Արթուր Գևորգյան-Գագիկ Ծառուկյան հակամարտությունը սրվում է. «Սպիսատ եղածները»՝ ընդդեմ ՀԲՖ-ի
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ կրքերը օր օրի ավելի են թեժանում: Երեկ հայտարարությամբ էր հանդես եկել ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը՝ հորդորելով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ կառույցը տոտալ վերահսկողության տակ պահելու մտադրությունից:
Ավելի վաղ Գևորգյանի աշխատանքներից դժգոհ բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչները Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էին, որ ցանկանում են ստեղծել նոր բռնցքամարտի ֆեդերացիա: Ավելի ստույգ՝ բռնցքամարտի աշխարհի ներկայացուցիչները, Ծառուկյանի հետ հանդիպմանը կասկածի տակ դնելով ՀԲՖ նախագահի ընտրությունների արդյունքը, նշել էին, որ հարկ եղած դեպքում կստեղծվի բռնցքամարտի նոր հանրապետական ֆեդերացիա: Ի պատասխան նման մտադրությունների՝ Գևորգյանը պատասխանել էր. «ՀԱՕԿ-ը բռնցքամարտի ֆեդերացիան գրանցող մարմին չէ: ՀԲՖ-ն հաստատվում է միջազգային ֆեդերացիայի՝ ԱԻԲԱ-ի կողմից, ուստի ՀԱՕԿ-ի կողմից միջամտությունը օլիմպիական խարտիայի կոպիտ խախտում է»:
 
Վերջինս նշել էր նաև, որ ՀԱՕԿ-ի կողմից միջամտության վերաբերյալ իրենք պաշտոնական նամակով դիմելու են Միջազգային օլիմպիական կոմիտեին, որպեսզի վերջինս կանխի ապօրինի միջամտությունը: Գևորգյանի խոսքով՝ ԱԻԲԱ-ն ՀԲՖ-ին նամակ է ուղարկել՝ նշելով, որ Հայաստանի սպորտի կառույցը կասկածներ ունի ընտրությունների վերաբերյալ: «ԱԻԲԱ-ն մեզնից խնդրել է որոշակի տեղեկություններ, որոնք արդեն իսկ ստացել են այդ փաստաթղթերը և շնորհավորել են մեզ»,- ավելացրել էր Գևորգյանը:
 
Այսօր տեղի ունեցած ՀԲՖ-ի արտահերթ ժողովի ժամանակ Գևորգյանը հայտարարեց, որ Ծառուկյանը վերահսկում է բոլոր մարզաձևերի ֆեդերացիաները և փորձում է «բռի մեջ» պահել նաև բռնցքամարտի կառույցը: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, որը ներկա էր ժողովին, հայտարարեց, որ բռնցքամարտի ֆեդերացիայի գործունեության դեմ դուրս են եկել «սպիսատ արված» բռնցքամարտի գործիչները:
 
Իրավիճակն իսկապես ծայրաստիճան լարված է, և լիցքաթափման ուղիներ կարծես թե չեն նշմարվում: Բռնցքամարտը մեր երկրում հենակետային այն մարզաձևերից է, որը նաև մեծ մասսայականություն է վայելում: Միջազգային ասպարեզում մեր բռնցքամարտիկները հպարտանալու բազմաթիվ առիթներ են տվել: Ու հիմա սիրված մարզաձևը կարծես դառնում է անձնական ամբիցիաների զոհ: Եթե արդարացի լինենք, ապա պետք է ընդունենք, որ վերջին տարիներին հայկական բռնցքամարտը որոշակիորեն առաջընթաց է ապրել: Կարելի է ողջունել Դավիթ Թորոսյանին Հայաստանի ազգային հավաքականը վստահելը: Անցյալ տարի Հովհաննես Բաչկովը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Դրանից առաջ 7 տարի Հայաստանը չէր ունեցել Եվրոպայի չեմպիոն:
 
ՀԲՖ-ի գործունեությունից դժգոհ կողմը շարունակ պնդում է, որ արժանի մասնագետներն ու բռնցքամարտիկները տեղ չեն գտնում հավաքականներում: Սա կարելի է միանգամայն նորմալ երևույթ համարել, քանզի մասսայականություն վայելող մարզաձևերում այս խնդիրը շարունակ օրակարգային է: Խնդիրն ինչ խոսք բավական նուրբ է և պահանջում է խելամիտ լուծում: Պետք է գիտակցել, որ առճակատումը միայն ու միայն կարող է վնասել մարզաձևին:
 
Ինչ վերաբերում է այլընտրանքային ֆեդերացիա ստեղծելուն, ապա այն կարող է վերջնական հարված հասցնել հայկական բռնցքամարտին: Բնական է, որ ԱԻԲԱ-ն հետևում է մեր երկում ծավալված իրադարձություններին և խնդիրը չկարգավորելու դեպքում կարող է կտրում որոշումներ կայացնել: Նույնիսկ կարծիքներ են հնչում, որ ընդհանուր հայտարարի չգալու դեպքում ԱԻԲԱ-ն կարող է լուրջ պատժամիջոցների դիմել՝ ընդհուպ մինչև Հայաստանի հավաքականների որակազրկում: Մի՞թե սա է կոնֆլիկտի դուրս եկած կողմերի նպատակը:
 
Այո, զերծ մնալով կողմերից մեկին տեղի ունեցածի մեջ մեղադրելուց՝ այնուամենայնիվ պետք է փաստենք, որ խնդիրը միայն ու միայն պետք է կարգավորվի բանակցությունների արդյունքում: Կրկին պետք է նշել, որ այս պահին ամենավտանգավորը նոր ֆեդերացիայի ստեղծումն է: Նշենք նաև, որ խնդրի կարգավորման գլխավոր պատասխանատուներն են Արթուր Գևորգյանը և Գագիկ Ծառուկյանը: Այսօր Գևորգյանը հայտարարել է, որ մտադիր է առաջադրվել ՀԱՕԿ նախագահի պաշտոնում. «Եթե ես նախկինում տարակուսում էի ՀԱՕԿ նախագահի պաշտոնում 2020 թվականին իմ թեկնածությունը դնելու հարցում, ապա այսօր հայտարարում եմ, որ ես դնելու եմ թեկնածությունը ՀԱՕԿ նախագահի պաշտոնում»:
 
Այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ Գևորգյանը մտադիր չէ զիջել դիրքերը: Ավելին, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ ի դեմս Գևորգյանի, մարտական է տրամադրված: Փոխզիջումների գնալուն կարծես հակված չէ նաև Ծառուկյանը: Մարզաձևով սրտացավ մարդկանց մնում է հորդորել անհապաղ միջոցներ ձեռնարկել կոնֆիլկտը հարթելու համար, ինչը կնպաստի մարզաձևի աշխատանքների բնականոն ընթացքին: Ամենևին ցանկալի չի լինի, որ խնդրին ստիպված լինեն միջամտել միջազգային կառույցները:
 
Հեղինակ՝ Դավիթ Ջալալյան