«Առաջին անգամ վերջին տարիների ընթացքում չեղան հետընտրական զարգացումներ, և տասնամյակներից հետո առաջին անգամ ընդդիմությունը չխոստացավ թեժ աշուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
 
Նրա կարծիքով՝ հանրությանը կարելի է մեղադրել, քանի որ փաստն այն է, որ ընտրական միջոցառումների ձայների վաճառքի, վարչական ռեսուրսի ազդեցության տակ գործողությունների մեխանիզմների մեջ ավելի շատ զանգվածներ են սկսում ներքաշվել.
 
«Չտեսնելով որևէ ռեալ այլընտրանք, և ընդհակառակը՝ լուրջ կասկածներ ունենալով այլընտրանք կոչեցյալների նկատմամբ, նաև՝ դառը փորձ ունենալով, շատ դեպքերում մարդիկ հիասթափվում են որևէ քաղաքական պրոցեսում մասնակցելուց և այդ օրվան սպասում են՝ ինչպես հերթական մի օրվա, երբ կարելի է գոնե գումար վաստակել։ Բավականին շատ դեպքեր են եղել, որ նույն նախագահական ընտրություններից հետո այդ այլընտրանք կոչեցյալն ինքն էր գործարքի մեջ մտնում իշխանության հետ։ Եվ կարծես թե հասարակության ստվար զանգվածի մոտ արմատավորվել է այն կարծիքը, որ մեզ միջնորդներ պետք չեն իշխանության հետ փողային հարաբերությունների մեջ մտնելու համար։
 
Բնականաբար, պետք է մեղադրվեր հասարակությունը, որովհետև ընդդիմություն կոչվածը կամ այն ուժերը, որոնք դիրքավորվում են այդ դաշտում, պետք է բացատրեն իրենց պարտությունը՝ ինչ-ինչ պատճառաբանություններով»։
 
Ընդդիմության պարտության իրական պատճառը, ըստ քաղտեխնոլոգի՝ հենց այն է, որ նրանք չեն ընկալվում՝ որպես այլընտրանք.
 
«Այստեղ կա նաև զուտ քաղաքական խնդիր։ Իշխանությանը կարելի է և՛ մեղադրել, և՛ չմեղադրել, որովհետև նա մտնում է քաղաքական պրոցեսի մեջ և փորձում իր համար հնարավորինս կոմֆորտային ընդդիմություն ձևավորել։ Հայաստանի իշխանություններն իրենց համար կոմֆորտային ընդդիմություն ձևավորելու փորձ ունեն, առավել ևս, որ ելնելով ինչ-ինչ աշխարհաքաղաքական հանգամանքներից՝ խորհրդարանը պետք է ունենա ընդդիմություն։ Իսկ այս Սահմանադրությամբ՝ խորհրդարանի 30 տոկոսը պետք է լինի ընդդիմությունը։
 
Դրա համար, իշխանությունը մտածելով իր մասին, մտածում է նաև ընդդիմության փոխարեն, թե ով պետք է ներկայացված լինի, և ինչ քվոտայով աշխարհաքաղաքական մասնակցություն ապահովել, որովհետև միայն պրոռուսական ընդդիմությունն էլ նորմալ չի համարվում, պետք է ապահովել արևմտամետ իմիջով ընդդիմություն։ Ժամանակին դա «Ժառանգությունն» էր, հիմա «Ելքն» է այդ սեգմենտը»։
 
Հետևաբար, ըստ Հակոբյանի՝ ստեղծվում է մի իրավիճակ, երբ ընդդիմությունը մեղադրում է հասարակությանը, իսկ հասարակությունը՝ ընդդիմությանը. «Սա բավականին լուրջ ներքաղաքական ճգնաժամ է։ Այստեղ բավականին լուրջ գործ կա անելու։ Բացառությամբ իշխանությունների, որը «հարց լուծող» է, մնացած կուսակցությունները սեզոնային են, ընտրություններից ընտրություն են ակտիվանում։ Ընտրություններից հետո անցել է մոտ 9 ամիս, և այն քաղաքական ուժերը, որոնք խորհրդարան չեն մտել, կարծես թե չկան, պատկերացում չունեն՝ ինչով են զբաղվելու»։
 
Խոսելով 2018թ. ապրիլին սպասվող փոփոխություննների մասին, նա ասաց, որ հանրապետականների անորոշությունը պայմանավորված է նրանով, որ երկար տարիներ իրենց մոտ ամեն ինչ հրահանգներով է եղել.
 
«Հիմա իրենց մոտ խառնաշփոթ է։ Մի կողմից՝ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ ուզում է լինել վարչապետ, և հանրապետականների ուղեղներում միանգամից կասկած է առաջանում, որ առանց շեֆի հետ համաձայնեցնելու՝ նման բան դժվար թե ասեր։ Հետո Գալուստ Սահակյանն է հայտարարություն անում, ու լրիվ այլ պատկեր է առաջանում, որ՝ առանց շեֆի ասելու՝ նա նման բան չէր կարող ասել։
 
Թեպետ, կարծում եմ, որ Գալուստ Սահակյանի ասածը արջի ծառայություն էր, քանի որ նրա ասածը սև PR է։ Եթե Գալուստ Սահակյանը «Մերսեդես» էլ քարոզի, «Մերսեդեսի» վաճառքը կարող է նվազել։ Ես կարծում եմ՝ խառնաշփոթը հենց դրանում է, որ բոլոր քաղաքական գործիչների ասածներն իրենք որպես ակնարկ են ընկալում։ Հիմա բոլորը փորձում են հասկանալ, թե իրենց միակ առաջնորդն ում է ինչ ասել»։