Ողբերգական դեպք Երեւանում. երիտասարդը դանակի 8 հարված է հասցրել եղբոր կնոջը, ինչն է եղել պատճառը
 
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Մամիկոն Բ.-ի գործի դատական քննությունը:
 
 Նախաքննական մարմինը Մամիկոն Բ.-ին մեղադրանք է առաջադրել սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:
 
 Տուժողը Մամիկոնի եղբոր կինն է՝ Իզաբելլան:
 
 Ըստ գործի տվյալների՝ Մամիկոն Բ.-ն 2018 թվականի հունվարի 22-ի կեսօրին հետևից հարձակվել է եղբոր կնոջ վրա ու դանակի 7-8 հարված է հասցրել նրան՝ գոռալով՝ մեռի՛, սատկի՛…
 
 Նախաքննության ընթացքում Մամիկոն Բ.-ի նկատմամբ կատարվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ Մամիկոնը ճանաչվել է անմեղսունակ:
 
 Ներկայումս Մամիկոն Բ.-ն գործով ամբաստանյալի կարգավիճակ չունի, նա քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ է: Դատական նիստին նա ներկա չէր՝ հիվանդագին վիճակի պատճառով:
 
 Նիստին մասնակցում էին Մամիկոնի օրինական ներկայացուցիչը՝ մայրը, և նրա շահերի պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անուշ Մխիթարյանը:
 
 Դատական նիստին ցուցմունքներ տվեցին տուժող Իզաբելլան ու մի քանի վկաներ:
 
 Այս գործը տևական ժամանակ ներընտանեկան լարված իրավիճակի ու անհաշտության արդյունք է, իսկ անհաշտ լարվածության պատճառը ժառանգության բաշխման ու տիրապետման հավերժական հարցն է:
 
 Այս ընտանիքը Երևանում ապրել է բարեկեցիկ, բայց և՝ ավանդական կյանքով՝ երկհարկանի առանձնատանն ապրել է երեք սերունդ՝ տատիկ-պապիկ, հայր-մայր, երեխաներ, որոնցից մի որդին ամուսնացել, ընտանիք է կազմել, արդեն երեք երեխաներ են մեծանում այդ ընտանիքում՝ դա հենց տուժող Իզաբելլայի ու նրան դանակի 8 հարված հասցրած Մամիկոնի եղբայր Հայկի ընտանիքն է: Ինչ վերաբերում է Մամիկոնին, նա, ինչպես հարազատներն ասացին, դեռ 20 տարեկանից հոգեկան հիվանդություն ունի, ինչ-ինչ դեղորայք ընդունել է, ապրել է նույն մեծ ընտանիքում, ճիշտ է՝ առանձնատան բակում նրա համար մեկ սենյակ է առանձնացված եղել, որտեղ Մամիկոնը գիշերել է:
 
 Մի քանի ընտանիք ամփոփող այս առանձնատունն ընդարձակ բակ ունի, տանը հարակից գործում են հյուրանոց ու ռեստորան: Ընտանիքի պապը, ապա՝ հայրը մոտ մեկ տասնյակ բիզնես է ունեցել, պապը մահացել է, ապա մահացել է ընտանիքի հայրը, և ժառանգների միջև արդեն իսկ եղած անհաշտությունն ավելի է սրվել՝ ժառանգության տիրապետման վիճելի հարցի պատճառով: Մոտ մեկ տասնյակ բիզնեսներից միայն երեքի տիրապետման բաժանում է դեռևս կատարված, այնպես որ՝ այս ընտանիքը դեռ լարված օրեր ապրելու է…
 
 Տուժող Իզաբելլան դեպքի օրվա մասին այնպես բորբոքված չէր խոսում, ինչպես որ բորբոքված սկսել խոսել՝ պատասխանելով հոգեկան հիվանդություն ունեցող Մամիկոնին եղբոր ընտանիքի դեմ հարազատների կողմից տրամադրելու, թշնամանք հրահրելու հարցին:
 
 Իզաբելլան նշեց՝ գիտեին, որ Մամիկոնը հիվանդ է, բայց բոլոր ներընտանեկան լարված խոսակցությունները վարում էին նրա ներկայությամբ, նրան տրամադրում էին եղբոր ընտանիքի դեմ՝ ասելով, թե ամեն բան Հայկի ձեռքին է, Հայկը պարտավոր է Մամիկոնին տալ նրա հասանելիքը…
 
 Իզաբելլան ներկայացրեց, որ, ճիշտ է, ինքն ու ամուսինն են աշխատեցնում տանը հարակից հյուրանոցը, բայց իրականությունն այն է, որ սկեսրայրը, այդ հյուրանոցը հիմնելով՝ վարկային մեծ պարտավորություններ է վերցրել, որոնք արդեն իր կյանքի օրոք դժվարացել է կատարել: Ներկայումս ինքն ու ամուսինը ստիպված են ոչ միայն հյուրանոցն աշխատեցնելու համար ներդրումներ կատարել, այլև փակել բանկային պարտավորությունները:
 
