Հայկական հեղափոխության միջազգային անձնագիրը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի մեկնարկի իր ելույթում դարձյալ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը՝ արձանագրելով դրանում հայաստանյան երիտասարդության դերն ու կամքը՝ իրականացնել հիմնարար փոփոխություններ: Ինչու դարձյալ, որովհետև նախօրեին Գուտերեշը այդ մասին խոսել էր նաև ֆեյսբուքյան հարցազրույցում՝ Հայաստանում իշխանափոխության այս մոդելը համարելով ֆանտաստիկ:
 
Եվ այն, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը անդրադարձը կրկնում է արդեն ՄԱԿ ամբիոնից՝ ԳԱ նստաշրջանի բացման ելույթում, ըստ էության, գալիս է հաստատելու, որ նրա առաջին անդրադարձն ամենևին իրավիճակային և զգայական չէր, այլ գործնականում արտահայտում է կարևոր կառույցի ղեկավար այդ շրջանակում եղած որոշակի տրամադրություններ և նաև պատկերացումներ: Այլ կերպ ասած՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն, ըստ էության, ստանում է Միավորված ազգերի կազմակերպության յուրօրինակ ճանաչումը կամ «անձնագիրը»:
 
Իհարկե, ՄԱԿ դերն այսօր համաշխարհային քաղաքականության մեջ խիստ հարաբերական է, և կան իրարամերժ գնահատականներ այդ կառույցի կշռի իմաստով, սակայն մյուս կողմից՝ բավական է փաստը, թե ովքեր են բարձրանում ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ամբիոն: Հենց միայն նախօրեի մեկնարկային նիստին Գուտերեշի ելույթից հետո այդ ամբիոն են բարձրացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Համաշխարհային ուժային երեք խոշոր կենտրոնի առաջնորդներ իրենց ելույթներն են ունենում ՄԱԿ ԳԱ ամբիոնից: Ամբիոն, որից էլ այդ ելույթներից առաջ հնչել է Հայաստանի փոփոխությունների պատմության արձանագրումը: Դա իսկապես քաղաքական «անձնագիր» է, միջազգային անձնագիր հայկական հեղափոխության համար, ինչը միաժամանակ, իհարկե, խիստ պարտավորեցնող է:
 
Պարտավորեցնող նախևառաջ այն առումով, որ Հայաստանն իր անձնագրով կարողանա աշխուժորեն մասնակցել համաշխարհային կյանքին, դառնա դրա հետաքրքիր մասնակիցը նաև հետագայում, արդեն նոր Հայաստանի տարաբնույթ ձեռքբերումների և նախաձեռնությունների շնորհիվ: Ցեղասպանությամբ, Հայ դատով և առավելագույնը ղարաբաղյան խնդրով աշխարհին ճանաչելի Հայաստանը ներկայումս ճանաչելի է դառնում երիտասարդների իրականացրած փոփոխությամբ, իր երիտասարդ առաջնորդով: Սակայն այդ թրենդը ունի զարգացման կարիք:
 
Ընդ որում՝ այստեղ, իհարկե, խոսքն այն մասին չէ, որ մենք պետք է փոխենք մեր այցեքարտը և դեն նետենք հինը: Ավելին՝ մենք մեր հին խնդիրները առավել արդյունավետ և առավել դինամիկ կարող ենք լուծել՝ թե՛ հայկական հարցի, թե՛ արցախյան խնդրի առնչությամբ, եթե կարողանանք աշխարհին ներկայանալ նորովի, նոր այցեքարտով: Եվ ինչն է առավել հատկանշական, որ աշխարհն, ըստ էության, մեզ տալիս է այդ նորը, մեր նոր «անձնագիրը» կամ նորովի մուտքի իրավունքը, կամ ճանաչում է մեր նվաճած այդ իրավունքը: Սա դեմքի, նկարագրի, որակի անճանաչելի փոփոխության քարտ-բլանշ է, որ ստանում է Հայաստանը, դրա մի կողմից առավել ուժեղացնող, մյուս կողմից՝ առավել պարտավորեցնող ազդեցությամբ: Պարտավորեցնող աշխատանքի՝ ներքին ու արտաքին քաղաքականության նոր, լուրջ, կոնցեպտուալ մոտեցումների և նախաձեռնությունների:
 
Հայաստանին դեր է տրվել կամ մատնացույց է արվել դերն ու գնահատվել դեպի այն տանող ճանապարհի առաջին և կարևոր քայլը: Հաջորդ քայլերը չանելու իրավունք Հայաստանը պարզապես չունի:
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի