Աղմկահարույց բացահայտում. միայն իմանաք, թե ովքեր են հարցաքննվելու Քոչարյանից հետո. քննության բանալին
 
lragir.am-ը գրում է. «Փաստաբան, Մարտի 1-ի գործով 211 թվականին Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան երկխոսության արդյունքում ձեւավորված փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքը չպետք է հրապարակվի, քանի որ դա օրենքի պահանջ է: Ըստ նրա, նախաքննության ընթացքում տրված որեւէ մեկի ցուցմունքը հրապարակման ենթակա չէ եւ չպետք է օրենքը շրջանցող բացառություն լինի Քոչարյանի համար, ինչքան էլ մեծ է այդ ցուցմունքը լսելու հանրության ցանկությունը:
 
 
Ռոբերտ Քոչարյանը հարցաքննվելու է հուլիսի 26-ին, համենայն դեպս ըստ նախապես ազդարարվածի: Խոսակցության առարկա է դարձել այն, թե արդյոք դա պետք է ձայնագրվի: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել էր, թե դա տեխնիկական հարց է, որը պետք է քննարկվի:
 
Հանրությունը Քոչարյանի հարցաքննությունը կլսի կամ կընթերցի թերեւս մեծագույն հետաքրքրությամբ: Միաժամանակ հետաքրքրության առարկա է ոչ միայն այն, թե ինչ կասի Քոչարյանը, այլ նաեւ նրան ուղղված քննչական հարցերը: Ի վերջո, հանրությունն այդպիսով կհամոզվի, թե քննչական խումբը ինչքանով է Քոչարյանի հանդեպ մասնագիտորեն բարեխիղճ:
 
Մյուս կողմից, հանրային վստահության հարցը թերեւս առնչվում է նաեւ քաղաքական կամքի հանդեպ վստահությանը: Եթե կա վստահություն իշխանության նկատմամբ, որ չի լինի քննության քաղաքական արգելք, ապա հանրությունը թերեւս պետք է բավարարվի օրենսդրության սահմանած կանոններով եւ չպահանջի ավելին: Իսկ քննչական կառույցն արդեն իր գործունեության արդյունքում պետք է հաշվետու լինի քաղաքական ղեկավարի առաջ: Հանրության առաջ հաշվետու է քաղաքական ղեկավարը, եւ եթե Մարտի 1-ի գործի քննության հարցում չլինի շոշափելի արդյունավետություն, ապա դրա համար հանրությանը պատասխան պետք է տա Նիկոլ Փաշինյանը:
 
Դա է մեխանիզմը:
 
Այդուհանդերձ, անհերքելի է նաեւ, որ հանրության մեջ կա տարածված գնահատական եւ կարծիք Մարտի 1-ի համար Ռոբերտ Քոչարյանի պատասխանատվության մասով: Որքանով այդ կարծիքն առկա է ու տարածված՝ Քոչարյանի հանդեպ իրավապահների գործողության անաչառությունն ու այսպես ասած անկեղծությունը գնահատվելու է հենց այդ տարածվածության չափով:
 
Այլ կերպ ասած, մինչեւ Քոչարյանի այսպես ասած մեղավորությունը չհաստատվի, հանրության մի զգալի մաս չի համարի, թե կատարվել է անաչառ քննություն ու Մարտի 1-ը բացահայտվել է ամբողջությամբ: Ինչքան էլ սուբյեկտիվ է չափման այդ ելակետը, այն կա եւ դա օբյեկտիվ իրականություն է, որը թողնելու է կամ թողնում է իր ազդեցությունը, անկախ Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահությունից:
 
Այդ իմաստով, իրավիճակը բավական բարդ է ու խրթին: Մյուս կողմից, Քոչարյանն անկասկած «բանալի» է, որը կբացի Մարտի 1-ի հետ կապված շատ փակ հանգամանքներ: Համենայն դեպս, այդ իմաստով յուրօրինակ ինդիկատոր կլինի այն, թե նրանից հետո էլ ովքեր կկանչվեն հարցաքննության, որոնք այդ օրերին զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոն ու պատասանատու են եղել պետական կառավարման համակարգի գործողությունների համար: Հայտնի է, օրինակ, որ հարցաքննության է կանչվել Յուրի Խաչատուրովը: Բայց տարօրինակ կլինի, եթե չհարցաքննվի Սերժ Սարգսյանը, որը գործող վարչապետն էր ու խորհրդարանի մեծամասնություն ունեցող ուժի ղեկավարը: Տարօրինակ կլինի խորհրդարանի այն ժամանակ խոսնակ Տիգրան Թորոսյանին չհարցաքննելը: Բավական ասելիք պետք է ունենան գեներալ Մանվելը, որը համենայն դեպս ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության բանակցում էր ԳՇ պետ Սեյրան Օհանյանի հետ, որ բանակը չօգտագործվի ժողովրդի դեմ: Տարօրինակ կլինի հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի չհարցաքննվելը, որն անկասկած կարող է տիրապետել բազմաթիվ մանրամասների, որոնք կօգնեն բացահայտմանը, նաեւ հնարավոր է տարբեր պաշտոնյաների հետ առերեսման սկզբունքով»: