Խոշոր հրդեհ Բջնիի անտառում. կաղնու ծառեր են այրվում (ֆոտո)
 
Կոտայքի մարզի Բջնի գյուղի մերձակա անտառում սեպտեմբերի 25-ին խոշոր հրդեհ է բռնկվել: Նախնական տեղեկություններով՝ այրվել է շուրջ 50 հա տարածք՝ հիմնականում կաղնու ծառեր:
 
Հրդեհը բռնկվել է Բջնիի ամառանոցներին հարող հատվածից եւ տարածվել մոտակա անտառում: NEWS.am-ի հետ զրույցում դեպքի վայրում գտնվող Բջնի համայնքի վարչական ղեկավար Արմեն Մաթեւոսյանը հայտնեց, որ հրդեհը բռնկվել է կեսօրին: Նրա խոսքով՝ ժամեր առաջ փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակը, սակայն քամու հետեւանքով այն կրկին տարածվել է: Նշենք, որ անտառը գտնվում է բլրի վրա, եւ հրշեջ-փրկարարական մեքենաներին չի հաջողվել հասնել այնտեղ:
 
«Այստեղ ոչ մի տեխնիկա չի կարող բարձրանալ, ճիպոտով, լաթով, ճյուղերով ենք հանգցնում: Շատ ուժեղ քամի է, գյուղացիների ու հրշեջների օգնությամբ փորձում ենք հանգցնել կրակը եւ թույլ չտալ, որ հասնի գիհիի ծառերին»,- ասաց գյուղապետը:
 

 
 
Նշենք, որ տեղում աշխատում են փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները, կամավորներ Բջնի եւ Սոլակ համայնքներից: