Քարոզարշավ՝ տասներորդ օր․ Փաշինյանը բացահայտեց գաղտնիք
 
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության բացահայտել է քաղաքական ուժերին «սևի և սպիտակի» բաժանելու գաղնիքը:
 
«Մեզ մեղադրում են, որ հետևելով Հայկ Մարությանի օրինակին, սևի և սպիտակի բանաձևն առաջ է քաշվել, որը հանգամանքների բերումով դարձավ քաղաքական կարգախոս: Ուզում եմ լինել կատարյալ անկեղծ, որովհետև, իմ կարծիքով, իրականում ինչի՞ց է ծագել այդ բարդությունը՝ քանի որ «Իմ քայլը» դաշինքը ձևավորվել է որպես հեղափոխության ներկայացուցիչների դաշինք և ընտրարշավի ընթացքում այնպես է ստացվել, որ բոլորը կամ շատերը հանդես են գալիս որպես մի ուժ, որը պաշտպանել է հեղափոխությանը, ընդհուպ հեղափոխություն արել: Հայաստանում հեղափոխությունն արել է ժողովուրդը, ոչ մի քաղաքական ուժ հեղափոխություն չի արել, բայց ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ հեղափոխությունը տեղի է ունեցել, քաղաքական ուժերն անորոշ վիճակում են եղել: ․․․Շատ քաղաքական ուժեր իրենք են իրենց դուրս դրել հեղափոխությունից, որովհետև այն ժամանակ, երբ ասում էինք, որ պետք է դուրս գալ փողոց և թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանն անի այն, ինչ ուզում է, քաղաքական ուժերը մի կողմ էին դրել իրենց, անհաղորդ էին, Սերժ Սարգսյանի հետ ապագան էին քննարկում»,- ասել է վարչապետը:
 
Նրա խոսքով, այնուամենայնիվ, այս ընտրարշավի ընթացքում այդ նույն մարդիկ կրկին աշխատում էին վերակենդանացնել Հանրապետականի մեռյալ ընտրակեղծարարական համակարգը: Փաշինյանի ասելով՝ ընտրակաշառքի մեռյալ համակարգը վերակենդանացնելու բոլոր փորձերը ձախողված են: «Երբ քաղաքական պրոցեսին մասնակցող ուժերը հասկացան դա՝ սկսեցին ընտրարշավ անել, հասկացան, որ պետք է խոսեն ոչ թե հանրապետականների, այլ ժողովրդի հետ: Ուրախ ենք, որ սևի և սպիտակի բանաձևով բոլորին ստիպեցինք ուղիղ խոսել ժողովրդի հետ, ոչ թե ժողովրդին կանչել ընտրական շտաբների դիմաց հերթ կանգնելու, այլ գնալ նրա հետ խոսելու, որովհետև հասկացել են, որ միայն նա է որոշելու ընտրությունների արդյունքները»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
 
 
Եթե լրիվ անկեղծ լինենք, ապա այդպես էլ անհասկանալի մնաց, թե որն է եղել քաղաքական ուժերին «սևերի» ու «սպիտակների» բաժանելու մոտիվը, որովհետև դարձյալ չլսեցինք կոնկրետ անուններ, թե ովքեր են փորձել համագործակցել ՀՀԿ-ի հետ կամ, որ ուժերն են ձգտել վիժեցնել օրինական ընտրությունների մոդելի ներդրման գործընթացը։ Համոզիչ չհնչեց փաստարկը, որ այս ընտրական գործընթացում եղել է հակահեղափոխության ռևանշի վտանգ, որը կանխելու համար Փաշինյանի թիմը դիմել է հեղափոխական կոշտ «գունաբաժանման»։
 
Մանավանդ, օրինակ՝ «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ասել է․ «ՀՀԿ-ի տասովշիկները այսօր ավելի շատ ՔՊ-ի տասովկեքն են անում, թող գնան նայեն»։ Եթե նույնիսկ կասկածի տակ ենք դնում Շարմազանովի անկեղծությունը, «տասովշիկները», որպես կանոն, վազում են այնտեղ, որտեղ իշխանությունն է, որովհետև ընտրակեղծարարություն հնարավոր չէ իրականացնել՝ առանց վարչական ռեսուրսի աջակցության։ Անկեղծորեն հավատում ենք նաև, որ Փաշինյանի թիմն ունի բարձ վարկանիշ ու քաղաքական կամք և «տասովշիկների» մեկնած ձեռքի անհրաժեշտությունը չունի։
 
Ընդ որում՝ Փաշինյանի այսօրվա ելույթում կար հակասություն։ Եթե նա պնդում է, որ հեղափոխություն արել է ժողովուրդը, ապա մյուս մրցակիցներին «սևացնելով»՝ հեղափոխությունն ակամյից դարձվեց մեկ քաղաքական ուժի սեփականությունը՝ ընտրություններում հաղթելու նպատակով։ Ինչի՞ է բերում նման մոտեցումը՝ բոլորիս քաջածանոթ է ուկրաինական իրադարձություններից։
 
Մյուս կողմից՝ եթե «սևերի» ու «սպիտակների» բաժանումը բովանդակային բնույթ ունի և պայմանավորված չէ զուտ ընտրական գործընթացներով, ապա Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը քաղաքական հստակ հիմնավորումներով պետք է չեղարկի համաձայնության մոդելը՝ կառավարությունից դուրս թողնելով բոլոր այն ուժերի ներկայացուցիներին, որոնք դարձել են հեղափոխության թիմի տտոտալ հակաքարոզչության թիրախները։ Սա կլինի քաղաքական որոշում, որը բխում է ընթացիկ քարոզարշավի տրամաբանությունից, որովհետև եթե Փաշինյանի թիմը հեղափոխության ուժով ջգտում է տոտալ վերահսկողություն հաստատել իշխանության հանդեպ, կառավարության մյուս ուժերի ներկայությունը կառավարությունում դառնում է դեկորատիվ։
 
Հնարավո՞ր է ստեղծված իրավիճակը հանգեցնի համաձայնության կառավարության փլուզմանը․ այսօր «Ազատություն» ռադիոկայանը հարցրել է «Լույս» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանին։ Վերջինիս պատասխանը քաղաքական է․ «Ինքը առաջարկել է Արտակ Զեյնալյանին նախարար լինել, ինքն էլ կարող է իր առաջարկից դուրս գալ ու ազատել Արտակ Զեյնալյանին: Եթե գործընթացները գնան էնպես, որ լարումները օր-օրի ավելանան, էս հեռակա բանավեճը է՛լ ավելի խորանա, գտնենք ոչ նպատակահարմար, իհարկե կհրաժարվենք կառավարության մաս կազմելուց: Բայց էդ դեպքում դուք ասելու եք՝ ինչո՞ւ թողեցիք վարչապետին մենակ»: Արամ Սարգսյանի պատասխանի վերջաբանը պատահական չէ, որովհետև երեկ Աջափնյակ համայնքում քաղաքացիները նրան ու Էդմոն Մարուքյանին ասում էին՝ գնացեք, Նիկոլի հետ լեզու գտեք։
 
Սա հանրային, սակայն էմոցիոնալ, ոչ քաղաքական դիրքորոշում է, որովհետև մեր հասարակությունը պետք է սովորի պատասխանատու ընտրություն կատարել ու իր ընտրությամբ որոշել քաղաքական ուժերի դասավորությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ մեծացնել հեղափոխության քաղաքական հենարանը, ապա հասարակությունը հարցեր պետք է ուղղի հենց նրան, իսկ մյուսները իրենց տեղը քաղաքական դաշտում պետք է նվաճեն ոչ թե «լեզու գտնելով», այլ՝ ժողովրդի հետ ակտիվ երկխոսության, իրենց քաղաքական այցեքարտը ներկայացնելու ճանապարհով։ «Լույս»-ն այս ընտրարաշավում պատմական առաքելություն է կատարում․ հեղափոխության պլատֆորմի հենքի վրա փորձում է ձևավորել դեմոկրատական ընդդիմություն, որն ավելի կարևոր դերակատարություն է, քան՝ սեփական թեկնածուին քաղաքապետ դարձնելը։ Եթե Հայաստանում այս փուլում չձևավորվի դեմոկրատական հակաշիռ, ապա մեծ է քաղաքական մենաշորհի հաստատման ռիսկը, որը կարծում ենք՝ այնքան էլ չի բխում հեղափոխության օրակարգից ու համատեքստից։
 
Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Երևանի ավագանու ընտրությունները Հայաստանի առաջին ընտրություններն են, որոնք դուրս են քաղաքացիների իմացած տրամաբանությունից, որոնց արդյունքների վերաբերյալ չկա ոչ մի կուլիսային պայմանավորվածություն, ոչ մի դավադրություն, ոչ մի կանխորոշվածություն։ Դա իսկապես այդպես է ու հրաշալի է նաև, որ ընտրական գործընթացը ձերբազատված է ընտրակաշառքից ու վարչական ռեսուրսի կիրառումից։ Սրանով հանդերձ՝ Երևանի ավագանու միանգամայն օրինական ընտրությունները լրիվ ազատ համարվել չեն կարող, որովհետև եթե բարձր վարկանիշ ունեցող իշխանությունը՝ քաղաքական ու պետական օրակարգերի համադրումով, հասարակությանը կանգնեցնում է «սևի» ու «սպիտակի» դիլեմայի առաջ, ապա ընտրությունը վերածվում է հեղափոխության առաջնորդի վստահության հանրաքվեի, որի լեգիտիմությունը ընդունում են բոլորը, սակայն դժվար է ասել, թե մի քանի ամիս հետո, երբ հեղափոխական էյֆորիան նահանջի, արդյո՞ք Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ներդաշնակ կլինեն հանրային տրամադրությունների հետ։
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի