ՎԱՏ ԼՈՒՐ. ԹՈՒՐՔԸ ԱՐԴԵՆ ԿՐԱԿՈՒՄ Է ՄԱՅՐՈՒՂՈՒՆ. ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ ՊԵՏՔ Է
 
Նախիջեւանում ադրբեջանական մարտական դիրքերի առաջ բերման պատմությունը որքան էլ կոծկվեց ու շղարշվեց` հանրության ուշադրությունը շեղելով ԱԱԾ բացահայտումների վրա, այդուհանդերձ, իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ: Հիշեցնենք, որ ադրբեջանական աղբյուրները պնդում էին, թե առաջխաղացման արդյունքում 11 հազար հեկտար մինչ այս չեզոք համարվող տարածք են վերահսկողության տակ առել, իսկ Պաշտպանության նախարարությունը հերքում էր միայն թիվը: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել եւ ի՞նչ վտանգներով է հղի սահմանային իրավիճակը, «Իրավունքը» պարզեց Հատուկ նշանակության հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար, հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻՑ:
 
 
«ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄՏԱՀՈԳԻՉ Է ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼ ՊԵՏՔ Է»
 
– Պարոն Վարդանով, այդպես էլ հանրության համար մշուշոտ մնաց, թե ինչ  իրավիճակ է Նախիջեւանի սահմանում, որովհետեւ ՊՆ-ն որոշ փորձագետների տարել էր տեղում իրավիճակին ծանոթանալու, նրանք էլ լծվել են հերքելուն, թե   անհանգստանալու առիթ չկա: Բայց այն, որ տեղաշարժ կա հակառակորդի կողմից եւ մտահոգիչ է, դեռեւս չի հերքել որեւէ լուրջ ռազմական փորձագետ:
 
 
– Դրա համար էլ այդ այցի ժամանակ ինձ չէին կանչել, որովհետեւ գիտեն` ինչ կա, այդպես էլ ասելու եմ: Այո, իրավիճակը մտահոգիչ է եւ հարյուր տոկոս անհանգստանալ պետք է, իսկ պանիկայի մեջ ընկնել մենակ գժերին է կարելի: Եթե մենք նորմալ, խելքը գլխին մարդ ենք, գոնե այդպիսին մեզ համարում ենք, պետք է սկսենք լարված աշխատել, որովհետեւ աշխատելու շատ տեղ կա: Բա դիրքերն իրենց բարելավել են` ահագին առաջ գալով, մտահոգիչ չէ՞: Առաջ, եթե մեր դիրքապահները թուրքին հեռվից հեռադիտակով էին տեսնում, հիմա պարսատիկով կարող են իրար խփել: Միեւնույն ժամանակ, իրենք դուրս են եկել այն հեռավորության վրա, որով տեսնում են Երեւան-Մեղրի մայրուղին ու մայրուղու վրա կարող են իրենց հրետանին հարմարեցնել` առանց անօդաչու վերեւ հանելու: Դրա հետեւանքով մայրուղով տեղաշարժվող զորքերը, զենքը, զինամթերքը կարող է կրակի տակ առնվի` հողի վրայից այդ պահին ճշգրտելով կրակի թիրախների տեղը: Այս ամենը մտահոգիչ չէ, բա ի՞նչ է:
 
 
– Ադրբեջանական ռազմական հենակետերի տեղաշարժերի հետեւանքով մոտավորապես` որքա՞ն չեզոք տարածք է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ:
 
– Արենի գյուղի մոտ է, ախր ինչպես ասեմ, որ պանիկա չդառնա: Անհանգստանալու խնդիր չկա, եթե իրավիճակն այսպես խաղաղ է. մեկ-մեկ իրար սպանում ենք` մեկ իրենք են մի երիտասարդ սպանում, մեկ` մենք ենք մի ասկյար էն աշխարհ ուղարկում: Բայց ապագայում` օրերից մի օր, եթե լայնամասշտաբ գործողություն լինի, ինչպե՞ս չանհանգստանաս, բա թշնամին տեսնում է քո մայրուղին, որը Զանգեզուրը, Վայքը, Արցախ աշխարհը սնուցող երակներից մեկն է, ու կարելի է ասել` միակն այդ ուղղության վրա:
 
 
«ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԱՅՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ, ՈՐՏԵՂ ՀՍԿՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՅՐՈՒՂԻՆ»
 
 
– Մինչեւ հիմա անընդհատ շեշտվում է, թե նախկին իշխանությունների պատճառով 800 հեկտար հող է հանձնվել, հնարավո՞ր է, որ որոշ ժամանակ անց պարզվի Նախիջեւանի սահմանում էլ վերջերս ենք մի քանի հարյուր հեկտար հող հանձնել, որի մասին լռում են:
 
