Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel Zafira-ն ու Volkswagen Jetta-ն. կա 1 զոհ, 5 վիրավոր. Ժամանել են Կոտայքի մարզպետը, մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. 
 
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում Volkswagen Passat մակնիշի 20 ՕՏ 724 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 CS 623 համարանիշի ավտոմեքենաները։
 
 
 
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
 
 
 
 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ը բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորում։ 
 
 

 
 Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

 
 
 Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ։
 
 Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։
 
 Այս պահին վթարի վայրում զննություն են կատարում նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Սոս Սեդրակյանի և Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։
 
 Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննչական բաժնի ավագ քննիչ Վիգեն Մարգարյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
 
 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 
 
 
 Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի գյուղապետը, իսկ մահացածը նրա աներձագի կինն է եղել։
 
 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: