Այսօր կառավարությունը նիստում փոփոխեց համայնքներին սուբվենցիաների տրամադրման ներկայում գործող կարգը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց, որ ներկայումս համայնքները ներկայացնում են իրենց հրատապ հիմնահարցերը մարզպետներին, վերջիններս էլ՝ համապատասխան ոլորտային նախարարություններ, պետական կառավարման հիմնարկներ և ՀՀ ՏԿԶՆ:
 
Այնուհետև, քննարկման արդյունքում կայացվում է որոշում, իսկ համապատասխան պետական կառավարման մարմինները ներառում են համայնքների կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորումն իրենց տարեկան բյուջետային հայտում և ներկայացնում են ՀՀ ֆինանսների նախարարություն:
 
Գործող կարգը չի նախատեսում սուբվենցիաների հայտերի գնահատման կոլեգիալ մարմին, գնահատման չափանիշեր, առաջնահերթություններ, հայտադիմումի կոնկրետ ձևաչափ, և այլն: Գործող ընթացակարգով պարզ չէ նաև, թե ո՛ր պետական կառավարման մարմիններն են պատասխանատու տարբեր բնույթի սուբվենցիոն ծրագրային առաջարկների գնահատման և բյուջետային հայտում ներառելու համար:
 
Ըստ Լոքյանի` կատարվող փոփոխությունների արդյունքում սուբվենցիաների տրամադրումը կիրականացվի գնահատման միջոցով՝ բարձրացնելով պետական և տեղական բյուջեների ծախսերի արդյունավետությունը:
 
«Կանխատեսում ենք, որ, եթե համայնքն իր սեփական միջոցներից և այն միջոցներից, որ մենք հատկացնում ենք իրենց, որոշի կապիտալ ծախսեր անի, մենք լրացուցիչ իրեն գումար ենք տալու: Իրականում մենք սրանով կարող ենք 2018 թ. շատ լուրջ ֆիդբեք ստանալ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը` հավելելով, որ արդյունքում ակնկալում են որոշակի արմատական փոփոխություն և ակտիվություն: