Իրավապահները փնտրում են իրենց միջի Հուդային. ուր են տանում փնտրտուքները 
 
2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման  պատմության խմորը դեռ շատ ջուր կուզի:
 
Գործը հասավ օրենսդիրներին
 
Հեռախոսային ձայնագրությունը այն աստիճան խառնաշփոթ է ստեղծել, որ անգամ գործին խառնվեցին օրենսդիր մարմնի ներկայացուցիչները: Մասնավորապես Հայաստանի Սահմանադրության 108-րդ հոդվածով նախատեսված հնարավորություններից օգտվելով` Ազգային ժողովի առնվազն 26 պատգամավոր դիմել է Արա Բաբլոյանին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար: Ըստ սահմանադրության` 
 
 1. Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով` Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող եւ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով  կարող է ստեղծվել  Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: 
 
 
 2. Պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում քննիչ հանձնաժողովի լիազորություններ կարող է իրականացնել միայն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով:
 Եվ ահա ՀՀԿ-ական պատգամավորներն էլ, օգտվելով հարմար առիթից, Ազգային ժողովին առաջարկեցին ստեղծել Քննիչ հանձնաժողով՝ ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնիության իրավունքի խախտման եւ բովանդակային մասի ուսումնասիրման հարցով:
 
 Միմյանց դասեր տալու ժամերը
 
 Եվ այսպես, ԱԺ-ում սկսվեց քննարկումը հանձնաժողովի ստեղծման շուրջ, որի մասին իր գնահատականը տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` նշելով, որ ԱԺ կանոնակարգ օրենքով քննիչ հանձնաժողովի ստեղծման սահմանափակում կա.«Զարմացած եմ, որ այդ սահմանափակումը վրիպել է ձեր աչքից: Սահմանափակման մեջ հստակ գրված է, որ չի կարող Քննիչ հանձնաժողով ստեղծվել, երբ նախաքննություն է ընթանում: Երկու դեպքերով էլ նախաքննություն է ընթանում, քրեական գործեր են հարուցված: ԱԺ-ն չի կարող ստեղծել նման հանձնաժողով»: 
 
 Ի պատասխան Էդմոն Մարուքյանի` Քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Կոստանյանն ասաց, որ իսկապես այդ հանգամանքը չէր կարող վրիպել իրենց աչքից: «Այո, կանոնակարգով հստակ սահմանվում է, եւ կոնկրետ փաստերի հետ կապված հարուցված է քրեական գործ, բայց մենք չենք խոսում կոնկրետ քրեական գործի կամ կոնկրետ հանգամանքների մասին: Սա մեզ բերում է այն եզրահանգման, որ եթե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնիության իրավունքը խախտվել է, առնվազն կասկածի տեղիք է տալիս ցանկացած քաղաքացու համար՝ արդյոք իր հեռախոսային գաղտնիության իրավունքը պաշտպանված է»:
 
 Կրկին ֆիզիկայի օրենքը գործեց, եւ Էդմոն Մարուքյանը հակադարձեց` նշելով, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշման նախագծում նշված է կոնկրետ դեպք, եւ ստորագրահավաք է իրականացվել կոնկրետ դեպքի ուսումնասիրման հետ կապված, ինչը արգելված է:
 
 Քննարկման ժամանակ ուշագրավ էր ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի գնահատականը, որ դատախազության կողմից գաղտնալսված ձայնագրությունների վերաբերյալ գործ հարուցվել է միայն այն պատճառով, որ խոչընդոտվի ԱԺ-ի սահմանադրական իրավունքը: «Ինչի՞ց եք վախենում, որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում: Հերիք չէ՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանն ունի լիազորություններ, եւ դրանցից վախենալ պետք չէ: Խորհրդարանի իրավաբանները գտել են ձեւը, թե ինչպես են շրջանցելու ձեր կողմից դրված այդ արգելքը, եւ այդ ձեւը բովանդակությանը չի խանգարելու»:
 
 Այսպիսով, չնայած պատգամավորների կողմից տրված իրարամերժ գնահատականներին` Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ սահմանադրության ուժով ստեղծվեց քննիչ հանձնաժողով` 47 կողմ, 14 դեմ ձայների հարաբերակցությամբ: Իսկ Հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ ՀՀԿ խմբակցությունից, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքից, 2-ը՝ «Ելք»-ից եւ 1-ը՝ ՀՅԴ-ից: 
 
 Ի՞նչ կասկածներ ունի նախաքննական մարմինը
 
 ԱԺ-ում հնչում է այն տեսակետը, թե դատախազության կողմից գաղտնալսված ձայնագրությունների վերաբերյալ գործ հարուցվել է միայն այն պատճառով, որ խոչընդոտվի ԱԺ-ի սահմանադրական իրավունքը եւ հանձնաժողվ չստեղծվի: Բայց իրականում իրավապահ համակարգում սրտի խորը կսկիծով փնտրում են իրենց թիկունքից հարվածողին: 
 
 
 
 
 Ինչպե՞ս բացատրենք. սեպտեմբերի 11-ին հայտարարվեց, որ «Հեռախոսային խոսակցույթունների գաղտնիությունը խախտելու, առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալով հանցավոր արարքների հատկանիշներով»:
 
 
Իսկ արդեն երեկ դեպքի առիթով այլ հատկանիշներով քրգործ հարուցվեց, որը հենց Աշոտյանը բնորոշեց որպես իրենց աշխատանքի խոչընդոտում: Նկատենք, որ ՀՀ քննչական կոմիտեն ստացել եւ վարույթ է ընդունել «առերեւույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը»: Նկատի ունենալով, որ հրապարակումները եւ ձայնագրությունն առերեւույթ պարունակում են պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին մատնանշող տվյալներ` ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»:
 
 Քրգործ 2 հատկանիշներով
 
Այսպիսով, երկու հատկանիշներով քրգործ է հարուցվել գաղտնալսման փաստով: Իսկ ո՞րն էր երեկվա «պաշտոնական լիազորություններն անցնելու» առիթով հարուցված քրգործի իմաստը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահները կասկածներ ունեն, որ շարքային մեկը չէր կարող գաղտնալսել ուժային կառույցների առաջին դեմքերին, եւ հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է պաշտոնատար անձանց թեթեւ ձեռքով: Այսինքն` համակարգը փնտրում է, թե ով է եղել այն անձը, որը համակարգի ներսում գտնվելով եւ լավ տիրապետելով գործին` գաղտնալսել է ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին եւ ինչ որ եղանակով հանրայնացնելով այն: Ու շատ կարեւոր է, թե ինչ մոտիվացիայով է իրականացվել: 
 
Հուսանք` քննությունը օպերատիվ ընթացք կունենա եւ իրականում կբացահայտվի այդ պետական խայտառակությունը ողջ մանրամասներով:
 
Հեղինակ՝ Քնար Մանուկյան