Ազգային ժողովում այսօր շարունակվեց  ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի հերթական նիստը, որի մեկնարկից անմիջապես հետո նիստը վարող ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը ներկա պատգամավորներին առաջարկեց ըստ կանոնադրության որոշել, թե ընդդիմադիր խմբակցությունից ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։
 
 Գևորգ Կոստանյանը, ցիտելով  կանոնադրությունը, շեշտեց, որ թեկնածուն պետք է անպայման լինի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունից։ «Մենք պետք է իմանանք, օրինակ,  «Ելք» կամ «Ծառուկյան» խմբակցությունն ընդդիմությո՞ւն է, թե՝ ոչ, որ հասկանանք՝ ում թեկնածությունն են առաջադրում։ Ժողովու՛րդ ո՞վ ա ընդդիմությունը»,- ասաց Կոստանյանը՝ ներկա պատգամավորներից պահանջելով կողմնորոշվել այս հարցում։
 
 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նկատեց, որ ՀՀ-ում դասական իմաստով ստեղծվել է մի իրավիճակ, որ խորհրդարանում չկա դասական ընդդիմություն, ուստի առաջարկեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալն առաջադրվի կամ ԱԺ ՀՅԴ, կամ «Ելք» խմբակցություններից։
 
 Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՀՅԴ-ական թեկնածու առաջադրելու Պետրոսյանի առաջարկը պաշտպանեց նաև նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։