 «Մենք հյուրանոցում միայն մեկ աշխատող ենք պահում, ես բոլոր տեսակի գործերն ինքս եմ անում, որ կարողանանք պարտքերը փակել, բանկային վճարումները կատարել, էնպես չի, որ մենք հյուրանոցն աշխատեցնում և ուտում ենք»,- ասաց տուժողը: Միևնույն ժամանակ, քանի որ հյուրանոցային բիզնեսում մասնաբաժին ունեն նաև Մամիկոնն ու սկեսուրը, իրենք պարբերաբար գումարներ են տվել սկեսուրին, վերջինս այդ գումարներից տվել է Մամիկոնին: Սակայն գումարի պակասի դեպքում մեղադրել են իրեն ու ամուսնուն, Մամիկոնին տրամադրել են իրենց դեմ:
 
 Ըստ տուժողի ՝սկեսրայրի մահից մի քանի օր անց տանը հավաքված մարդկանց ներկայությամբ Մամիկոնը հարձակվել է իր ու ամուսնու վրա և պահանջել է հեռանալ տանից:
 
 Իզաբելլան ասաց, թե տվյալ ընտանիքում ինքը 17 տարվա հարս է, երեք երեխա ունի, երբեք չի ցանկանա, որ իր երեխաների միջև այնպիսի թշնամանք լինի, ինչպիսին ամուսնու ընտանիքում են փորձել սերմանել երկու եղբայրների՝ Հայկի ու Մամիկոնի միջև՝ անտեսելով, որ Մամիկոնը հոգեպես առողջ չէ: Այդ տանը միշտ էլ ծեծուջարդ է եղել՝ ասաց 17 տարվա հարս և այս գործով տուժող՝ դանակի ութ հարված ստացած Իզաբելլան:
 
 Դեպքից ամիսներ առաջ Հայկը Մամիկոնին օգնել է՝ Ամերիկայից նոր մեքենա են գնել, քանի որ Մամիկոնը, չնայած հոգեկան հիվանդությանը, միշտ էլ մեքենա է վարել, իսկ նրա հին մեքենան արդեն շատ էր հնացել…
 
 Դեպքի օրը՝ կեսօրին մոտ, Իզաբելլան դուրս է եկել տանից, որ գնա նույն բակում գտնվող հյուրանոց: Ձեռքին 10 հազար դրամ կար՝ պետք է լվացքի համար վճարում կատարեր: Բակում Իզաբելլան տեսել է Մամիկոնին: Վերջինս հայհոյանքներ է տվել Իզաբելլայի հասցեին:
 
 Իզաբելլան անցել է նրա կողքով, շարունակել է գնալ դեպի հյուրանոց, հանկարծ լսել է սկեսուրի ճիչը՝ Բելա՛, փախի՛: Հասկացել է, որ Մամիկոնը հետապնդում է իրեն, վազել է հյուրանոց, մտել է միջանցք, բայց Մամիկոնը հասել ու հետևից սկսել է հարվածներ հասցնել դանակով: Երկու-երեք հարվածից հետո Իզաբելլան ընկել ու կորցրել է գիտակցությունը, նա այլ մանրամասներ չի հիշում: Նրա հագին մուշտակ է եղել, ինչը, ըստ երևույթին, փոքր-ինչ պաշտպանել է նրան, բայց վնասվել են նրա կենսական կարևոր մի քանի օրգանները, հարված է եղել նաև նրա ձեռքին. «Վիրահատության ժամանակ ամբողջ մարմինս են բացել, որ կարողանան փրկել»,- ասաց տուժող կինը:
 
 Ըստ հյուրանոցի աշխատակցուհի Նարինեի, ով գործով վկա է, դեպքի վայրում «մոտ 3 լիտր արյուն կար… մեծ դժվարությամբ է մաքրվել…»:
 
 Տուժող Իզաբելլան ենթադրում է, որ Մամիկոնը հարվածները դադարեցրել ու հեռացել է՝ կարծելով, թե ինքը մահացել է…
 
 Իզաբելլան չի տեսել՝ ով է վրա հասել, ով է իրեն տեղափոխել հիվանդանոց…
 
 Իզաբելլայի ամուսինն ու Մամիկոնի եղբայրը՝ Հայկը, դատարանում ասաց, որ Մամիկոնի արարքի պատճառն այն է համարում, որ Մամիկոնին տրամադրում էին իր դեմ, մասնավորապես՝ իր մայրն ու հորաքույրն էին տրամադրում: Վերջինս ակտիվորեն միջամտում էր իրենց ընտանեկան գործերին, ցուցումներ էր տալիս Մամիկոնին ու մյուսներին…
 
