Այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս կառավարության եւ ներդրողների միջեւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ բանակցությունների արդյունքների մասին։ Ասուլիսին մասնակցում էին Նաիրիտում ներդրումային առաջարկով հանդես եկող «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, «SynCo Group» ընկերության նախագահ եւ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի փոխնախագահ Սամուել Բաբիակը, նույն հոլդինգի նախագահի ավագ խորհրդական Արշակ Ղազարյանը եւ «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:
 
Աշոտ Գրիգորյանը տեղեկացրեց, որ վերջին երկու օրերին տարբեր հանդիպումներ են ունեցել: «Հանդիպել ենք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ, որից ստացել ենք, կարելի է ասել, կանաչ լույսեր՝ «Նաիրիտ»-ն աշխատեցնելու հետ կապված»,- ասաց Գրիգորյանը:
 
Հարցին, թե որքա՞ն ներդրում է սպասվում գործարանի վերագործարկման համար, Աշոտ Գրիգորյանը պատասխանեց, որ նախնական 25-30 մլն եվրո, հետագայում այն կհասնի մինչեւ 105 մլն եվրոյի:
 
Գրիգորյանը նշեց նեւ, որ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար: 
 
 
«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նաիրիտ»-ից գողացել է մոտ 300 մլն դոլար: Ես հուսով եմ, որ նա նամուս կունենա եւ դատի կտա ինձ սա ասելու համար, ինչի արդյունքում էլ կապացուցվի, որ ես ճիշտ եմ: Մինչեւ այսօր չէին թողնում աուդիտ իրականացնել, քանի որ թալանել էին, իսկ այժմյան կառավարությունը թույլ է տալիս», – ասաց Գրիգորյանը: