Հոդացավերը մեծ անհարմարություն են պատճառում, երբեմն կարող են նաև շարժվելու դժվարություններ առաջացնել։ Ցավը բացասաբար է ազդում հիվանդի հոգեկան վիճակի վրա։  Հոդացավերը կարող են սաստկանալ որոշ մթերքների օգտագործման հետևանքով։
 
Շաքար և արագ յուրացվող ածխաջրեր։ Հարկավոր է խուսափել ռաֆինացված շաքարի օգտագործումից, քանի որ այն կարող է նպաստել բորբոքման առաջացմանը։ Հրաժարվեք թխվածքից, կոնֆետներից, շոկոլադից ու գազավորված ըմպելիքից։ Նվազեցրեք կարտոֆիլի, հացի, բրնձի, սպիտակ ալյուրից պատրաստված մթերքի օգտագործումը։ Այս մթերքի՝ մեծ քանակով օգտագործումը հանգեցնում է նաև քաշի ավելացման, հետևաբար՝ հոդերի լարվածության։
 
Կարմիր միս և վերամշակված մսամթերք։ Սրանք պարունակում են որոշակի միացություններ և նիտրիտներ, որոնք վատացնում են հոդերի վիճակը։
 
Կաթ։ Կաթը նյութեր է պարունակում, որոնք նպաստում են բորբոքային ռեակցիաների առաջացմանը։
 
Եգիպտացորենի յուղ։ Այս յուղը հարուստ է օմեգա 6 ճարպաթթուներով, որոնք մասնակցում են բորբոքման գործընթացին։ Խորհուրդ է տրվում այն փոխարինել ձիթապտղի, կտավատի, գետնանուշի և դդմի յուղերով։
 
Գարեջուր։ Գարեջուրը նյութեր է պարունակում, որոնք վերածվում են միզաթթվի։ Մեծ քանակի դեպքում այն կուտակվում է հոդերում ու հոդատապի պատճառ դառնում։
 
Աղ։ Սուպերմարկետներից ձեռք բերված մթերքը մեծ քանակով աղ և այլ կոնսերվանտներ է պարունակում։ Դրանց օգտագործումը ջրի ու աղի հավասարակշռության խախտման պատճառ է դառնում, ինչն անդրադառնում է հոդերի վիճակի վրա։ Աշխատեք խուսափել նատրիումի գլյուտամատ պարունակող մթերքի օգտագործումից։