«Անգամ իմ երեխաները այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց». Վանեցյանը՝ իր եւ իր ընտանիքի դեմ սպառնալիքների մասին 
 
«Քանի որ խոսում ենք մեծ փողերով մարդկանց մասին, չեմ բացառում, որ այդ մեծ փողերով մարդիկ կարողացել են գնել ինչ-որ տեխնիկա եւ իրականացրել գաղտնալսում: Այդ հարցերի պատասխանը կտա քննությունը, իսկ եթե ԱԱԾ-ում դավաճաններ կան, պետք  պատասխան տան»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
 
 Մեր հարցին՝ բացառո՞ւմ եք, որ արտաքին ուժերն են խառը գաղտնալսման գործում՝ նա պատասխանեց, որ եթե նման կարծիք հայտնի, հարյուր մեկնաբանության տեղիք կտա. «Փորձեցին սա ներկայացնել որպես սենսացիա: Դա սենսացիա չէր, ամոթալի իրողություն էր, ես դա կհամեմատեմ նրա հետ,որ մեր զինվորները խրամատներում թուրքերի դեմ են կռվում, հետեւից մի քանի հոգի գան ու սկսեն քարերով խփել էդ զինվորներին, դա անթույլատրելի բան է»:
 
 Վանեցյանը չի բացառում, որ կարող է նոր գաղտնալսումներ հրապարակվեն, մինչեւ Մարտի 1-ը չբացահայտվի. «Չենք թուլացնելու մեր հարձակողական աշխատանքը, աշխատելու եք մեր ուժերի ներածի չափով, անելու ենք ամեն ինչ, որ բոլորը պատասխան տան, ուզում է հրապարակեն ձայնագրություն, ուզում է՝ չհրապարակեն»:
 
 ԱԱԾ պետը ասաց, որ սպառնալիքներ է ստանում իր եւ իր ընտանիքի հետ կապված. «Փորձ է արվում լռեցնել, վախեցնել, նենց անել, որ մեզ հանեն էս պրոցեսի մեջից, որովհետեւ շատ լավ տեսում եք, որ չիջեցելով մյուս իրավապահների արած աշխատանքը՝ այսօր ԱԱԾ-ն ու ՀՔԾ-ն քննում են առավել աղմկոտ գործերը եւ գործ ունեն առավել վտանգավոր մարդկանց ու խմբերի հետ: Էդ մարդիկ ունեն ահռելի ունեցվածքներ»:
 
 Թե կոնկրետ ինչպես են սպառնում՝ ԱԱԾ պետն ասաց. «Եթե թվում է, թե թիկնազորով շրջելով ինքնահաստատվում ենք՝ չարաչար սխալվում եք: Առհասարակ ես չեմ ուզում թիկնազորով գնալ, շրջել որեւէ տեղ, ընտանիքիս հետ, ընկերներիս հետ  չշփվել, բայց վերջին շրջանում, ցավոք սրտի, չեմ կարողանում այդ ամեն ինչն անել, անգամ իմ երեխաները այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց եւ շփվել իրենց հասակակիցների եւ ընկերների հետ: Կողքից թվում է, թե մենք ինչ-որ ռոմանտիկայի մեջ ենք, նման բան չկա: Մենք գործ ունենք լուրջ հանցագործությունների հետ եւ գործ ունենք մարդկանց հետ, որոնք պատրաստ են անել ամեն ինչ, պատրաստ են գնալ ամեն քայլի: Այն, ինչ այսօր եղավ՝ նպատակն էր, որ շեղեն մեզ մեր բռնած ճանապարհից: Հույս ունեք, որ ԱԱԾ պետը եւ ՀՔԾ պետը հրաժարական կտան, կգան ուրիշ ԱԱԾ տնօրեն եւ ՀՔԾ պետ, որոնք մտավախություն կունենան, որ վայ, մեր գլխին էլ կսարքվի, կհանեն դուրս կշպրտվեն…Նման բան չկա, գործերը կբացահայտվեն մինչեւ վերջ, հետո մենք կխոսենք մեր մնացած արարքների մասին»:
 
Հեղինակ՝ Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