Բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի միջոցառումներին, այլև` կրակել.
 
 
ՀՔԾ պետը մանրամասներ է ներկայացնում.
 
Երբ հայտնաբերվեց 0038 հույժ գաղտնի հրամանը, որը տասը տարի քրեական գործում չկար, պարզվեց, որ այդ իրադարձություններին մասնակցել է բանակը, ընդ որում՝ սկսած փետրվարի 23-ից: Գաղտնի հրամանում կատարվեց ձևակերպում, որ ընտրության արդյունքներն ազատ և արդար գնահատելուց հետո որոշ կազմակերպություններ և անհատներ չեն ընդունում դրանք, խժդժություններ են առաջացնում:
 
Սասուն Խաչատրյանն ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ հրամանն արձակվել է փետրվարի 23-ին՝ ընտրության արդյունքները ԿԸՀ-ի կողմից հրապարակվելուց մեկ օր առաջ:
 
«Այսինքն՝ մեկ օր առաջ արդեն Ռոբերտ Քոչարյանը և Միքայել Հարությունյանը տեղյակ էին, որ ԿԸՀ-ն պետք է Սերժ Սարգսյանին ճանաչի հաղթող թեկնածու և պետք է միջազգային կառույցներն այդ ընտրությունները դիտարկեն որպես ազատ և արդար:
 
 
Այդ առումով ստորագրվում է հրաման՝ բանակը բերել զորանոցային վիճակի և կանխել խաղաղ ցույցերը:
 
Երբ բացահայտվեց 0038-ի պրիամբուլան և պարզվեց, որ ստեղծվել են այդ կայուն շարժուն խմբերը, դրանից հետո հանդես եկան Քոչարյանի պաշտպանները, թե դա արվել է, որպեսզի թույլ չտան՝ Գագիկ Մելքոնյանն ու Մանվել Գրիգորյանը բանակին ներգրավեն ինչ-որ գործընթացներում. այնպիսի մեկնաբանություններ բերեցին, որոնք առնվազն լուրջ չեն:
 
Դրանից հետո ասացին, որ բանակը չի մասնակցել Մարտի 1-ի իրադարձություններին, այլ բերվել է զորանոցային վիճակի: Մեր քննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է Մարտի 1-ի միջոցառումներին, բանակը կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ: Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ ՀՀ ԶՈւ զինծառայողներն ավտոմատ հրազենից կրակ են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, պատշգամբների ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այդ գործողություններին:
 
Բացի այդ, Սասուն Խաչատրյանն ասաց, որ գաղտնի հրամանից հետո, երբ որոշվել է Երևանում հավաքել տարբեր զորամիավորումներից զինծառայողների, շաբաթներով սահմանին կանգնած զինվորը հերթապահել է առանց հերթափոխի և ստեղծվել են շատ վտանգավոր իրավիճակեր և արդյունքում եղել է դիվերսիա, ինչը ևս ապացուցված է քրեական գործի նյութերով:
 
«Ամենախայտառակ բանը, որն արել են բանակի հետ, նախկին պաշտոնյաների կողմից մեր բանակի զինվորներին վարձկաններ սարքելն է: Արդեն իսկ քրեական գործով հիմնավորվել է, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից հետո մինչև մարտի 7, 8 ընկած ժամանակահատվածը բանակի զինվորներին բաժանվել են գումարներ նրա համար, որպեսզի նրանք պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց քաղաքական նկրտումները:
 
Սասուն Խաչատրյանը ներկայացրեց մի մատյան, որն առգրավվել է ՀՔԾ քննիչի կողմից: Մատյանում նշված են այն զինծառայողները և գումարների չափերը, որոնք տրվել են այդ զինծառայողներին։ Դրանց դիմաց առկա են զինծառայողների, նրանց հրամանատարների ստորագրությունները։ Այդ գումարները հանվել են օլիգարխների, պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձանց հաշիվներից:
 
Աղբյուրը՝ Vesti.am