիգորյանը ձերբակալվել է դեռևս 1996 թ.-ին: 1997 թ.-ի դեկտեմբերի 25-ին Գերագույն դատարանի որոշմամբ դատապարտվել է մահապատժի՝ 1961 թ.-ի Քրեական օրենսգրքի 99 հոդվածի 1-ին և 7-րդ կետերով: Նա մեղադրվել է սպանության գործով` որպես մասնակից: «Ինքս ոչ մեկի չեմ զրկել կյանքից: Հարկ եղած դեպքում՝ Ձեր դատին կարող եմ ներկայացնել քննիչների կողմից անհեթեթ եզրակացությունների հիման վրա կայացված դատավճիռս:  2003-ի օգոստոսի 1-ին Ա-103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռ. Քոչարյանը «ներման հրամանագրով» առավելագույն պատիժը փոխարինեց մեկ այլ առավելագույն պատժատեսակով` ցմահդատապարտմամբ»,- գրել է Ստեփան Գրիգորյանը:
 
 Ստեփանի ընտանիքը՝ տղան, աղջիկը, կինը, մեզ հետ զրույցում փոխանցեցին, որ 22 տարի սպասումեն ընտանիքի հոր վերադարձին: Աղջիկը 5 տարեկան է եղել, իսկ որդին՝ 8, երբ Ստեփանը ձերբակալվել է:
 
 
 
 Ստեփան Գրիգորյանը հեռակա զբաղվելէ զավակների դաստիարակությամբ: Որդին` բժիշկ է, դուստրը` մանկավարժ: Գրիգորյանը թոռնիկներ ունի: «Երազում եմ թոռնիկներիս հետ միասին այգի գնալու մասին:Ես հանրության համար որևէ վտանգ չեմ կարող ներկայացնել: Ազատվեմ, գոնե ընտանիքիս կողքին կլինեմ, կփորձեմ մեղմել տարիների բացակայությունս:
 
 Սիրելի և հարգելի վարչապետ վայրկյաններն եմ հաշվում` սպասելով Ձեր ներողամտությանը: Հավատում եմ, որ մեծահոգություն կդրսևորեք և մի ընտանիքի կվերադարձնեք 22 տարի հեռացած հորը»,-գրում է Ստեփան Գրիգորյանը:  «Երբ մեր սիրելի վարչապետը լրագրող էր, պարբերաբար մեզ մոտ էր գալիս, նամակներ էինք ուղարկում, որոնք երբևիցե նրա կողմից չեն անտեսվել: Երբ Ազգային ժողովի պատգամավոր էր էլի հանդիպել ենք, զրուցել մեր խնդիրների շուրջ»,-նշում է ցմահ դատապարտյալը։ Ստեփան Գրիգորյանը հույս ունի Անկախության 27-րդ տարեդարձը նշել հարազատների հետ։ «Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահը կլինեն Հայաստանի առաջին պաշտոնյաները, ովքեր ներում կշնորհեն ցմահիս»,-եզրափակում է Ստեփան Գրիգորյանը:
 
 
Հեղինակ՝ Լուսին Ղազարյան