«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման գործով ԱԺ-ում երեկ ստեղծվեց Քննիչ հանձնաժողով: Միայն թե, ինչպես պնդում են «Ելք» և ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները, այս հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, քանի որ միջադեպի վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, որի պարագայում խորհրդարանն այլեւս նման լիազորություն չունի:
 
Հատկանշական է, որ ժամանակին, երբ ՀՀԿ-ն իշխանության էր, սահմանադրական փոփոխություններով, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովի գաղափարը ներմուծեց, նաև թմբկահարում էին, թե դա ընդդիմության շահերից է բխում: Բայց նրանք նաև ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում ամրագրել էին քրգործի առկայության դեպքում քննիչ հանձնաժողովի ձեւավորման դեմ արգելքը որպես ական, որպեսզի այդ հանձնաժողովը հարկ եղած դեպքերում չձեւավորվի, եւ ընդդիմությունը զրկվի այդ գործիքից։
 
Ու հիմա ստացվում է, ՀՀԿ դրած ականները հենց իրենց դեմ են պայթում: Նշենք, որ Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից և 1-ը՝ ՀՅԴ-ից: Եթե «Ելք»-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն շարունակեն միասին համագործակցությունը, ավելի շատ ձայն կունենան, քան ՀՀԿ-ն»:
 
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում