Երևանում «Գրանդ Քենդի» ընկերության 22–ամյա աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը հիվանդանոցում մահացել է. 
 
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Արարատ Թորոսյանը իր վարած Mercedes մակնիշի 83 QQ 388 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտա և Էրեբունի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 35-40 տարեկան իգական սեռի հետիոտնի: 
 
 
 
 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին տեղակացրել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հիվանդանոց են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: 
 
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ:
 
 
 
 
Մինչ ոստիկանները պարզում էին վրաերթի ենթարկվածի ինքնությունը, հիվանդանոցից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է:
 
Փաստի առթիվ հետաքննիչ Ա. Դարբինյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: 
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Թորոսյաննն աշխատում է «Գրանդ Քենդի» ընկերությունում:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի