1in.am-ը գրում է՝
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորությունը վայելող, ամենօրյա ռեժիմով հարցազրույց տվող և Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից տպավորված Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում է՝ Փաշինյանը ծրագիր չունի, ուզում եմ հարցնել՝ իսկ ո՞րն էր քո ծրագիրը…
 
Եվ հաճախ նույն պատասխանն է մտքումս գալիս՝ երկիրը քանդելը, սփյուռքահայերին, պետությանը թալանելը: Դա ձեռնտու է եղել և՛ թալանողներին, և՛ նրանց հովանավորող և ժողովրդավարություն չհանդուրժող վերպետական ուժերին…
 
Եվ ահա հերթական տուժած սփյուռքահայն է եկել դատարան՝ պատմելու իրենց հետ կատարվածը… սկսած 2005 թվականից:
Նարինե Կիրակոսյանի ընտանիքի պատմությունը շաղկապված է մեկ այլ տուժողի՝ ամերիկահայ Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին Կապիտալ»-ի թալանի և գործով որպես մեղադրյալ անցնող Վլադիսլավ Մանգասարյանի հետ:
 
Սեպտեմբերի 19-ին, Երևան քաղաքի դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, հարցաքննվեց տուժողներից ԱՄՆ քաղաքացի Թոնի Ռազմիկ Նազարյանսի կինը՝ վկա Նարինե Կիրակոսյանը:
Մինչ նիստը սկսելը՝ տիկին Նարինեն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ 2005թ.-ին իրենք, ամուսնու հետ միասին, ցանկացել են ԱՄՆ-ից տեղափոխվել Հայաստան, որպեսզի երեխաներն այստեղ մեծանան և դպրոց գնան:
 
Սկզբում հաստատվել են Կոտայքի մարզի Առինջ գյուղում: Ծանոթներից մեկն իրենց տեղեկացրել է Մաշտոցի պողոտայում կառուցվող շենքի մասին և ծանոթացրել գործով ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանի հետ:
 
Նարինեն ամուսնու հետ գնացել է Երևանի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի հետևում գտնվող՝ Մանգասարյանի գրասենյակ: Այնտեղ համակարգչով ցույց են տվել շինարարական նախագիծը, գնորդները հավանել են և բնակարան գնելու ցանկություն հայտնել:
Այդ ընթացքում Նարինեի և Թոնի երեխաները 1-2 տարի հաճախել են գյուղի դպրոցը, իսկ իրենք՝ գնվելիք բնակարանի 100․000 դոլարից ավելի գումարը վճարելու համար ԱՄՆ-ում գրավ են դրել իրենց ունեցած ամբողջ գույքը, սակայն 6.000.000 դոլարի վնաս կրել, Երևանի բնակարանն էլ չեն ստացել մինչ օրս…
 
Ստիպված՝ կրկին տեղափոխվել են ԱՄՆ:
 
Վկա Նարինե Կիրակոսյանը դատարանում ասաց, որ առաջին անգամ է ներկա գտնվում սույն գործով դատական նիստին, քանի որ ԱՄՆ-ում են բնակվում, և իր գալը ուղղակի զուգադիպել է: Որպես զբոսաշրջիկ է եկել Հայաստան, թեև կեցության իրավունք էլ ունեն:
 
 
Դատական նիստում, վերը նշվածին հավելեց մանրամասները: Նարինեն ասաց, որ իրենք գումարը ուղարկել են իր եղբորը՝ Արտակ Կիրակոսյանին, նա էլ վճարել է, կտրոնը վերցրել: Նշեց, որ վճարված գումարը եղել է 100.000 կամ 105.000 դոլար. լավ չի հիշում, քանի որ ամուսինն է այդ գործով զբաղվել:
 
Մեղադրողը, այնուհետև դատավորը փորձեցին ճշտել՝ որքա՞ն է եղել այդ գումարը՝ 100.000, թե՞ 105.000: Նարինեն հուզված ասաց, որ եթե ուզում են իմանալ՝ ինքը այդ գործարքի պատճառով 6 միլիոն դոլարի վնաս է կրել, և ինքը նյարդայնանում է այդ հարցի մասին խոսելիս։ Ասաց՝ պահանջում է և իշխանափոխությունից հետո հույս ունի, որ բանկին անցած, այնուհետև այլ անձի վաճառված իրենց տունը, ի վերջո, կվերադարձվի:
 
Դատարանը պարզաբանեց, որ գործով նա վկա է, ոչ թե տուժող, ուստի պահանջելու իրավունք չունի, կարող է միայն գործի մասին իր իմացածը հայտնել:
 
Ըստ քրեական գործի նյութերի՝ Թոնի Ռազմիկ Նազարյանսի լիազորված անձ Արտակ Կիրակոսյանը պայմանագիրը կնքել է Վլադիսլավ Մանգասարյանի՝ «ՎԷՌՄ» (Վլադիսլավ, Էդուարդ, Ռուբեն Մանգասարյաններ) ընկերության հետ:
Վկայի խոսքերով՝ մոտ 5 տարի առաջ ինքը եկել է Երևան և գնացել, որ իրենց տունը տեսնի: Սակայն իրեն հայտնել են, որ տունը անցել է բանկին, հետո՝ Մոսկվայից ինչ-որ մեկը գնել է: Այդ մասին լսելուց հետո Նարինեն «վատացել է» և մի կերպ է հասել տուն: Վլադիսլավ Մանգասարյանը փորձել է հանդարտեցնել իրավիճակը. նա խոստացել է, որ կտա տունը, և վկան հույսով է, որ կստանա այն՝ թեև մի պահ նույնիսկ դա է կորցրած եղել:
 
Եվ այս պարագայում, որքան էլ տարօրինակ է, վկան ասաց՝ Վլադիսլավ Մանգասարյանի կողմից իրեն խաբված չի զգում. անցել է 13 տարի…
 
Մեղադրողի հարցին ի պատասխան՝ Նարինե Կիրակոսյանն ասաց, որ լսել են Էդմոնդ Խուդյանի մասին, բայց նրա հետ չեն շփվել, չեն ճանաչել:
 
Ամբաստանյալ Վլադիսլավ Մանգասարյանը հարցրեց, թե վկան տեղյա՞կ է, որ ինքը նրանց գումար է տվել բնակմակերեսի (145քմ.) տարբերության դիմաց: Վկան ասաց՝ այո, լսել է, սակայն նրա նշած թիվը Մանգասարյանն ուղղեց. ասաց, որ իրականում Թոմին 24.000 դոլար է տվել, և շարունակեց հարցը, թե այդքան գումարը տարօրինակ չթվա՞ց մակերեսների արժեքի առումով: Վկան չժխտեց, ամբաստանյալն էլ ճշտեց, որ այն ժամանակ Թոնին իրենից 20.000 դոլար պարտք է ուզել, որովհետև պետք է հոր աչքերը վիրահատեին:
 
Նարինեն ասաց, որ իրենք մի քանի անգամ ցանկացել են վաճառել տունը, սակայն չեն ունեցել բնակարանի սեփականության վկայական:
Վլ. Մանգասարյանը հարցրեց՝ դուք ինձնից լսե՞լ եք, որ դա ձեր բնակարանը չի:
 
Ն. Կ.- Ոչ… Բայց վկայական չեք տվել:
 
Վ. Մ.- Էդ ժամանակ ոչ մեկին էլ սեփականության վկայական տված չենք եղել:
 
Ն. Կ.- Բայց հետո ուրիշները ստացել են, մենք՝ ոչ:
 
Վ. Մ.- Ես չէի տվողը, «Արին Կապիտալը»:
 
Դատավորը կրկնեց տուժողի հարցը՝ ո՞ւր է այս մարդկանց սեփականության վկայականը. 2005թ-ին դուք եք վերցրել գումարը, վկայականները տվել եք 2013-ին, 8 տարվա ընթացքում ինչո՞ւ չեք տվել այս մարդկանց վկայականը, ո՞ւր է նրանց բնակարանը:
 
Վ. Մ.- Սնանկության կառավարչին է անցել:
 
Դատավոր- Իսկ ինչո՞ւ եք թույլ տվել, որ սնանկանա…
 
Մանգասարյանը պատասխան չուներ…
 
Հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին: