Որքա՞ն աշխատատեղ են թաքցրել Սամվել Ալեքսանյանին և Արտակ Սարգսյանին պատկանող սուպերմարկետները 
 
Ապրիլյան հեղափոխությունից հետո խոշոր հարկ վճարողները կամ խոշոր ընկերություններն ավելացրել են իրենց աշխատողների քանակը: Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը մոտ երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ վերջին տվյալներով մոտ 28 հազար վարձու աշխատողների թվաքանակի ավելացում է արձանագրվել: Վերջինս հավելեց, որ խոշոր տնտեսվարողներն էականորեն բարելավել են իրենց հարկային վարքագիծը: «Իհարկե, ակնհայտ է, որ այդ չափի աշխատատեղեր միանգամից չէին ստեղծվի: Այդ ցուցանիշի բարելավումը կապված է աշխատողներին գրանցելու գործընթացի հետ: Սա նշանակում է, որ հարկ վճարողներն էական փոխել են իրենց վարքագիծը, ինչը ՊԵԿ-ի համար շատ ուրախալի է, որովհետև մենք երբեք չենք ձգտում հարկ վճարողներին տուգանել հարկային պարտավորությունները չկատարելու համար»,- հավելել էր ՊԵԿ փոխնախագահը:
 
 Այսպիսով՝ ստացվում է, որ խոշոր հարկատուները մոտ 28 հազար աշխատատեղեր նախկինում չէին գրանցել, այդքան աշխատողի պարզապես աշխատեցնում էին, բայց նրանց համար օրենքով սահմանված կարգով հարկ չէին վճարում: Այսուհետ  արդեն  խոշոր հարկատուները գոնե այդքան աշխատողի համար կվճարեն:
 
 Իհարկե, պարոն Մաշադյանը չէր կոնկրետացրել, թե հատկապես որ հարկատուների մոտ է ավելացել աշխատատեղերի քանակը, բայց որոշ աղբյուրներից օգտվելով՝ հնարավոր է դա հասկանալ: Այս անգամ սկսենք սուպերմարկետների ցանցերից, քանի որ հայտնի է, որ հատկապես առևտրի ու ծառայությունների ոլորտում է շատ ընդունված աշխատողներին չգրանցելն ու նրանց համար հարկեր չվճարելը: Եվ սկսենք հենց Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից, քանի որ այն թե՛ ամենախոշորն է, և թե՛ ունի հարկերը թաքցնողի համբավ:
 
 Նախ նշենք, որ այս տարի Ս.Ալեքսանյանին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունը մասնատվեց և սուպերմարկետների ցանցն առանձնացավ՝ հիմնելով «Սիթի» ընկերությունը: Եվ Ս. Ալեքսանյանին պատկանող թե՛ սուպերմարկետների ցանցը,  թե՛ «Ալեքս հոլդինգ» ընկերությունը, որով բիզնեսմեն պատգամավորը կատարում է շաքարավազի ու այլ ապրանքների ներմուծում, հեղափոխությունից անմիջապես հետո՝ հենց մայիս ամսին, կտրուկ ավելացրեցին աշխատողների թիվը:
 Միավորված «Ալեքս հոլդինգը» հունվար ամսին ունեցել է 4198 աշխատող, իսկ արդեն հուլիսին «Սիթիի» հետ միասին՝ 6280 աշխատող: Այդպիսով միայն այս երկու ընկերությունները ստվերից դուրս են հանել ավելի քան 2000 աշխատատեղ, ուրեմն այդքան աշխատողի համար սկսել են հարկ վճարել: Բայց, ինչպես հայտնի է, Ս. Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունների թիվն այսքանով չի սահմանափակվում: Խոշոր հարկատուների մեջ են «Նատալի ֆարմ» ընկերությունը, որի աշխատողների քանակը եթե ապրիլ ամսին 1640 էր, ապա հուլիսին՝ 1822:  «Ալեքս տեքստիլը» հուլիսին ապրիլի համեմատ մոտ 720 աշխատող ավելի է գրանցել: Եվ միայն այս չորս ընկերությունների դեպքում պարոն Ալեքսանյանը մոտ 3000 ավելի աշխատող է գրանցել:
 
 
 
 Նույնը վերաբերում է նաև «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցին, որը թեև «Սիթի» -ից փոքր է, այնուամենայնիվ խոշոր ցանց է: «ՍԱՍ»-ը, ինչպես հայտնի է, պատկանում է մեկ այլ պատգամավոր՝ Արտակ Սարգսյանին: Այս սուպերմարկետների ցանցը, եթե ապրիլին ունեցել է 1417 աշխատող, ապա հուլիսին՝ արդեն 1733: Ընդ որում «ՍԱՍ»-ը դեռևս հունվարից է սկսել ավելացնել աշխատողների քանակը: Մյուս՝ «Ծիրանի», «Պարմա», «Նոր Զովք» և այլ սուպերմարկետների մոտ աշխատողների քանակի տատանումը էական չէ՝ 10-ից չի անցնում:
 

 
 
 Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հեղափոխական շարժման արդյունքում  խոշորները սկսեցին զգուշանալ, որովհետև գիտեին, որ ստուգում են, և կարող են բռնվել: «Խնդիրներից խուսափելու համար աշխատողներին ձևակերպեցին: Այնպես չէ, որ առևտրի ծավալները կտրուկ ավելացել են, և ստիպված են եղել ավելացնել նաև աշխատողների թիվը: Ընդամենը ստվերից դուրս գալու խնդիրն է, և դա լավ է: Միշտ էլ ասել ենք, որ առևտրի ու ծառայությունների ոլորտում՝ սուպերմարկետներում, ռեստորաններում, հյուրանոցներում ստվերային աշխատուժն ավելի շատ է: Եվ ճիշտ կլինի ուշադրություն դարձնել նաև ռեստորաններին ու հյուրանոցներին»,- ասում է Գ.Մակարյանը:
 «Երբ անհատ ձեռնարկատերերին մտցրեցին ԱԱՀ դաշտ, այդ ամբողջը ստվերից դուրս եկավ ու արդեն հաշվառված աշխատատեղեր են»,- հավելում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը: 
 
 
 Իսկ թե Ս.Ալեքսանյանին կամ Ա.Սարգսյանին պատկանող ընկերությունների կամ ՊԵԿ փոխնախագահի վկայակոչած 28 հազար թաքցրած աշխատատեղերը յուրաքանչյուր ամիս բյուջեից որքան գումար են թաքցրել, հավանաբար գիտեն թե՛ ՊԵԿ-ում, թե՛ այդ ընկերություններում:
 Հավելենք նաև, որ աշխատողներին չգրանցելը չէ միայն մեր երկրում աշխատող-գործատու-պետություն հարաբերություններում առկա անօրինականությունը: Ավելի տարածված է այն երևույթը, որ աշխատողին թեև հաշվառում են, բայց նրա ոչ թե ամբողջ աշխատավարձն են գրանցում, այլև մի մասը՝ հիմնականում 70-80 հազար դրամ նվազագույն չափով: Դա ավելի դժվար ապացուցելի խնդիր է, քանի որ ամբողջությամբ գրանցելու դեպքում գործատուներն աշխատողին սպառնում են կամ աշխատավարձը ցածրացնել կամ ընդհանրապես գործից ազատել: Ի՞նչ լուծում կա այս խնդրի համար:
 Ատոմ Մարգարյանը գտնում է, որ պետք է այնպիսի պայմաններ լինեն, որ ամբողջական աշխատավարձի գրանցման համար շահագրգռված լինի թե՛ գործատուն, թե՛ աշխատողը, և թե՛ պետությունը: «Հետևաբար պետք է օպտիմալացնել հարկային դրույքաչափերը: Երբ հարկային դրույքաչափերը շատ բարձր են, արդեն աշխատողը ռիսկի է գնում, որ գործատուից գրանցել իրեն: Այլապես ինքը շատ բան է կորցնում սոցիալական առումով՝ հատկապես կենսաթոշակային ֆոնդին վճարումները, բանկային ու այլ երաշխիքներ ունենալու հնարավորությունը: Բայց աշխատանքը կորցնելու վախն ավելի է գերակշռում: Բոլոր դեպքերում խնդիրը պետք է լուծվի եկամտային հարկի փոփոխություններով, ինչը հիմա արվում է»,- մեկնաբանում է նա: 
 
 
 Տնտեսագետը միաժամանակ փարատում է այն մտահոգությունները, որ եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման պարագայում այդ հարկատեսակի մասով բյուջետային մուտքերը կնվազեն: «Հարկային բազան այս պարագայում կընդլայնվի, քանի որ հարկատուների քանակն ավելանում է, նրանք ստվերից դուրս են գալիս»,- եզրափակում է նա:
Լուսանկարներում գործարար պատգամավորները՝ նոր իշխանության ներկայացուցիչների հետ՝ Անկախության 27-ամյակի ընդունելությանը 
 
 
Հեղինակ՝ Արմինե Ավետյան