Խոշոր ավտովթար Երևանում. 32-ամյա վարորդը Jeep Grand Cherokee-ով բախվել է ծառին, արմատախիլ արել այն և հայտնվել հետիոտնային մայթում. 
 
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 32-ամյա Վահագն Վարդանյանը՝ իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 88 ZZ 868 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում, «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատախիլ արել այն և առաջ ընթանալով, բախվել էլեկտրասյանն ու բետոնե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին:
 
 
 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: 
Վթարի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Գարուշ Հովհաննիսյանն ու Հովհաննես Ավագյանը:
 
Փաստի առթիվ Հ. Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: