Ամանորին եւ Սուրբ Ծննդին ընդառաջ՝ Անուշ եւ Ինգա Արշակյանները ներկայացրել են իրենց նոր՝ «Ձյան հեքիաթ» երգը՝ որպես տոների շունչը փոխանցող հայկական մեղեդի: Երգ-եռապատումը, որում համակցվել են ժողովրդական եւ հեղինակային ստեղծագործությունները, նոր ու մեծ նախագծի սկիզբն է միայն: Թեմայի շուրջ  զրուցել ենք Անուշ Արշակյանի հետ, ով նաեւ նախագծի հեղինակն է ու երաժշտական պրոդյուսերը:
 
Նրա խոսքով՝  երգը խորհրդանշական է, քանի որ ներկայացնում է քրիստոնյա եւ երբեմնի արեւապաշտ ժողովրդի հոգեւոր ու մշակութային ժառանգությունը.«Անչափ ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց մշակել բանահավաքների ֆոնդերում տարիներ շարունակ պահպանված նմանատիպ երգերը: Երգ-եռապատումը ներկայացնում է Կարո Չալիկյանի ֆոնդից «Երկանք», Լիլիթ Սիմոնյանի հեղինակային «Ձյուն ա դրել» եւ Կոմիտասի ազգագրական ժողովածուից «Սար-սար» ստեղծագործությունները»:
 
Նշենք, որ Արշակյան քույրերի նոր նախագծին մասնակցել են նաեւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, եւ «Հովեր» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է Սոնա Հովհաննիսյանը: Սիմֆոնիկ մշակումը կատարել է Անդրանիկ Բերբերյանը: Անուշը շեշտում է`  ամենաբարձր նշաձողն են սահմանել, որից վերեւ արդեն անհնար է «թռչել».«Սա իմ առաջին փորձն է որպես երաժշտական պրոդյուսեր եւ որպես նման լայնածավալ նախագծի հեղինակ: Անչափ պատասխանատու գործ էր նվագախմբերին ներգրավելը, եւ երանի կարողանանք բոլորին գոհացնել»:
 
Այն, որ անցնող տարում Ինգան ու Անուշը ակտիվ չէին հոլովակներ նկարահանելու, նոր երգերով ու համերգներով ներկայանալու գործում, պատճառն այս նախագծի համար տարվող աշխատանքներն էին. «Ընդամենը մեկ նման երգի հավաքագրումն ու մշակումը մոտ մեկ տարի է տեւում, իսկ մենք շատ կարճ ժամանակահատվածում կարողացանք 14 երգ ձայնագրել: Պատկերացրեք` ինչ ծավալուն աշխատանք է կատարվել: Գալիք տարվա ընթացքում կներկայացնենք նաեւ այլ երգեր, ըստ իս` ազգագրական գանձեր, որոնց համար մասնակիցներից ոչ ոք ջանք ու եռանդ չի խնայել: Նշեմ, որ սա Անդրանիկ Բերբերյանի դեբյուտն է, կոմպոզիտորական առաջին լուրջ փորձը, քանի որ նա դեռ ուսանող է եւ չորս տարի առաջ է ձեռնամուխ եղել այս երգի գործիքավորմանը»,- ասաց երգչուհին:
 
Ի դեպ, նրանց նոր նախագծի համար ժողովրդական երգերի հավաքագրման եւ ուսումնասիրման աշխատանքները սկսվել էին դեռ տասը տարի առաջ: «Ձյան հեքիաթն» այդ գործընթացի շարունակությունն է, առաջին նավակը, որ քույրերը բաց թողեցին.«Հուսամ` շատ ավելի արժեքավոր երգեր, որոնք մոռացված են եղել մինչեւ հիմա, եւ ծեսեր, որոնք խորհրդային տարիներին անտեսված են եղել կամ արգելված, շուտով դուրս կգան ստվերից: Հիմա՝ մեր անկախության տարիներին, հնարավորություն ունենք դրանք ձայնագրել, ինչի համար շատ ուրախ եմ: Այն, ինչ մենք անում ենք, ժողովրդին է պատկանում, մենք ընդամենը վերադարձնում ենք»,- ընդգծեց Անուշը:
 
Նրանից հետաքրքրվեցինք` արդյոք Ինգայի ընտանեկան նոր կարգավիճակը չի խոչընդոտում համագործակցությանն ու մեծ աշխատանքների իրականացմանը: Հիշեցնենք, որ Ինգա Արշակյանն ու Աշոտ Սահակյանը 2016 թվականի մարտին ծնողներ են դարձել ու այժմ մեծացնում են իրենց դստերը՝ Մարիային: Անուշն ընդգծեց` ինքն ամեն ինչ անում է, որ Ինգային չխանգարի, քանի որ կնոջ համար առաջնայինն ընտանիքն է.«Չնայած դրան` Ինգան ամեն հարցում օգնում է ինձ եւ մշտապես կողքիս է»,- հավելեց նա: