Ֆրանցիսկոս Առաջին Պապը, ելույթ ունենալով Գրենոբլի թեմի երիտասարդ կաթոլիկների առջև, հերթական սկանդալային հայտարարությունն է արել՝ ասելով, որ սեքսն Աստծո պարգև է, ոչ թե տաբու: Այդ մասին գրում է «Дождь» հեռուստաընկերության պաշտոնական կայքէջը:
 
«Սեքսուալությունն ու սեքսը Աստծո պարգևն են: Դրանք երկու նպատակ ունեն՝ սերն ու կյանքի արարումը: Իրական սերը կրքոտ է, իսկ տղամարդու ու կնոջ կրքոտ սերը հավերժական կյանքի գրավականն է միշտ, որը տրվում է հոգով ու մարմնով»,- ասել է Պապը՝ պատասխանելով 24-ամյա աղջկա այն դիտարկմանը, թե սեքսուալության մասին ու սիրո թեմայի շուրջ ավագ սերնդի հետ ավելի դժվար է քննարկում ծավալելը:
 
«Սեքսուալությունը, սակայն, պետք է մեկ չափման մեջ լինի՝ տղամարդու և կնոջ միջև: Բայց այս փառահեղ ճանապարհին մեզ կարող են շեղել մեր թուլություններն ու հոգևոր անկումը: Իրական սիրուց «զատված սեքսուալությունից» ծնունդ է առնում զվարճանքը՝ հիմք դառնալով պոռնոարդյունաբերության համար»,- ընդգծել է Ֆրանցիսկոս Առաջինը:
 
 
Նա երիտասարդներին պատմել է նաև իրար բավական նման ամուսնական զույգի մասին: «Մի անգամ տարեց տղամարդը, որի կինը նույնպես մեծ տարիքի էր, ինձ ասաց. «Մենք կնոջս հետ սիրով չենք կարող զբաղվել, բայց այնքան ուժգին ենք սիրում իրար, որ հաճախ ենք գրկախառնվում, համբուրվում»: Հենց դա է իսկական սեքսուալությունը: Առանց սիրո երբեք «չօգտագործեք» այն»,- ավելացրել է կաթոլիկների առաջնորդը: