Վրաստանի տարածքով հացահատիկների փոխադրման նոր կարգը ոչ միայն հայաստանցիներին անակնկալի բերեց, այլև կասկածի տեղիք տվեց, թե ինչո՞ւ հենց հիմա Վրաստանը հասկացավ, որ իր տարածքի ճանապարհները հացահատիկով բեռնավորված Հայաստան եկող մեքենաները վնաս են հասցնում։ 
 
 
Վրաստանի տրանսպորտի նախարարի հրամանի համաձայն՝ ցորենը և ալյուրը Վրաստանի տարածքով պետք է տեղափոխվեն նավային և երկաթգծային տրանսպորտով:
 
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ Վրաստանի այս անակնկալ որոշման մեջ իր մասնակցությունն ունի «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, ով փորձում է այս կերպ խլել ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ»-ի մենաշնորհը՝ հացի շուկայում։ Իհարկե, չի բացառվում, որ մինչ օրս նա այս ուղղությամբ չէր մտածել, սակայն հիմա, երբ երկրում իրավիճակ է փոխվել, հնարավոր է Գռզոն ուղղակի որոշել է օգտագործել հարմար առիթը՝ իր օգտին։
 
Մեր տեղեկություններով՝ Խաչատուր Սուքիասյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ազդեցիկ մարդկանց հետ՝ հույս ունենալով, որ Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկը, կհրաժարվի հացահատիկի ներկրումից, քանի որ ցորենն ու ալյուրը գրեթե ամբողջությամբ ներկրվում են բեռնատար ավտոմեքենաներով՝ այն պարզ պատճառով, որ դա էժան է ստացվում, իսկ նավերին ու գնացքներին անցնելու դեպքում տեղափոխման գինը որոշակիորեն կբարձրանա։  
 
Չենք փորձում թվախեղդ անել ընթերցողներին և հաշվել, թե որքան կնստի հացահատիկի ներկրումն, ու Հայաստանում որքան կբարձրանա հացի գինը։ Պարզապես նկատենք, որ խնդիրն այստեղ շարունակում է մնալ Վրաստանի տարածքում երկաթուղային տրանսպորտով փոխադրվող հայկական բեռների համար սահմանված սակագինը։ Նախքան մեր երկաթուղին ռուսական կողմին հանձնելը, հայկական բեռների համար Վրաստանի տարածքում գործում էր 17% զեղչ, իսկ կոնցեսիոն պայմանագրի կնքումից հետո, քաղաքական պատճառներով, այն վերացավ։ Կզեղչվե՞ն գները կրկին, թե՞ ոչ, դեռ կերևա, իսկ առայժմ՝ շատ շուտով, պարզ կդառնա, թե ինչով կամ ում հետ էր պայմանավորված Վրաստանի արգելքը։
 
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 15-ից Գռզոյին պատկանող ընկերությունն արդեն իսկ զբաղվելու է Փոթիի նավահանգստով իրականացվող ցորենի բեռների փոխադրմամբ։
 
Այլ կերպ ասած՝ ամպագոռգոռ հայտարարությունները, թե մենաշնորհը վերանալու է՝ փուչիկ է։ Գոնե այս դեպքում, հացահատիկի ներկրման մենաշնորհը փաստորեն մի օլիգարխից փոխանցվում է մյուսին՝ այն էլ բռնի կերպով ու խաբեությամբ։