Նաիրա Զոհրաբյանը քաղաքական բանավեճի է հրավիրում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
 
Այս մասին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ ասաց ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ  ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:
 
«Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում:
 
 
Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» ցուցակում են, այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք: 
«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի:
 
 
Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ոնց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ:
 
 
Էլի եմ ասելու՝ չէինք խոսի այս մասին, եթե իրենք չանցնեին արժանապատվության, տղամարդկության ու բարոյականության բոլոր սահմանները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: 
 
 
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ սոցիալական ցանցերի օգտատերերը հաղորդագրություններ են ստանում  հետևյալ բովանդակությամբ. «Նաիրա Զոհրաբյանին ընտրելով՝ դուք ընտրում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրելով Գագիկ Ծառուկյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին»:
 
 
«Նման հաղորդագրություն անգամ մորաքույրս է ստացել: Հիմա ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրում եք դուք, «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի PR-ն անում եք դուք, որովհետև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեցիք դուք, դուխ չունեցաք Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական PR-ը, Քոչարյանին քաղաքական հարթակ տրամադրելու ամբողջ առաքելությունը ձերն է»:
 
 
Մանրամասները՝ տեսանյութում՝