Երևանի ավագանու կողմից Ռաիսա Մկրտչյանին բնակարան նվիրելու մասին չէ, որ ուզում եմ խոսել։ Ոչ էլ «Երկիր ծիրանի» կուսակցության անդամների մասին, ովքեր հայտարարեցին, թե Մկրտչյանը բնակարան ունի և հետևաբար ավագանին կարող էր բնակարան նվիրել այն քաղաքացիներին, ովքեր առհասարակ ունեն բնակարանի խնդիր:
 
Բոլորովին այլ բան եմ ուզում ասել։
 
Ուզում եմ, որ Մեծերը Մեծ մնան, չմանրանան։
 
Երգչուհին իրեն, իր արժանիքները ներկայացնելու կարիքը չունե՜ր, մենք նրան գիտենք ու ցավ եմ զգում, երբ դիտարկմանը, թե «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները քննադատեցին քաղաքապետի որոշումը, նշելով, որ երգչուհին ունի բնակարան, և այն կարելի էր ուրիշ ընտանիքի հատկացնել, երգչուհին արձագանքում է.
 
«Ո՞չ, երբ որ ես այսքան գործ եմ արել մեր երկրի համար, միշտ եղել եմ առաջին շարքում, ներկայացրել եմ… իրավունք չունե՞մ մի անկյուն ունենամ: Այս տարիքում մեզ մի քիչ հանգիստ է պետք» Araratnews.am։
 
Այդքան գործ եմ արել երկրի համար, ոնց որ ասես այսքան բան եմ արել մորս, ծնողիս համար։
 
Երկիրը, մայրը ոչինչ չի՞արել․
 
1977 ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
 
2001 - Մովսես Խորենացու մեդալ
 
2009 ՀՀ վարչապետի շնորհակալագիր
 
2011 ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալ
 
2006 ՀՀ ժողովրդական արտիստ
 
2015 Երևանի պատվավոր քաղաքացի
 
2016 «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
 
Որդին ծնողի «երեսով չպիտի տա իր արած գործը»։ Ակամայից հիշում եմ մեր 18 տարեկան զինվորներին, ովքեր երկրի համար իրենց կյանքը «մատաղ արին»։
 
Ո՞վ մորը «երեսով կտար», որ նրա համար գործ է արել․․․
 
Տեսնես՝ նրանցից մեկը մտածե՞լ է, որ ինչ որ բան է անում երկրի համար, ու երկիրը պարտք է իրեն։ Ումից լսել եմ, ասել է՝ ես գնում եմ իմ պարտքը կատարելու։
 
Հասմիկ Բաբաջանյան