Անսպասելի սրացում Երևանի ընտրությանը
 
Հայաստանում նախօրեին հայտնի ձայնագրության հրապարակումով կտրուկ սրված ու թեժացած ներքաղաքական իրավիճակը լիովին նոր լույսի ներքո է բերում Երևանի ավագանու ընտրությունը: Համենայնդեպս, արդեն ակնառու է, որ «Իմ քայլը» դաշինքը, որն առաջնորդում է Նիկոլ Փաշինյանը, դե ֆակտո ընտրական գործընթացին է մոտենում, այսպես ասած, հեղափոխության կուռ տրամաբանությամբ՝ սրելով հակահեղափոխության խնդիրը:
 
Իհարկե, դրա առիթը տվյալ դեպքում հայտնի ձայնագրությունն էր, որտեղ գաղտնալսված էր ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը Մարտի 1-ի գործի, Քոչարյանի ու Խաչատուրովի կալանավորումների թեմայով, սակայն գործնականում աներկբա է այդ ամենի ազդեցությունը Երևանի ընտրական պրոցեսի վրա: Նիկոլ Փաշինյանը երեկ կոչ է արել ոչ մի ձայն չտալ հակահեղափոխությանը՝ հայտարարելով, որ կոալիցիան ներկայացնող ուժերը ինչ-որ պայմանավորվածություններ են փորձում ձեռք բերել նախկին իշխանությունների հետ:
 
Փաշինյանն այս մասին հայտարարում է երկրորդ անգամ՝ չմանրամասնելով, թե հատկապես ինչ ուժերի մասին է խոսքը: Իսկ ընդհանուր մասնակից ուժերը ինչպես հայտնի է տասներկուսն են: Այսինքն՝ ո՞ր տասնմեկի մասին է խոսքը, պարզ չէ, սակայն ակնառու է, որ ազդեցությունը տարածվելու է բոլոր 11-ի վրա:
 
Մյուս կողմից՝ իրավիճակը հետաքրքիր է նրանով, որ Երևանի ավագանու ընտրությունը ունի յուրահատուկ օրենսդրական պայման: Ընտրությունը վավեր է, ավագանին ձևավորված է, եթե անցողիկ շեմը՝ 6 տոկոսը, հաղթահարում է առնվազն երեք քաղաքական ուժ: Եթե հաղթողի գրեթե անվերապահ հավակնորդ համարվող «Իմ քայլը» դաշինքը իրավիճակը բերում է հեղափոխություն-հակահեղափոխություն դիլեմայի, ապա այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք մնացյալ 11 ուժերի պայքարում հնարավոր կլինի ապահովել անցողիկ ևս երկու ուժի առկայություն: Համենայնդեպս, այդ իմաստով, կարծես թե, կարող է առաջանալ յուրօրինակ ինտրիգ:
 
Առայժմ դժվար է ասել, թե որքան է այդ դասավորության և փաստորեն ընտրություն չկայանալու հավանականությունը, սակայն, այդուհանդերձ, դատելով այն բավական կոշտ և սուր տոնայնությունից, որով սկսել է արշավը Նիկոլ Փաշինյանի ուժը, թերևս ավելորդ չի լինի որպես հետագա զարգացումների սցենարներից կամ հնարավոր տարբերակներից մեկը դիտարկել նաև այն, թե որն է լինում հաջորդ քայլը, եթե հանկարծ չի լինում քաղաքապետի ընտրությունը հաղթահարած երրորդ ուժը: Արդյո՞ք այդ դեպքում օրակարգը կարող է անմիջական անցում կատարել միանգամից դեպի խորհրդարանի արտահերթ ընտրություն:
 
Աղբյուրը՝ 1in.am
Հեղինակ՝ Արամ Ամատունի