Ինչպես են որոշելու, թե որքան գումար պետք է վճարեն․ Սիլվա Հակոբյանի հայրը՝ ՊԵԿ նախագահի հայտարարության մասին
 
 
Life.panorama.am-ը գրում է. Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել էր հարկերի հավաքագրման մասին ու այդ համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին: Նրա խոսքով՝ սիրված երգիչ-երգչուհիները տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր, թեեւ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները 2-3 երգի համար գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն և հարկեր վճարեն, իր խոսքում ՊԵԿ նախագահն ավելացրել էր նաեւ, որ վաղուց օրենքով կա այդպիսի պարտադիր պայման:
 
 
Այս թեմայի շուրջ Life.panorama.am-ը կապ հաստատեց երգչուհի Սիլվա Հակոբյանի հայրիկի՝  Հակոբ Հակոբյանի հետ, ով զբաղվում է դստեր պրոդյուսերական հարցերով:
 
 
 
 
 
«Օրենքը բոլորի համար հավասար է եւ դրա դեմ ոչ մեկս ոչինչ անել չենք կարող: Եթե որոշվի, որ երգիչ-երգչուհիները պետք է հարկային դաշտ անցնեն, ապա Սիլվան եւս դրանից զերծ չի կարող մնալ: Չգիտեմ, այդ պահը ինչպես է համակարգվելու, ինչպես են որոշելու, թե որքան գումար պետք է վճարեն, չէ որ շատ համերգներ կան, որոնց երգիչները մասնակցում են առանց գումար վերցնելու՝ բարեգործական նպատակներով: Շատ մանրուքներ կան, որ պետք է հաշվի առնվեն, մեր գործը առեւտուր չէ, ապրանք չենք բերել-տարել»,- նշեց նա ու շարունակեց.
 
 
«Բայց կա մի բան, որ օրենքը բոլորի դեպքում պետք է աշխատի: Եթե գյուղացին իր հողը տանջանքով մշակելու համար հողահարկ, բերքահարկ ու այլ գումարներ է վճարում, ուրեմն ինչու մենք պետք է այդ խեղճ ժողովրդից առավել լինենք: Եթե այդ օրենքը պետք է կիրառվի, ապա բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն, առանց բացառությունների»: