Ո՞վ է Խաչատուրովի տեղակալը, ում իրավապահները պետք է «մի բան անեին»
 
ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնազերծված հեռախոսազրույցի ժամանակ բազմաթիվ անձանց անուններ է նշվում Մարտի 1-ի գործի շրջանակներում։ Ահա, ուշագրավ դրվագներից մեկը. 
 
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Լավ, լավ թող նստի: 
 
Իսկ էն բանին էլ մի բան արեք էլի...էն Խաչատուրովի տեղակալին:
 
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Հա, էն որ ասի՞ր:
 
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ – Հա...
 
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Ցավդ տանեմ, մի հատ հասկանամ էլի...
 
ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆ - Հա տեղակալն ա օպերատիվ գծով:
 
ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ - Լավ մի հատ հասկանամ, կխոսանք, ընգեր:
 
Մեր տեղեկություններով՝ խոսքը գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի մասին է։ Նա ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը, ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները։ 1971-1992 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1992-2000 ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է գնդի, ուղղության, բանակային կորպուսի հրամանատարի պաշտոններ։
 
 
 
2007 ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ։ 2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, ապա նշանակվել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ ՀՀ Նախագահի 2013 թ. օգոստոսի 12-ի հրամանագրով զինվորական ծառայության ժամկետը երկարաձգվել է մինչև 2014 թ. մարտի 14-ը։ 2017 թվականի մայիսի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից: Հաջորդ օրը ՀՀ վարչապետի որոշմամբ Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարարի տեղակալ:
 
 
 
Պարգևատրվել է մի շարք շքանշաններով, այդ թվում՝ «Մարտական խաչ» II աստիճանի, «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով եւ այլն։
 
Արդյոք Յուրի Խաչատուրովի տեղակալ ասելով ԱԱԾ և ՀՔԾ պետերը նկատի ունեին Էնրիկո Ապրիամովին հարցի շուրջ Primenews.am-ը թղթակիցը մեկնաբանություն խնդրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից:
 
ՀՔԾ խոսնակը խոստացավ ավելի ուշ մանրամասներ ներկայացնել, սակայն այլևս չպատասխանեց մեր զանգերին: