Մարդու Իրավունքի Եվրոպական դատարանը վճիռ է հրապարակել Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի հանրապետության գործով, որն այլ կերպ ասած վճիռ է Մարտի 1-ի գործով: Փաստաբան Վահե Գրիգորյանն այդ կապակցությամբ գրառում է արել համացանցի իր էջում.
 
 
«Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։
 
 
Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։ Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել»:
 
ՄԻԵԴ որոշումը հատկապես ուշագրավ է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, մասնավորապես նախկին իշխանության որոշ խմբերի նախաձեռնությունների ֆոնին, որոնք Հայաստանում նոր իրավիճակը բնութագրում են որպես ժողովրդավարության, մարդու իրավունքի խախտման եւ ընդհուպ բռնապետության դրսեւորում: Օրինակ, այդ գնահատականներն է հնչեցրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ ԱԺ ներկայիս փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ հայտարարել էր Հայաստանի իրավիճակի այդ հարցը ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի քննության առարկա դարձնելու մասին: ԵԽԽՎ մասին խոսել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը:
 
 
Փաստացի, ՄԻԵԴ որոշումը դառնում է պատասխան այդ գնահատականներին ու նախաձեռնություններին: Իհարկե ԵԽԽՎ-ն եւ ՄԻԵԴ-ը միմյանց շատ մոտ են աշխարհագրորեն՝ մի քանի րոպե քայլ կատարելու հեռավորության վրա, բայց ֆորմալ առումով դրանք տարբեր ինստիտուցիոնալ հարթություններ են, այդուհանդերձ ՄԻԵԴ վճիռը քաղաքական խորհրդանշականության տեսանկյունից ընդհուպ հարված է Ռոբերտ Քոչարյանին, Արփինե Հովհաննիսյանին եւ ընդհանրապես նախորդ համակարգի բոլոր այն սուբյեկտներին, որոնք ծրագրում են Հայաստանում «բռնապետության» հարց բարձրացնել ԵԽԽՎ առաջ:
 
Առայժմ այդ նախաձեռնության միակ դրական արձագանքը փաստորեն շարունակում է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արձագանքը:
 
 
Խորքային առումով Եվրոպան թերեւս գիտակցում է, թե ինչ հարվածի տակ է դրվել Հայաստանի նախորդ համակարգից եկած այդ նախաձեռնությամբ: Բանն այն է, որ նախաձեռնությունը Եվրոպայի Խորհրդին դրել է Հայաստանում իր հանրային լեգիտիմությունը կասկածի տակ դնելու լրջագույն ռիսկի առաջ:
 
Այդ իմաստով ՄԻԵԴ որոշումը պատասխան կամ հարված լինելով Եվրոպան այդ ռիսկի առաջ դնող Հայաստանի նախկին համակարգի ներկայացուցիչներին, ահազանգ է նաեւ հենց ԵԽ ներկայացուցիչների համար, որոնք պետք է քննարկեն այդ բողոքները: