Կալանավայրերի վարչության նախկին պետը սկանդալային բացահայտումներ կանի
 
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու համար առաջին ատյանի դատարանի կողմից 2012 թվականին 12 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը, ով ազատության մեջ հայտնվեց` ՀՀ նախագահի կողմից` 2014 թվականին ներում շնորհելու արդյունքում` այսօր պատրասվում է պայքարել` արդարադատության վերահաստատման համար:
 
ScanNews.am-ի թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանը հայտարարեց.
 
«Երբ ինձ նշանակեցին ՔԿՀ-ների վարչության պետ` չէի մտածում, որ մի օր «գլխիս սարքելու են»: Բարեփոխումների ընթացքը նորմալ էր: Հետո արդեն սկսվեցին պատվերներն ու խոչընդոտները: Ես շատ լավ հասկանում էի, որ եթե դրանք կատարեմ մի օր կենթարկվեմ քրեական պատասխանատվության: Ես այդպես էլ չխոշտանգեցի իրենց ասած մարդկանց… ավելի մանրամասն այս պահին չեմ խոսի, որոշ անձանց անուններ կտամ միայն այս մասով` նոր քրեական գործ հարուցելուց հետո: Ես որպես արդարադատության համակարգի նախկին պաշտոնյա չեմ ցանկանում խախտել դեպքերի ընթացքը: Ես դիմելու եմ իրավապահներին`գործը վերաբացելու համար»,- նշեց Սամվել Հովհանիսյանը:
 
Սամվել Հովհաննիսյանը փաստում է.«Ինձ պետք էր դատապարտել ու ամեն գնով գործ սարքեցին, ինձ դատեցին առանց որևէ ապացույցի, «քոփի-փեստ» արած մեղադրական եզրակացությամբ: Ես խայտառակ եմ անելու նախկինում գործող դատական համակարգին, բացահայտումներ կանեմ, չեմ լռելու…»:
 
Սամվել Հովհաննիսյանի խոսքով` բազմաթիվ քրեական գործերի մանրամասներ կհրապարակի ապագայում. «Իրավապահ համակարգի պաշտոնյաները չէին կարող աշխատել օրենքով և խղճով: Եթե հակադրվեին, ապա իմ ճակատագրին կարժանանային»:
 
Սամվել Հովհաննիսյանը այս տարիներին հանգիստ չի ապրել և միշտ մտածել է պայքարելու և արդարադատությունը վերականգնելու մասին:
 
 
Լուսին Ղազարյան