– Այդ 800 հեկտարին դեռ այն ժամանակ անդրադառնալով` ասել եմ` դրանք դիլետանտական սխալ մոտեցումներ են: Թուրքն այն ժամանակ ոչ թե 800 հեկտար է վերցրել, այլ 20-30 հեկտար, բայց 800 հեկտար դարձել է իր նշանառության տակ եւ մեր նշանառությունից դուրս: Այսինքն` գրավել են այն տարածքը, որի վրա նստած են: Իսկ այստեղ մի քիչ ուրիշ պատկեր է, ու հարցը հեկտարների մեջ չէ: Հակառակորդը դուրս է եկել այն տարածքի վրա, որտեղ հսկում է մեր մայրուղին: Ու եթե դու Երասխավանի հատվածում երկու-երեք մետր հող լցնելով` արդեն չես թողնում, որ ճանապարհի վրա եղած մեքենային տեսնեն ու համապատասխան ճշգրիտ խոցումներ ապահովեն, ապա այստեղ քո բարձրացվող պատը պետք է լինի մի քանի տասնյակ կամ հարյուր մետր, այսինքն` անհնարին մի բան: Ստացվում է, որ դու պետք է ճանապարհներ որոնես` կա՛մ շրջանցես այդ հատվածը, կա՛մ էլ հակառակորդի այդ դիրքն, ամեն դեպքում, ոչնչացնես:
 
– Ո՞ւմ բացթողումն էր սա, որ Նախիջեւանի սահմանում, որտեղ ժամանակին թվում էր, թե ամենահարմար դիրքերում մենք ենք, ունեցանք այս պատկերը:
 
– Միանշանակ, Պաշտպանության նախարարության: Ամեն ինչի համար պատասխան է տալիս նա, ում վստահված է այդ գործը: Պաշտպանության նախարարությունը չգիտեմ, թե ինչից դրդված լինելով` պասիվ է վերաբերվել թուրքական շինարարական աշխատանքներին եւ կամաց-կամաց այդ ճանկռտոցիների պատրաստությանը: 2016-ից ՊՆ-ն միշտ ուշադիր է եղել, բայց այս անգամ ինչո՞ւ էր անուշադիր, դրա պատասխանը դուք որոնեք:
 
 
«ԽԱԲԵ՞Լ ԵՆ ՄԵՐՈՆՑ, ԱՍԵԼՈՎ, ԳԱԼԻՍ ԵՆՔ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՈՒ ԴԻՐՔԵ՞Ր ԵՆ ԲԱՐԵԼԱՎԵԼ»
 
 
– Այս իրավիճակում նաեւ խիստ անհասկանալի էր Պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, թե ադրբեջանական կողմը ՀՀ զինված ուժերի հրամանատարությանը խնդրել է թույլատրել որոշ քաղաքացիների մոտենալ Գյուննութ ավերակ բնակավայրի հարավային արվարձանի գերեզմանատեղիներին: Ի՞նչ կասեք այս մասին:
 
 
– Չգիտեմ, իրոք, գալիս էին, թե չէին գալիս, խաբե՞լ են մերոնց, ասելով, գալիս ենք գերեզմանոց ու դիրքե՞ր են բարելավել, թե՞ չեն խաբել, իսկապես, տեղյակ չեմ:
 
 
– Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովը օրերս հայտարարել է, որ պատրաստվում են պատերազմի: Լայնամասշտաբ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք:
 
– Պատերազմի պատրաստվելու վերաբերյալ հայտարարությունների առումով, չեմ կարծում, թե իրավիճակը լարված է: Տեղաշարժն ուրիշ բնույթ է կրում, սկզբում կարծում էի, թե աշնան մոտ ինչ-որ բաներ կարող է լինել, բայց նրանք այդ հայտարարություններն անում են իրենց զորահանդեսին ընդառաջ` ասելով այնպիսի զենքի տեսակներ ենք ցույց տալու, որ օյ-օյ-օյ: Մինչդեռ այդ զենքի տեսակները գիտենք` «Պոլոնեզն» է, կարող է մի երկու հատ էլ զրահատեխնիկայի ինչ-որ նոր տեսակներ լինեն: Սա նշանակում է, որ իրենք մկան են ցույց տալիս, իսկ մկան ցույց տվող «կաչոկները», սովորաբար լավ չեն կռվում: Բացի դրանից, հաչող շունը, չի կծում: Այնպես որ, այս աշնանն ինձ թվում է` դեռ լայնամասշտաբ գործողություններ չենք տեսնի, չնայած` կարող է եւ սխալվում եմ, որովհետեւ որոշ կանանց եւ թուրքի լոգիկան շատ հաճախ անհասկանալի է:
 
 
«ՀԱՆՑԱՎՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ԿԼԻՆԻ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵՐԿՐՈՒՄ ՑՐԵԼ ԳՈՐԾՈՂ ՄԻԱՎՈՐԸ»
 
 
– Անդրադառնանք նաեւ Երկրապահ կամավորական միությունում տիրող իրավիճակին: Այս օրերին հնչեցին նաեւ տեսակետներ, թե այն պետք է լուծարել:
 
– Պաշտպանության համակարգի նկատմամբ` հանցավոր մոտեցում կլինի  պատերազմող երկրում ցրել գործող միավորը: Հիվա՞նդ է համակարգն, այո՛, վերից վար հիվանդ է, բայց Պաշտպանության նախարարությունում էլ ամեն ինչ նորմալ չէ, բուժե՛ք, սարքե՛ք աշխատունակ, առողջ օրգանիզմ դարձրե՛ք, դժվար բան չէ: Մանավանդ որ մենք տոտալիտար վերեւ նայող, մոլեռանդ երկրպագուներ ենք, սիրում ենք անձնավորել ամեն ինչը` ասելով ամբողջ վատը էս մեկն է, ամբողջ լավը` մյուսը: Դե ուրեմն` եկեք այսօրվա վարչապետի միջոցով բարելավեք բանակը, երկրապահը, թողնենք թող աշխատեն: Ես Երկրապահի անդամ եմ դեռ այն ժամանակվանից, երբ երկրապահը չէր կազմավորվել: 1989 թվից Երկրապահի անուն եմ կրում, 1993 թվին` ԵԿՄ առաջին համագումարին ներկա եմ եղել ու չեմ կարծում, թե այս կառույցն իր բոլոր փամփուշտները սպառել է, այն դեռ կարող է կրակել: Եվ 2016-ի ապրիլն էլ ցույց տվեց, որ կարող է: Այո, ասում էին` էդ բիձեքը այդքան էլ մարտունակ չեն, իրենք ավելի շատ թնդանոթի մսի դեր էին խաղում, բայց ամենակարեւորն այն է, որ իրենք պատրաստ են կռվի դաշտ դուրս գալ: Ի դեպ, անպատրաստ ու վատառողջ լինելով` շատ հաճախ նրանք ավելի պատրաստված են, քան երիտասարդ ռեզերվը, որը պետք է առաջնահերթ բանակին օգնության հասնի:
 
 
– Միամտություն կլինի կարծել, թե վերջին 20-30 տարվա բոլոր բացթողումների մեղավորը Մանվել Գրիգորյանն էր, բայց աղմկոտ բացահայտումները սկսվեցին նրանից: Տեսնո՞ւմ եք միտում` ուղղված հենց ԵԿՄ կառույցը խարխլելուն:
 
 
– Չեմ կարծում, թե Երկրապահի դեմ է ուղղված, կոնկրետ Մանվել Գրիգորյանն առաջինը չէր: Բացի այդ, նա Երկրապահը չէր, այլ ԵԿՄ նախագահության ղեկավարն էր: Երկրապահը ես եմ, մեր ջոկատի տղաներն են, եւ «Եռաբլուրում» քնած տղերքի մեծ մասն է: Մանվել Գրիգորյանը մի անձ էր, որն իր գործերն ու իր արիշ-վերիշներն ուներ, եւ եթե դրանց մեջ քրեական հանցանքի տարրեր է պարունակում, թող դրա համար պատասխան տա: Եվ եթե մեկը ընդդիմանա երկրապահներից, շատ կզարմանամ: Թող ապացուցեն հանցանքն, ինչպես կարգն է, ու նստացնեն թեկուզ 765 տարով: Թե չէ, ասենք, որ Մ. Գրիգորյանը Երկրապահի ղեկավարն է, եկեք ցրենք կառույցը, նույն ձեւով կարելի է ասել` եկեք Հայաստանը ցրենք, փակենք, որովհետեւ երկիրը ղեկավարել է Սերժ Սարգսյանը, որին հիմա ինչ ասես, ասում են, Ռոբերտ Քոչարյանը, որին արդեն մոռանում են, որ վախտին ինչ ասես` ասել են, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին վախտին ինչ ասես ե՛ւ ասել են, ե՛ւ արել են: Նույնիսկ ծխախոտի հապավումներն այնպես էին բացում, որ Լեւոնին քֆուր լիներ, բայց այսօր արդեն մոռացվել է: Եվ եթե երեք նախագահների պատճառով Հայաստանը փակելը սխալ է, ինչպե՞ս կարելի է ԵԿՄ-ն փակել: Էլ չեմ ասում, որ սա հասարակական կազմակերպություն է եւ, օրենքի տառից ելնելով` այն փակելու իրավունք ունեն միայն իր անդամները, եթե, ասենք, այն իր բուն նպատակներին հանցավոր ձեւով դադարել է ծառայել: Իսկ նման բան, ես գոնե չեմ տեսնում: