ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԵՍ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ԱԶԱՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ․ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԲՀԿ քաղաքապետի թեկնածու նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում հետընտրական առաջին գրառումն է կատարել՝ մասնավորապես գրելով․
 
«Ընտրապայքարն ավարտվեց ու անկախ ամեն ինչից, ինձ համար որպես քաղաքացի և քաղաքական գործիչ, մեր ամենամեծ ձեռքբերումը ես համարում եմ ազատ ընտրությունը: Քիչ առաջ նորից կարդացի Քիփլինգի հրաշք գործի ֆանտաստիկ թարգմանությունը, որը արել է Սամվելը: Անպայման կարդացեք ձեր որդիների համար:
 
ԹԵ
 
Թե կարող ես դու դիմանալ, երբ քո շուրջը մշտապես Մարդիկ իրենց մեղքի համար քեզ մեղավոր են ընտրում, Թե կարող ես քեզ վստահել, կասկածում են երբ որ քեզ, Կասկածելու համար անգամ թույլտվություն են խնդրում: Թե կարող ես դու սպասել ու չհոգնել դրանից, Հազար ու մի սուտ լսելով մնալ ազնիվ ու շիտակ, Թե կարող ես հեռու մնալ ատելության խարանից, Ոչ չափազանց համեստ լինի, ոչ պարծենկոտ մի գիտակ:
 
Թե կարող ես դու երազել, բայց չգերվել երազին, Թե կարող ես դու մտածել, բայց մտքերով չհարբել, Թե կարող ես դիմակայել խինդն ու վիշտը միասին Եվ այդ երկու խարդախների հանդեպ լինել անտարբեր: Թե կարող ես դու համբերել, երբ քո խոսքերը արդար Խարդախ մարդիկ շուռ են տալիս, որ թակարդը գցեն քեզ, Ու տեսնելով, որ փլվում է քո շինածը անարդար, Կարողանաս հին գործիքով նորը կերտել մշտապես:
 
Թե կարող ես քո շահածը դարձնել փողի չնչին կույտ, Ունեցածդ գրավ դնել ու տանուլ տալ հավիտյան, Թե կարող ես դու տանուլ տալ, հետն էլ ասել, թե՝ ի՛նչ փույթ, Եվ ոչ մեկին չտրտնջալ, թե կորցրել ես ինչ-որ բան: Թե կարող ես այնպես անել, որ քո սիրտն ու մկանը Շարունակեն քեզ ծառայել, երբ ապրելն է անհնար, Եվ դիմանա՛լ, երբ թվում է, թե հասել է քո ժամը, Եվ գերազոր կամքն է միայն հրամայում ողջ մնալ:
 
Թե կարող ես ամբոխի հետ լինել ազնիվ ու բարի, Արքաների հետ ոտք մեկնել ու միշտ մնալ հասարակ, Թե քեզ երբեք չվնասեն բարեկամ ու թշնամի, Այլ միշտ քեզ հետ հաշվի նստեն (բայց ո՛չ ամեն ստահակ): Թե կարող ես անագորույն րոպեն դարձնել ամեն օր Երկարաձիգ, իմաստալից ու վեց տասնյակ ակնթարթ, Քոնն է այդժամ ողջ աշխարհը և բարիքները բոլոր, Եվ ամենից կարևորը՝ դու կլինես, տղաս, Մա՛րդ:»