Արտաշատում 300 կգ ոսկի գտած բնակիչը բանտարկված է․ դամբարանի տարածքը գտնվում է Աբրահամյանների ձեռքո՞ւմ
 
 
NEWSPRESS.am-ն արդեն մեկ անգամ անդրադարձել է Արտաշատում հայտնաբերված դամբարանի ու ներսում գտնվող 300 կիլոգրամ ոսկու առեղծվածին։
 
 
Պարզվում է, որ ոսկին գտած գյուղացին բանտարկված է։ Այս մասին զրույցում նշեց Արսեն Ավետիսյանը, ով Նորաշեն գյուղի բնակիչ է ու տեղյակ է դեպքերի մանրամասներից։
 
«Ես ապրում եմ Արտաշատում ու իմ ծանոթ տղաներից իմացա, որ Հնաբերդի բնակիչը, ով ոսկին գտել էր, արդեն 1 տարի է՝ բանտարկված է։ Հնաբերդի բնակիչը հող ջրելիս տեսել է, որ ջուրը լցվում է գետնի տակ։ Ու հասկացել է, որ ներսում մի բան այն չէ։ Քանդել է ու գտել Արտաշեսյանների դամբարաններից ինչ-որ մեկը։ Այնտեղից գտել է մոտ 300 կիլոգրամ ոսկի ու տարել տուն։ Հետո հասկանալով, որ իրեն կմատնեն, նա գնացել է ոստիկանություն ու հայտնել գտածոյի մասին՝ այն հույսով, որ օրենքով սահմանված տոկոսը կստանա»։
 
Արսեն Ավետիսյանն ընդգծեց, որ այս դեպքի մասին տեղեկությունները կտրտված են, շատերը նույնիսկ լռում են ու չեն բարձրաձայնում։ Նա պատմեց նաև, թե ոստիկանություն գնալուց հետո ի՞նչ է եղել ու հիմա ի՞նչ վիճակում է այդ տարածքը։
 
«Նա գնում է ոստիկանություն, տանում է նաև 300 կիլոգրամ ոսկին ու արդյունքում նրան էնտեղ այնքան են ծեծում, որ ասում է, թե իբր ոչինչ չի գտել։ Ոստիկանները նույնպես հայտարարում են, որ այդ դամբարանում ոսկի չի եղել։ Սակայն իրականում ծիծաղելի է թվում, քանի որ Արտաշեսյանները եղել են մեր ամենահարուստ արքաները, իսկ նրանցից որևէ մեկի դամբարանում ոսկի չգտնելը ծիծաղելի է, քանի որ նրանք այդ ոսկիները դնում էին, որ մահանալուց հետո օգտագործեն։ Հիմա այդ տարածքում հսկողություն է սահմանված։ Ես մի կերպ եմ գնացել ու այս լուսանկարներն արել։ Ասում են, որ այդտեղ հիմա Հովիկ Աբրահամյանի տարածքն է։ Իսկ Հնաբերդի բնակիչն անազատության մեջ է։ Այդպես են ասում Նորաշենում իմ ընկերները»։
 
Մեզ հետ զրույցում Արսեն Ավետիսյանը հավելեց նաև, որ Հնաբերդի բնակիչն այդքան ոսկին ոստիկանություն տանելուց հետո, չի ստացել իր հասանելիք տոկոսը։ Նա ընդգծեց նաև, որ գյուղում խոսում են, որ ոստիկանները նրան ասել են, թե ի՞նչ իրավունքով է նա քանդել այդ տարածքը, քանի որ պետք է հայտներ իրենց։
 
Ընդգծենք նաև, որ մամուլից բացի, հասարակության մեջ շատ են խոսակցություններն ու քննարկումները այն մասին, որ Արտաշատում ոսկիներ գտնողներ կան։ Դա տրամաբանական է, քանի որ այդ տարածքում են եղել մեր ամենահարուստ արքայական տոհմերը։ Փոխարենն անհավատալի ու անտրամաբանական է այն, որ Արտաշատում կարելի է գտնել դամբարան ու ներսում ոսկի չգտնել։