 «Պատճառն այն է, որ իմ ընտանիքը չէին սիրում, չէին հարգում… Ասում էին՝ «դրանք… Մամիկոնին անընդհատ մեր դեմ էին տրամադրում, ուղղակի չեն պատկերացրել, որ Մամիկոնը դանակով կհարձակվի»,- ասաց Հայկը:
 
 Դեպքի օրը Հայկը որդու հետ առավոտյան գործով դուրս է եկել տանից: Մինչ այդ՝ բակում հանդիպել է Մամիկոնին, ով բարկացած, գրգռված վիճակում ասել է՝ տես, թե ձեզ ինչ եմ անելու: Հայկը նայել է շուրջը՝ ուրիշ մարդ չի եղել, հասկացել է, որ Մամիկոնի ասածն իրեն էր ուղղված, բայց մտքով չի անցել, որ Մամիկոնը կանի այն, ինչ արել է մի քանի ժամ անց…
 
 Կեսօրին մոտ Հայկին զանգել է մոտակա խանութի տերն ու ասել է՝ շտապ տուն հասի… Զանգողի ձայնից հասկանալով, որ շատ վատ բան է եղել, Հայկն արագ տուն է վերադարձել: Մտածել է՝ մորն է բան պատահել, բայց տուն հասնելով՝ տեսել է Իզաբելլային՝ հյուրանոցի միջանցքի հատակին արնաշաղախ պառկած…
 
 Հյուրանոցի միակ աշխատողը՝ գործով վկա Նարինեն ասաց, թե ինքը Մամիկոնից ոչ մի վատ բան չի տեսել: Մամիկոնի վերաբերմունքը եղբոր ու եղբոր կնոջ հանդեպ նույնպես լավն է եղել, Մամիկոնը սիրում էր եղբորը: Բայց նրան տրամադրում էին եղբոր ընտանիքի դեմ… 
 
 
 
 Պատահել է՝ Մամիկոնը բողոքել է մորից, ասել է, թե չեն թողնում, որ ինքն ամուսնանա, ինքն էլ կին ունենա…
 
 Մինչև հյուրանոցում աշխատանքի անցնելը Նարինեն այդ տանը խնամել է հիվանդ պապիկին: Պապիկի մահից հետո նրան առաջարկել են մնալ ու աշխատել հյուրանոցում:
 
 Ըստ Նարինեի՝ մի անգամ ինքը հարևան սենյակից լսել է, որ Մամիկոնը կռվում էր մոր հետ, ասում էր՝ պապայի տեղը դու պիտի մեռած լինեիր: Իսկ մայրը Մամիկոնին ասում էր, թե Հայկի ընտանիքն է մեղավոր, նրանց պետք է «վերացնել»:
 
 Նարինեն այս ամենը պատմել է Իզաբելլային… 
 
 
 
 Դեպքից հետո, երբ Նարինեն ոստիկանությունում ցուցմունք է տվել, Մամիկոնի մայրը կռվել է նրա հետ, պահանջել է հեռանալ իրենց տանից… 
 
 
 Ըստ վկաների՝ Մամիկոնը սովորաբար հանգիստ էր, բայց երբ սևեռվում էր որևէ մեկի վրա, կարող էր շատ ագրեսիվ լինել: Նա մի քանի անգամ ոստիկանություն է ընկել, մասնավորապես՝ խուլիգանության համար: Նաև՝ նրա մեքենայում «կաստետ» է հայտնաբերվել, դրա համար էլ է ոստիկանություն տարվել… Հայրը Մամիկոնի հետ խիստ է եղել, ասել է՝ թող պատժվի, որ հասկանա՝ ինչ չի կարելի անել:
 
 Էնպես չէր, որ հայրը հնարավորություն չուներ Մամիկոնի արածները փակելու, բայց, հավանաբար՝ «դաստիարակչական» նկատառումներով, թողնում էր, որ իրավապահները նրան տանեն-բերեն…
 
 Մամիկոնի հորաքույր Անահիտը նույնպես ցուցմունք տվեց դատարանում: Նա ասաց, որ երկարամյա մանկավարժ է, ներկայումս էլ իրենց փոքրիկ բիզնեսն է ղեկավարում: Այն, ինչ կատարվել է եղբոր ընտանիքում, հատկապես եղբոր մահից հետո, անթույլատրելի է համարում: Ինքն էլ Իզաբելլայի տարիքի աղջիկ ունի, չի ցանկանա, որ նա նման բաների միջով անցնի… 
 
 
 
