ՊԵԿ -ի և ոստիկանության աշխատակիցները բացահայտել են մեծ ծավալի թմրանյութի արտահանման փորձ
 
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները բացահայտել են մեծ ծավալի թմրանյութի արտահանման փորձ, երբ Իրանի քաղաքացին փորձել է թմրամիջոցից պատրաստված քանդակներ առաքել Ավստրալիա: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
«Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Իրանի քաղաքացի Ա.Ս.-ն փոստային ծառայության միջոցով թմրանյութից պատրաստված քանդակները Հայաստանից մաքսանենգ ճանապարհով փորձել է առաքել Ավստրալիա։ Պարզվել է նաև, որ վերջինիս աջակցել է ՀՀ քաղաքացի Ն.Ս.-ն։
 
Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով»,- նշված է հաղորդագրության մեջ։