Նիկոլ Փաշինյանի առայժմ նուրբ ակնարկը Խաչատուրովի պատմության առիթով.
 
Հայտնի գաղտնալսման առիթով տեղի ունեցած մամուլի ասուլիսը և դրանում ՀՔԾ և ԱԱԾ պետի հայտարարությունները, նոր քրեական գործերի կամ Մարտի 1-ի գործով նոր հանգամանքների կամ բացահայտումների մասին, դարձել են հանրության լայն քննարկման առարկա: Իհարկե, դրանց մի զգալի մասում չկար առանձնապես որևէ սենսացիա, իսկ որևէ հստակ ապացույց ներկայացված չէ: Ըստ այդմ` հայտարարությունները դարձել են նաև այնպիսի դատողությունների առիթ, որոնք կասկածի տակ են դնում իրավապահ համակարգի կոմպետենտությունը, այն դիտարկելով որպես թավշյա հեղափոխության գործընթացի, նոր իշխանության հեռանկարի համար քաղաքական խնդիրների և անհարմարությունների աղբյուր:
 
Ընդ որում՝ այդ իմաստով բավականին ուշագրավ տողատակեր էր պարունակում Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ընթացքում, որտեղ նա մանրամասնում էր Յուրի Խաչատուրովի հանդեպ կալանքի դրվագը, որ գաղտնալսված հեռախոսազրույցի, այսպես ասած, առանցքային դրվագներից մեկն էր, իսկ մինչ այդ էլ տարբեր տեղեկատվական հարթակներում օգտագործվել էր իշխանության դեմ: Նիկոլ Փաշինյանը խոսելով այդ մասին բավականին մանրամասն, ընդհուպ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների, նրանց միջնորդության մասին, դրա հանդեպ իր վերաբերմունքի, Խաչատուրովին չկալանավորելու որոշման հարցում այդ միջնորդության դերակատարման մասին, մի քանի անգամ շեշտում էր, որ այդ գործերով պատասխանատու կերպով հարցադրում է արել ՀՔԾ-ին, դրա ղեկավարին, թե արդյո՞ք ամուր են իրավական հիմքերը, անթերի են իրավական գործողություններն ու կալանքի կամ այլ որոշման վերաբերյալ նախաձեռնությունները: Փաշինյանի հայտարարություններում, անշուշտ, չկար որևէ ուղի մեղադրանք կամ հիասթափություն քննչական մարմնի գործողություններից, սակայն միևնույն ժամանակ հատկանշական էր, որ վարչապետը կարևորագույն այդ դրվագի առնչությամբ բավական ընդգծված շեշտում էր հանգամանքը, որ ինքը դրել է՝ իրավական անթերիության խնդիր։
 
Մինչդեռ, Մարտի 1-ի գործում քննչական կառույցի գործողությունների և քայլերի հանրային բարձր լեգիտիմությամբ հանդերձ, ակնառու է, որ գործընթացը ժամանակի ընթացքում առաջացնում է պարբերական խնդիրներ, սկանդալներ, նաև նեղ մասնագիտական շրջանակներից բխող տարակույսներ, ընդ որում՝ ամենևին ոչ միայն նախկին իշխանական շրջանակներից: Իսկ քննչական կառույցների գործողություններում որքան էլ կարևոր է իհարկե հանրային մեծ լեգիտիմությունը, հատկապես աղմկոտ գործերում, այդուհանդերձ, ի տարբերություն քաղաքական կառույցների, այդ գործողությունը չի կարող ամուր հիմնվել միայն այդ լեգիտիմության վրա, անհրաժեշտ են անհերքելի փաստեր, որովհետև, խոշոր հաշվով, այդ տեսանկյունից հանրային լեգիտիմությունը մի բան է, որը նաև պահանջում է որոշակի սնուցում: Իսկ այդ դեպքում սնուցման աղբյուր պետք է լինի ոչ միայն քաղաքական առաջնորդի խարիզման, այլ նաև, այսպես ասած, հանրային մեծ հնչեղությամբ իրավա-քաղաքական խնդիրներով զբաղվող և պատասխանատու կառույցների արդյունավետ աշխատանքի արդյունքը:
 
Գործնականում, խորհրդարանում վարչապետի ելույթը այդ իմաստով դրա առայժմ բավականին նուրբ արձանագրումն էր, որը պետք է լինի ազդակ բոլոր կառույցների համար: Ի վերջո, խնդրի առկայությունն էր նաև Նիկոլ Փաշինյանին ստիպել կանգնել խորհրդարանում և ունենալ այդ ելույթը, որովհետև դա ամենևին գաղտնալսման փաստի մասին չէր, այլ թեմայի, մինչդեռ, խնդիր պետք է լիներ միայն փաստը, ոչ թե թեման:
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի