Մեծ Բրիտանիայի եկեղեցական առաջնորդներին առաջարկվել է աջակցել #TruthToPower (Ճշմարտությունը կտա զորություն) նախաձեռնությանը: Արշավի նպատակն է՝ բարձրաձայն ընթերցել ողջ Աստվածաշունչը Լոնդոնի հրապարակում 2018թ-ի ընթացքում:
 
#TruthToPower արշավի նախաձեռնողները հույս ունեն, որ եկեղեցիները, բարեգործական կազմակերպությունները և առանձին քրիստոնյաներ մեկ կամ մի քանի օր կնվիրեն Հին Կտակարանի, Նոր Կտակարանի, Սաղմոսների կամ Առակացի ընթերցանությանը. տեղեկացնում է Christian Today-ը:
 
Վերապատվելի Փեթ Ալերտոնը նշում է, որ այս գաղափարը իր մոտ հայտնվել է մի քանի տարի առաջ, բայց նա զգում է, որ դա հատկապես կարևոր է հաջորդ տարում՝ կապված Մեծ Բրիտանիայի ապագայի և Եվրամիությունից նրա դուրս գալու հետ:
 
«Երկիրը ավելի շատ է մասնատված, քան երբևէ նախկինում,- ասում է նա:- Կարծում եմ եկեղեցին կարող է կարևոր դեր խաղալ, բայց այն ավելի ու ավելի են հեռացնում ու հրաժարվում են նրան լսելուց, իսկ մենք էլ չունենք ազդեցություն ընդհանուր թատերաբեմում: Ուստի կարող ենք գործել հավատքի առանձին տարրերի միջոցով»:
 
«Սա միակ միջոցն է՝ անելու դա նկատելիորեն և մարգարեական ձևով՝ ցանկանալով ձգտել այն լավագույնին, որ Աստված ունի այս երկրի համար»,- հավելում է նա:
 
Ընթերցանության վերջին փուլը կկայանա 2018թ-ի դեկտեմբերի 31-ին, և կազմակերպիչները հույս ունեն, որ դա նշանակալի կլինի և՛ հոգևոր, և՛ խորհրդանշական տեսանկյունից:
 
«Ինչպես ասում է Պողոսը Եփեսացիների 6-ում, մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ հոգևոր իշխանությունների,- նշում է ծառայողը:- Ես կարծում եմ, որ սա մարգարեական տեսանկյունից զորավոր հայտարարություն է, որպեսզի մենք բռնվենք Աստծո Խոսքից, որը պատմականորեն չափազանց կարևոր էր այս երկրի համար… Կա զորություն այն բանում, որ մենք հռչակենք Աստծո Խոսքը և Նրա խոստմունքը բարձրաձայն՝ մեր կառավարության ու ժողովրդի վրա:
 
Մեծ Բրիտանիան այսօր հետաքրքիր ժամանակ է ապրում: Մենք գտնվում ենք ինքներս մեզ որոնելու շրջանում: Մենք քրիստոնյա երկիր ենք եղել անցյալում, բայց ես չեմ կարծում, որ հիմա մենք կարող ենք մեզ այսպես կոչել: Որո՞նք են մեր արժեքները: Սա հետաքրքիր հարց է»:
 
Փեթ Ալերտոնը կոչ է արել եկեղեցական առաջնորդներին՝ աջակցելու այս գաղափարին և ընտրելու ամսվա մեջ իրենց օրը:
 
 
Աղբյուր՝ crossnews.am