Այսօր համացանցում հրապարակված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը մեծ սկանդալի պատճառ դարձավ։ Մի կողմ եմ թողնում հեռախոսազրույցի բովանդակությունը և այն փաստը, որ ընդհանրապես ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետն անզգուշաբար հեռախոսազրույցներ են ունենում։
 
Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, ավելի շատ հետաքրքրում է, իսկ ավելի ճիշտ է ասել՝ սարսափեցնում է այն հանգամանքը, որ Հայաստանում ոչ ոք պաշտպանված չէ գաղտնալսումներից, այդ թվում՝ նաև այն ծառայության ղեկավարը, ով ի պաշտոնե իրավունք ունի բոլորին գաղտնալսելու։ Շատ վատ է, երբ նույնիսկ ինչ-որ ուժեր կամ օտար պետություններ կարող են գաղտնալսել, իսկ հետագայում՝ նաև հրապարակել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսազրույցները, որոնք կարող են պետական գաղտնիք պարունակել, առավել ևս, երբ այդ պաշտոնյան ԱԱԾ տնօրենն է։ Արդեն իսկ պարզ է, որ ԱԱԾ տնօրեն Վանեցյանը հեռախոսազրույցի ժամանակ եղել է Շվեյցարիայում՝ Ժնևում, այլ ոչ թե Մոսկվայում։ Ձայնագրության հրապարակումից հետո որոշ վերլուծաբաններ այն անելու և հրապարակելու մեջ մեղադրեցին Մոսկվային, թե ռուսները չեն կարող ներել Փաշինյանին իր անկախ կեցվածքը, իսկ որպես ապացույց ներկայացնում էին ձայնագրության անգլերեն թարգմանության տեքստը, որտեղ «Հ» տառն այնպես է թարգմանված, ինչպես ընդունված է ռուսների մոտ՝ չարտացոլվելով թարգմանությունում։ Օրինակ՝ Սահակյան-Саакян-Saakyan, Հարությունյան-Арутюнян-Arutyunyan, Հրաչ-Грач-Grach, Վահե-Ваге-Vage։ Սակայն ես այլ կարծիքի եմ։
 
Հարգելիներս, եթե սա պաշտոնական Մոսկվայի ձեռքի գործն է, ով կարողացել է ձայնագրել ՀՀ ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցը, ապա չեմ կասկածում, որ Մոսկվայում կգտնվեր մեկը, ով, բավական լավ տիրապետելով հայերենին և անգլերենին, պրոֆեսիոնալ կթարգմաներ այն և թույլ չէր տա, որ որևէ մեկը Saakyan, Grach կամ Vage գրելով բոլոր սլաքներն ուղղեր իր դեմ։ Չեմ կարծում, որ ռուսաստանյան ՊԱԿ-իստները դիլետանտ են և այսպես հեշտ կբացահայտվեին հայաստանյան վերլուծաբանների և քաղաքագետների կողմից։
 
Համոզված եմ, որ Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցը հրապարակողների ձեռքում այլ նյութեր ևս կան, և պատահական չէ, որ այս բովանդակությամբ զրույցը հրապարակվեց առաջինը։ Հրապարակվեց Փաշինյանի՝ ՌԴ այցից մի քանի օր հետո։ Իմ կարծիքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպումը բավական արդյունավետ է եղել, և հայ-ռուսական հարաբերությունները փչացնողներին դա դուր չէր եկել։ Շատ արագ կազմակերպվեց ԱԱԾ-ՀՔԾ-ի «Ժնևգեյթ» օպերացիան՝ հայ հասարակությանը համոզելու, որ ռուսները մեր թշնամիներն են։
 
Այո՛, հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, սակայն համացանցում բարձրացված հակառուսական հիստերիան լավ հետևանքներ չի ունենալու։ Անձնավորել՝ Քոչարյան, Սարգսյան, Խաչատրյան, Մարգարյան և այլք, այստեղ պետք չէ։ Խաղադրույքն ավելի բարձր է՝ մեր անվտանգությունը։ Չմոռանաք, որ պատմությունը սիրում է կրկնվել։ Չմոռանանք 1920-21 թվականները և չտրվենք զգացմունքներին։
 
Հեղինակ՝ Գագիկ Համբարյան