Հայաստանում իրական հեղափոխությունը տեղի ունեցավ այսօր․ քանի դեռ փողոցում տեղի ունեցածը չի դառնում ընտրական կոնկրետ արդյունք, հարաբերական է նույնիսկ հեղափոխության առաջնորդի կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումը։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները վերածել իր վստահության հանրաքվեի․ հենց դրան էր միտված «սևերի» ու «սպիտակների» տեխնոլոգիական թեզը, որին մյուս կուսակցությունները կամ դաշինքները չկարողացան հակադրել ոչ մի ռացիոնալ օրակարգ։ Ավելին՝ ԲՀԿ-ն նույնիսկ «կուլ տվեց» Փաշինյանի նետած «խայծը», ինչի հետևանքով այսօրվա ընտրության արդյունքներով կորցրեց քաղաքական համակարգում այլընտրանք մնալու ռեսուրսը՝ անկախ այն բանից, որ հավաքած քվեներով առայժմ երկրորդն է։
 
Սակայն ամեն ինչի մասին՝ հերթականությամբ։ Ինչպես նշեցինք՝ այսօր տեղի ունեցածը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն էր․ 80% վստահության քվե ստանում է ոչ թե իշխանությունը, քաղաքական թիմը կամ առավել ևս՝ Հայկ Մարությանը, այլ՝ հենց Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե, այսպես կոչված՝ համաժողովրդական հանրաքվեի համար մի փոքր քիչ է 43% մասնակցությունը, սակայն դա բնավ չի նսեմացնում այսօրվա ընտրությունների, Փաշինյանի հաղթանակի քաղաքական լեգիտիմությունը։ Նիկոլ Փաշինյանը համոզիչ հաղթանակ տարավ ոչ միայն հակահեղափոխական ռևանշի նկրտումների նկատմամբ՝ ապացուցելով, որ ռեստավրացիայի կողմնակիցները էլեկտորալ հարթության վրա մրցակիցներ չեն, այլ նաև՝ ամբողջ քաղաքական համակարգի։
 
Գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ հեղափոխության այօրվա ալիքի անմիջական թիրախը դարձավ ԲՀԿ-ն, որը ֆորմալ առումով երկրորդն է(քվեաթերթիկների գրեթե կեսի հաշվարկից հետո), սակայն այսօրվա ընտրությունների նախնական արդյունքներով չի ձգում անգամ 10%-ի նշաձողին ու կորցրեց այլընտրանք դիտվելու կամ համարվելու իր նիշը։ Նույնիսկ կանխատեսելի է, որ Գագիկ Ծառուկյանի թիմը պահանջարկված չէ Փաշինյանի ուրվագծվող համակարգում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ շուտով ԲՀԿ-ում տեսանելի կդառնան կազմալուծման միտումները կամ կենտրոնախույս տրամադրությունները։
 
Նորաստեղծ «Լույս» դաշինքն ակնհայտորեն չի հավաքում անցողիկության 8%-ոց շեմը և Երևանի նոր ավագանիում հայտնվելու է միայն այն բանի շնորհիվ, որ օրենքն իմպերատիվ պահանջ ունի Երևանի ավագանիում առնվազն երեք ուժերի առկայության մասին։
 
Այնաուամենայնիվ, հենց «Լույս» դաշինքն ունի դեմոկրատական հակաշիռ դառնալու պոտեցիալ, եթե, իհարկե, իր մեջ համարձակություն գտնի՝ քաղաքական երկվությանը վերջ տալու համար։ Այսօրվա ընտրությունների արդյունքներից հետո «Լույս» դաշինքի կուսակցությունները պետք է հրաժարվեն կառավարությանն իրենց մասնակցությունից ու ընդդիմության, դեմոկրատական այլընտրանքի դիրքերից նախապատրաստվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններին, որոնք, ըստ ամենայնի կամ քաղաքական տրամաբանությամբ, պետք է տեղի ունենան ոչ թե մյուս տարվա մայիսին, այլ՝ այս տարեվերջին, քանի դեռ հեղափոխության վերելքին չի հաջորդել դրա անխուսափելի վայրէջքը։ Եթե Փաշինյանը կորցնի պատեհ պահը, ապա այսօրվա ընտրությունների արդյունքների քաղաքական էֆեկտը՝ որպես խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստման, չի աշխատի ։ Սակայն Երևանի ավագանու ընտրությունները ամբողջովին կազմաքանդեցին քաղաքական հին համակարգը։ Դատեք ինքներդ՝ ընդամենը հինգ տարի առաջ կես միլիոնանոց էլեկտորատ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես քաղաքապետի թեկնածու, չի ստանում գոնե 1% քվե կամ 1%-ը տիտանական ջանքերի շնորհիվ են հաղթահարում ՀՅԴ-ն, որն ապրում է իր պատմության ամենաճգնաժամային փուլերից մեկը, ու ՕԵԿ-ը, որի դիրքորոշումները ընդամենը տաս տարի առաջ շրջադրաձային նշանակություն կարող էին ունենալ քաղաքական կյանքում։ Կարիք չկա առանձին-առանձին անդրադառնալ ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին, որովհետև, ըստ էության՝ կապիտուլացվել են բոլորը։
 
Բայց առանձնահատուկ՝ մեկ նախադասությամբ, հարկ է անդրադառնալ ՀՅԴ-ին։ Ավանդական այս կուսակցությունը Հայաստանում ուներ իր 6-8%-ոց կայուն էլեկտորատը ու սա դասական օրինակ է, թե ինչ է լինում կուսակցության հետ, որը կորցնում է քաղաքական ինքնաբավությունն՝ ամբողջովին նույնանալով Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, քրեաօլիգարխիայի հետ։ Ընտրությունների արդյունքներն, իհարկե, վկայում են Նիկոլ Փաշինյանի անվերապահ հաղթանակի, վստահության մեծ ռեսուրսի մասին։ Մյուս կողմից՝ կան ռիսկեր։ Փաշինյանը չունի համակարգ և, եթե այս բարձր տոկոսները ժամանակի ընթացքում չինստիտուցիոնալիզացվեն, ապա հանգեցնելու են իշխանության անխուսափելի ճգնաժամի՝ դրանից բխող հետևանքներով։
 
Սկզբունքորեն Հայաստանը տեսել է 80%-ոց աջակցություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզիչ հաղթանակը 1991-ի նախագահական ընտրություններում, որը դարձյալ առաջինն էր հետհեղափոխական Հայաստանում։ Սակայն այդ հաղթնակից յոթ տարի հետո տեսել ենք նաև «հայկական թերմիդորականության» ռևանշը՝ 1998-ի պալատական հեղաշրջման հետևանքով։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, եթե նրանից դասեր չենք քաղում։ Դեմոկրատական հակաշռի կամ այլընտրանքի բացակայությունը հանգեցնելու է իշխանության ավտորիտարիզմին կամ դիսկրիմինացիային։ «Սևերի» ու «սպիտակների» տեխնոլոգիան չի կարող երկար աշխատել, անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ համակարգ՝ որակյալ կառավարում իրականացնելու համար, ինչը հնարավոր է միայն մրցակցային միջավայրում։
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի