Կապի նախարարության քար անտարբերության պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևերի» մոտ. «Toyota»-ն հայտնվել է երկաթե արգելապատնեշների վրա. 
 
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
 Ժամը 15:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 36-ամյա Աղվան Հակոբյանը, իր վարած Toyota մակնիշի 35 ՏM 309 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևերի» արձանի մոտ, դեպի Երևան ընթանալիս` ճանապարհի թերի նորոգման պատճառով առաջացած փոսում կուտակված անձրևաջրի մեջ հայտնվելով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, տապալել այն և մոտ 200 մետր առաջ ընթանալով, հայտնվել երկաթե արգելապատնեշների վրա՝ մասամբ կողաշրջված վիճակում:
 
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
 
 Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակ հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
 
 Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության թիվ 15 փրկարարական ջոկատը՝ փրկարար-ծառայության փոխգնդապետ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ:
 
 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ մասնատել են երկաթե արգելապատնեշները, որից հետո նոր կարողացել են ավտոմեքենան տեղափոխել երթևեկելի գոտի:
 
 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
 
 Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
 
 Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
 
 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում այդ չարաբաստիկ փոսը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար: Ու այդ մասին բազմիցս բարձրաձայնվել է, սակայն կապի նախարարության և «Հայավտոճան» ընկերության, ինչպես նաև Կոտայքի Ճանշինի պատասխանատուները, ասես իրենց ականջներում ուղտի բուրդ մտցրած լինեն:
 
 Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: