Երկաթե «արմատուրաներով» զինված երիտասարդները հարձակվել են «Ֆլեշ» բենզալցակայանի վրա. հափշտակել են մեծ թվով գումար, բենզինի չեկեր
 
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Արման Հովհաննիսյանի նախագահությամբ ընթանում է Նարեկ և Նորայր Մանուկյանների ու Աղասի Չախոյանի գործով դատական քննությունը:
 
Նարեկ և Նորայր Մանուկյանները եղբայրներ են, Աղասին նրանց ընկերն է:
 
Երեք երիտասարդներին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում նախանական համաձայնությամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
 
Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Մանուկյանը նախնական համաձայնության է եկել իր եղբայր Նորայրի և ընկերոջ՝ Աղասիի հետ՝ ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ:
 
Հանցավոր արարքը կատարելու նպատակով նրանք վաղօրոք ձեռք են բերել ձեռնոցներ, գլխարկներ, գլխանոցով բաճկոններ, ինչպես նաև Նոր Նորքի վարչական շրջանի տարածքում գտնվող դպրոցներից մեկի մոտից վերցրել են երկաթե ձողեր՝ «արմատուրաներ»:
 
Հարձակումը մտադրվել են կատարել վաղ առավոտյան Սեբաստիայի փողոցի 37/2 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի վրա:
 
Որպես հարձակման օր՝ ընտրվել է 2018 թվականի ապրիլի 1-ը: Այս տարի այդ օրը ոչ միայն կատակասերների տոնն էր, այլև Սուրբ Զատիկն էր:
 
Հարձակումը կատարելու նպատակով վերոհիշյալ եռյակը, ըստ քրեական գործի նյութերի՝ պատահական տաքսիով Ավան վարչական շրջանում գտնվող «Աղի հանք» կոչվող տարածքից 2018 թվականի ապրիլի լույս 1-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում մեկնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ:
 
Այնտեղից նրանք ոտքով իջել են Արմին Վեգների փողոցով, ապա բակերով գնացել են մինչև Ոսկանյան փողոցում գտնվող զրուցարան: Զրուցարանում քողարկվել են հատուկ հանդերձանքով՝ հագել են գլխանոցներով բաճկոններ, ձեռնոցներ, գլխարկներ, հագուստի տակ կամ թևքերի մեջ քողարկել են երկաթե «արմատուրաները» ու ոտքով շարունակել են ճանապարհը: Դուրս են եկել Սեբաստիայի փողոցի 37/2 հասցեում գործող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ: Առավոտյան ժամը 5-6-ի սահմաններում կատարվել է ավազակային հարձակումը:
 
«Ֆլեշ» բենզակայանի աշխատող Գիսակ Գ.-ի ուշադրությունը շեղելու նպատակով Նարեկ Մանուկյանը մոտեցել է նրան՝ իբր մեկ լիտրանոց պլաստմասսայից շշով բենզին գնելու:
 
Աշխատողը, ոչինչ չկասկածելով, շշի մեջ բենզին է լցրել, Նարեկը նրան է մեկնել հազար դրամանոց թղթադրամը: Աշխատողը ձեռքը գրպանն է տարել, որ մանրը վերադարձնի, այդ պահին հետևից աննկատ նրան մոտեցած Աղասի Չախոյանն ու Նորայր Մանուկյանն իրենց ձեռքին եղած մետաղե ձողերով հարվածներ են հասցրել Գիսակ Գ.-ի գլխին ու մեջքին:
 
Ինչպես դատարանում հայտնեց տուժող Գիսակ Գ.-ն՝ այդ հարվածներից հետո ինքն ընկել ու ոչինչ այլևս չի հիշում: Նա դատարանի դահլիճում մատնացույց արեց Նարեկ Մանուկյանին՝ նշելով, որ իր կարծիքով՝ այդ տղան էր իրենից շշով բենզին գնողը: Մյուս երկուսին ինքը չէր հասցրել տեսնել:
 
Երբ Գիսակ Գ.-ն վայր է ընկել, ըստ քրեական գործի նյութերի, նրան մետաղե ձողով հարված է հասցրել նաև Նարեկ Մանուկյանը: Նորայր Մանուկյանն այդ ընթացքում մտել է բենզակայանի շինություն, իսկ Նարեկն ու Աղասին ստուգել են գիտակցությունը կորցրած Գիսակի հագուստի գրպանները և հափշտակել են նրա գրպաններում եղած գումարը:
 
Բենզակայանի աշխատողների սենյակից հափշտակել են բենզինի չեկեր, ինչպես նաև Գիսակ Գ.-ին պատկանող «Ալկատել» մոդելի սմարտֆոնը:
 
Ինչքան էլ որ հարձակվողները ջանքեր էին գործադրել՝ քողարկվելու համար, նրանց հարձակման ամբողջ ընթացքը տեսագրվել էր բենզակայանի տեսանկարահանող սարքով: Տեսագրված նյութը, որպես իրեղեն ապացույց, կցված է քրեական գործին…
 
Հարձակումից հետո երեք հարձակվողները փախել-գնացել են Ոսկանյան փողոցի՝ արդեն հիշատակված զրուցարան, որտեղ փոխել են հագուստները, հարձակման պահին իրենց հագին եղած հագուստները լցրել են պայուսակի մեջ: Ապա նրանք ոտքով փախել են դեպի Նոյ թաղամաս:
 
Ճանապարհին հոսող առվի մերձակայքում նետել են հանցագործության գործիք հանդիսացած երկաթե «արմատուրաները», աղբամաններից մեկի մեջ են գցել հարձակման պահին իրենց կրած ձեռնոցները, ինչպես նաև հագուստով լցված պայուսակը:
 
Նոյ թաղամասով նրանք դուրս են եկել Լենինգրադյան փողոց, ապա պատահական տաքսիով մեկնել են Ավան վարչական շրջան:
 
«Ալկատել» հեռախոսը եղբայրները տվել են Աղասի Չախոյանին, վերջինս այն թաքցրել է Նորքի 2-րդ զանգվածի շենքերից մեկի մուտքում տեղադրված պահարանի մեջ: Մի քանի օր անց նա այդ հեռախոսի տեղը անձամբ մատնացույց է արել ոստիկաններին: Հեռախոսն առգրավվել է:
 
Ավազակային հարձակման ենթարկված Գիսակ Գ.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվել: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Գիսակ Գ.-ի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ ծոծրակոսկրի բեկորային կոտրվածքներ, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդ, այլ վնասվածքներ:
 
Տուժող Գիսակ Գ.-ն դատարանում հայտնեց, որ հիվանդանոցում գլխին կարեր են դրել, փրկել են իր կյանքը: Երբ գտնվել է հիվանդանոցում՝ նրան այցելել է միայն Աղասի Չախոյանի հարազատներից մեկը ու 1000 դոլար է տվել: Այդ գումարը տուժողը ծախսել է անձնական կարիքների համար:
 
Տուժողն ասաց, թե հիվանդանոցային ծախսերն այդ գումարով չի փակել, բայց միևնույն ժամանակ նա մի քանի անգամ կրկնեց, թե երեք ամբաստանյալներից էլ պարտք ու պահանջ և բողոք չունի: Ավելին՝ տուժողը խնդրեց ամբաստանյալներին մեղավոր ճանաչելու դեպքում նրանց նկատմամբ մեղմ պատիժ նշանակել…
 
Ավազակային հարձակումը բացահայտվել է օպերատիվ կերպով:
 
Ապրիլի 4-ին երեքն էլ ձերբակալվել են: Նրանց մասնակցությամբ կատարվել է քննչական գործողություն, որի ժամանակ նրանք հերթով ցույց են տվել այն երթուղին, որով անցել են իրենց հարձակման թիրախին՝ Սեբաստիա փողոցում գործող «Ֆլեշ» բենզակայանին հասնելու համար:
 
Երեքի մասնակցությամբ քննիչը զննել է բենզակայանի տեսանկարահանող սարքի տեսագրած նյութը, նրանք հատ-հատ ասել են, թե ով՝ ինչ գործողություն է կատարել…
 
Դատական հաջորդ նիստին դատարանը կհարցաքննի վերջին վկային ու կավարտի քրեական գործի նյութերի հետազոտումը: Ապա հերթը կհասնի ամբաստանյալների հարցաքննությանը:
 
Հեղինակ՝ ԼԻԼԻԹ ՔԱԼԱՇՅԱՆ