«Եթե կաշառքի ու փողերի լվացման դրվագն ապացուցվի, անգամ Քոչարյանի զբաղեցրած կարգավիճակը չի փրկի նրան».
 
Lragir.am-ը գրում է.   
 
Եթե Մարտի 1-ի գործի առնչությամբ Քոչարյանն ու իր պաշտպանները պնդում են, թե Քոչարյանը կատարել է իր լիազորություններից բխող գործողություն և իր նկատմամբ չի կարող քրեական հետապնդում իրականացվել, քանի որ օժտված է իմունիտետով, ապա ԱԱԾ վարույթում Քոչարյանի առնչությամբ քննվող փողերի լվացման գործը կարող է այլ ընթացք ստանալ, և Քոչարյանի իմունիտետը ոչ մի պարագայում չի կարող գործել այդ դեպքում։
 
Կաշառք ստանալն ու փողերի լվացմամբ զբաղվելը ընդհանրապես չեն մտնում նախկին նախագահի լիազորություններից բխող գործողությունների ցանկում։
 
Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքերով՝ միայն Վճռաբեկ դատարանի որոշումից հետո հնարավոր կլինի հստակ գնահատական տալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում նրա նկատմամբ կիրառվող խափանման միջոցները անձեռնմխելիության համատեքստում արդյո՞ք վերաբերելի, թույլատրելի են, թե՞ ոչ, և արդյո՞ք ընդհանրապես Քոչարյանը քրեական հետապնդման կարող է ենթարկվել, թե՞ ոչ։ «Բայց ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը անձեռնմխելի չի կարող բացարձակ լինել և նրան ոչ միայն կարելի է մեղադրանք առաջադրել, այլև քրեական հետապնդման ենթարկել։ Բայց, քանի որ մենք այս փուլում ունենք խնդիր, որ Վճռաբեկ դատարանը պետք է քննի և, ըստ այդմ, կայացնի որոշում, ապա պետք է սպասել այդ որոշմանը»,-ասաց Նորիկյանը և անդրադառնալով ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործին փողերի լվացման մասով, նկատեց, որ որևէ արգելք չի տեսնում հարուցված քրեական գործի շրջանակներում Քոչարյանին հրավիրել հարցաքննության և օբյեկտիվ քննություն տանել։ «Ինֆորմացիայի սուղ լինելը հնարավորություն չի տալիս ամբողջական գնահատական տալ։ Ինչ վերաբերում է այս գործի շրջանակներում խափանման միջոցին, ապա այդ մասով էլ ես արգելք չեմ տեսնում, քանի որ, եթե հիմնավորվի փողերի լվացման փաստը, ապա դա ոչ մի պարագայում չի կարող կապվել նրա լիազորությունների շրջանակի հետ։ Բայց Քոչարյանի պաշտպանները հայտարարում են, որ նախկին նախագահին որևէ պարագայում չի կարելի քրեական հետապնդման ենթարկել, անգամ եթե Քոչարյանը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք կատարած լիներ, հանցանք կատարած լիներ և բավարար հիմքեր լինեին նրան հանցագործության մեջ մեղադրելու և քրեական գործ հարուցելու համար։ Նրանք ասում եմ, որ միայն այն հանգամանքը, որ նա եղել է հանրապետության նախագահ, ինքը ենթակա չէ քրեական հետապնդման, քանի որ օգտվում է անձեռնմխելիությունից։ Բայց կրկնում եմ, եթե քննությամբ պարզվի, որ կաշառքի կամ փողերի լվացման դրվագը ճիշտ է, հիմնավորվի դա, ապա միանշանակ հանդես է գալիս քրեական հետապնդման անհրաժեշտություն, և այդ պայմաններում անգամ նրա զբաղեցրած կարգավիճակը չի փրկի Քոչարյանին, որովհետև իր կարգավիճակից բխող որևէ գործողություն չի ենթադրում կաշառքի ստացում»,- ասաց փաստաբանը։
 
Նշենք, որ Վճռաբեկ դատարանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ բողոքը կքննի 90 օրյա ժամկետում և միայն Վճռաբեկի որոշումից հետո պարզ կլինի՝ նախկին նախագահի իմունիտետը բացարձակ է, թե ոչ և որ պարագայում նա կարող է օգտվել իր անձեռնմխելիությունից։