 Միևնույն ժամանակ հորաքույր Անահիտը բացեիբաց ասաց, թե Մամիկոնին, որպես «հիվանդ երեխայի»՝ եղբոր ընտանիքում պետք է «իրենց գլխին դրած պահեին»՝ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեին, հոգատար լինեին, մինչդեռ Մամիկոնին հայրը որպես կացարան՝ տրամադրել էր բակում գտնվող մի սենյակ, որի հատակը բետոնից է… Մամիկոնը բաժին ուներ մեծ ժառանգության մեջ, այդ բաժինը նրան պետք է հատկացնեին…
 
 Ժառանգության բաժանման հարցը վերածեցիք մարդասպանության՝ եղբոր ընտանիքին մեղադրեց հորաքույր Անահիտը՝ ասելով, որ Մամիկոնն իր հետ մտերիմ է եղել, մինչև հիմա էլ նա իրեն լսում է, ինքն էլ պարբերաբար այցելում է նրան…
 
 
 Դեպքի օրը հորաքույր Անահիտը առողջական խնդիր է ունեցել ու պառկած է եղել, երբ նրան զանգել է Մամիկոնն ու ասել է, թե դարպասի մոտ է, խնդրել է, որ հորաքույրը դուռը բացի:
 
 
 Հորաքույրը դուռը բացել, ներս է թողել Մամիկոնին, ինքը գնացել է հագնվելու: Երբ հագնվել, իր սենյակից դուրս է եկել, տեսել է, որ Մամիկոնը դուրս է գալիս լվացքասենյակից:
 
 Մամիկոնը հորաքրոջն ասել է. «Բելլային սատկացրի»: Այդ ժամանակ ոստիկանական մեքենայի ազդանշան է լսվել, Մամիկոնն ասել է, թե իր հետևից են եկել: Նա հորաքրոջն ասել է, թե մոտը փող չկա, փող է խնդրել: Հորաքույրը նրան տվել է 2 հազար դրամ:
 
 Այդ պահին նա Մամիկոնի վրա արյան հետքեր չի տեսել՝ հնարավոր է, որ Մամիկոնը լվացվել էր լվացքասենյակում: Մամիկոնի ձեռքին դանակ էլ չի տեսել հորաքույրը:
 
 Մամիկոնը տան հետևի դարպասով հեռացել է, օրվա ընթացքում մի քանի անգամ զանգել է հորաքրոջը: Հետագայում, քանի որ իրենց բարեկամը եղել է գործի քննությամբ զբաղվողների մեջ և հորաքրոջը հորդորել է Մամիկոնին գտնել ու համոզել, որ ներկայանա, հորաքույրը Մամիկոնին հեռախոսով համոզել է՝ գնալ հենց հիշյալ բարեկամի տուն ու ներկայանալ:
 
 Նաև նույն բարեկամն ու քննիչն ասել են, թե Մամիկոնը հնարավոր է՝ դանակը գցած լինի հորաքրոջ պարտեզում՝ հետևի դարպասի մոտ:
 
 Հորաքույրը տան այդ հատվածում ուշադիր է եղել ու նկատել է ընկած դանակը: Նա անմիջապես տեղյակ է պահել իրավապահներին, դանակը հայտնաբերվել է խոտերի մեջ, ընթերակաների ներկայությամբ առգրավվել է…
 
 Հորաքույրը չժխտեց, որ հատկապես եղբոր մահից հետո պարբերաբար գնացել է եղբոր տուն, որպեսզի բացատրական աշխատանք տանի այդ տանը տիրող անհաշտության պատճառով: Հորաքույրն ասաց, թե մեկ տարում իրենց ընտանիքում մի քանի մահ է եղել՝ մահացել է իր հայրը, հետո ամուսինը, հետո քրոջ ամուսինը, հետո էլ՝ եղբայրը… Իրենք եղել են սթրեսի մեջ, բայց չեն պատկերացրել, որ Մամիկոնը նման բան կարող էր անել… Հորաքույրը ժառանգության բաժանման պատճառով եղբոր ընտանիքում տիրող իրավիճակն էր համարում կատարվածի պատճառ, նա ասաց, թե եղբայրն էլ մեղքի բաժին է ունեցել, որ ժառանգությունը հավասարաչափ չի բաշխել, Մամիկոնին չի հատկացրել այն, ինչ հասնում էր նրան… 
 
 
 
 Դատարանի դահլիճում Մամիկոնը չկար, բայց կրքերը շիկացած էին: Նույն ընտանիքին պատկանող մարդիկ մեղադրում էին միմյանց՝ երբեմն Մամիկոնի մասին մոռանալով… 
 
 
 
 Դատական հաջորդ նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը: Կհարցաքննվի նաև Մամիկոնի մայրը՝ նրա օրինական ներկայացուցիչը դատարանում: